Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այսօր մեր երիտասարդության մեջ մի բան կա, որ չեմ հավանում». Երիտասարդների եւ երիտասարդության մասին

Օգոստոս 12,2013 17:26

Պետք է խուսափենք, որ ծերությունն  ավելի շատ կնճիռներ չթողնի մեր հոգիներում, քան դեմքի վրա:

Տիկին Արաքսը  74 տարեկան է , կնճիռներն էլ անհամեմատ շատ են քարտեզել նրա դիմագծերը, բայց երբ խոսում է երիտասարդության  մասին, նրա աչքերը յուրօրինակ փայլով են լցվում. «Ես չհասցրեցի ծերանալ, չնայած արդեն 42 տարեկանում տատիկ էի: Կամ գուցե տարիները հասցրեցին իրենցը անել, բայց մեկ է, հոգով 17 տարեկան եմ, թողնեք, ծառ էլ կբարձրանամ,- ասում է նա, ծիծաղում և ավելացնում,- ես կատակ չեմ անում, այսօրվա ջահելության մեջ մի տեսակ կրակը քիչ է, իրենց տարիքին ես ամուսնացել, տուն, տեղ ունեի, իսկ իրենք դատարկ բաների հետևից են վազում»:
Արաքս տատը, երբ իմացավ, որ այսօր համաշխարհային օրացույցում նշում են երիտասարդության միջազգային օրը, մի տեսակ շփոթվեց ու ասաց.
«Ծերությունն իրենը ասում է, կներեք, բայց  պետք է շտապեմ շնորհավորել թոռներիս, թե չէ կուշանամ»:
«Մինչև չկորցնես երիտասարդությունդ, չես հասկանա՝ ի՞նչ բան էր դա,- ասում է մասնագիտությամբ գրադարանավարուհի 23-ամյա Լիլիթը,- մեզ մոտ ընթերցասրահում հիմնականում ծերուկներ են գալիս գիրք ընթերցելու, միշտ մտածում եմ՝ երևի գրքերի թեթերի արանքում փորձում են թաքցնել իրենց ծերությունն ու խորասուզվելով մտքերի մեջ՝ մտովի վերադառնում են դեպի երիտասարդ տարիները»:
Լիլիթը ևս տեղյակ չէր տոնի մասին, բայց իմանալով, որ օգոստոսի 12 նշվում է, որպես երիտասարդության  օր ասաց.
«Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր երիտասարդ գնահատի իր յուրաքանչյուր օրն ու վայրկյանը և  չթողնի, որ այն հեռանա իրենից: Մենք լավ երիտասարդություն ունենք, մնում է՝ պահպանենք այն»:
Պահպանողական հայ պապիկներին աշխարհի որ ծայրում էլ լինես, չես կարող չնկատել: Աշոտ պապը տոնի մասին տեղյակ էր, թոռներն էին հասցրել առավոտյան շնորհավորել:
«Թոռներս առավոտյան ինձ շնորհավորեցին, սկզբում անակնկալի եկա, հետո բացատրեցին՝ ինչն ինչոց է: 70 տարեկան եմ, բայց սա իմ տոնն էլ է, եթե թոռներս շնորհավորել են, ուրեմն երիտասարդությունս դեռ չեմ կորցրել,- ասում է Աշոտ պապը և ավելացնում,- այսօր մեր երիտասարդության մեջ մի բան կա, որ չեմ հավանում, շատ են բաց ու ազատ, հասկանում եմ, Եվրոպան Եվրոպա, բայց մենք հայ ենք, հայ աղջիկը իր տեսակը չպետք է կորցնի, իսկ այգիներում մի տեսակ գնալով վերանում է իսկական հայ աղջկա տեսակը: Բոլորին առողջություն եմ մաղթում, բայց ուզում եմ, որ դրա վրա ուշադրություն դարձնեն»:

Հիշեցնենք, որ Երիտասարդության միջազգային օրը առաջին անգամ նշվել է 2000թ-ի օգոստոսի 12-ին՝  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ: Օգոստոսի 12-ը՝ Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ, ընդունվել է որպես Երիտասարդության միջազգային օր:

Օվսաննա Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031