«Որեւէ պաշտոնական հանդիպում կամ քննարկում դեռ չի եղել, համենայնդեպս, ես տեղյակ չեմ»,-Aravot.am-ի հարցին՝ ՀՀԿ-ում եր՞բ են պատրաստվում քննարկել ստեղծված իրավիճակը՝ տարբեր առիթներով շարունակվող բողոքի ակցիաները, եւ լուծումներ գտնել, ասաց արձակուրդից նոր վերադարձած ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Մեր զրուցակցի անձնական կարծիքն այն է, որ «առողջ տրամաբանության համաձայն», քաղաքապետի երկրորդ որոշումից հետո՝ առանձին սոցիալական խավերի նկատմամբ քննարկումներ իրականացնել եւ լուծումներ գտնել, բողոքի ակցիայի մասնակիցները պետք է ուժերը կենտրոնացնեին այդ խնդիրների վրա: Մինչդեռ նրանց անտարբերությունը քաղաքապետի այդ քայլի նկատմամբ, ավելին, հրաժարականների եւ այլ պահանջների առաջադրումը, Մկրտիչ Մինասյանին հուշում են, որ դրանք «քաղաքական ակցիաներ են՝ հասարակականի անվան տակ»:
Հակադարձելով մեր դիտարկմանը, պարոն Մինասյանն ասաց, որ դժվարանում է այս իրավիճակը նախահեղափոխական անվանել. «Իմ կարծիքով, դա ընդամենը մի խումբ մարդկանց անբավարարվածության կամ որոշ թեւերից ստացած հրահանգի դրսեւորում է»:
Թե ո՞ր խումբ մարդկանց եւ ո՞ր քաղաքական նպատակները նկատի ունեն ՀՀԿ-ականները, ովքեր նման բնութագիր են տալիս այս ակցիաներին, Մկրտիչ Մինասյանն ընդամենն ասաց. «Այն խումբ մարդիկ, ովքեր ամեն ինչի մեջ միայն վատն են տեսնում եւ որեւէ կոնկրետ առաջարկներ, ծրագրեր ու հայեցակարգեր չեն ներկայացնում զարգացման ուղղության: Թե անձնապես ովքեր են նրանք՝ դա էական չէ»:
Կարդացեք նաև
Մեր պնդումներին՝ հատկապես ո՞ր քաղաքական ուժն են ներկայացնում այդ մարդիկ՝ ՀՅ՞Դ, ՀԱ՞Կ, «Ժառանգությո՞ւն» , թե այլ, մեր զրուցակիցն ասաց. «Եվ ՀՅԴ-ի հետ ենք մենք աշխատել եւ բոլորս էլ գիտենք նրանց կարողությունները, հնարավորությունները, առաջարկները, եւ ՀԱԿ-ի ժամանակ ենք մենք եղել, այնպես որ, այդ կուսակցություններն ու կազմակերպությունները միատարր չեն. էնտեղ եւ մյուս տեղերում կան եւ ծայրահեղականներ, եւ առողջ բանականության տեր, պրագմատիկ մտածող մարդիկ: Ես չեմ կարող որեւէ կուսակցության կամ կազմակերպության վերագրել, այն, ինչը ես ասացի: Դրանք տեսակներ են, որոնք կարող են լինել ցանկացած կուսակցության մեջ»:
Հետաքրքրվեցինք՝ իշխող ՀՀԿ-ին չի՞ անհանգստացնում այս շարունակական լարվածությունը: «Ցանկացած շարունակական լարված իրավիճակ, առավել եւս ուժի համար, որը պատասխանատու է երկրի այսօրվա եւ վաղվա համար, չի կարող չանհանգստացնել»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով, որ առաջիկայում կուսակցության ղեկավար մարմինները կքննարկեն մեր երկրի առջեւ ծառացած բոլոր խնդիրները եւ կփորձեն գտնել ուղիները, որոնք հնարավորություն կտան շտկել այ վիճակը. «Խնդիրներն այս ուղղությամբ պետք է քննարկենք եւ ոչ թե առանձին մարդկանց ցանկություններին հագուրդ տալու ուղղությամբ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ