«Դժվար է կռահել ավտորիտար համակարգերում նման մարմնի մոտիվացիաները, թե ի՞նչ մոծակ է խայթել նրանց, ի՞նչ երազ են տեսել, ինչ ասես հնարավոր է սրանց մոտ: Կամ, գուցե հիմնավորման մեջ են՝ Եվրոպայի արժեքներին կպնելը եւ այլն, կամ ուզել են հավասարակշռել իրավիճակը, քանի որ ԱԳ նախարարությունը զբաղվում է ասոցացման համաձայնագրով: Երեւի թե Ռուսաստանի ճնշումներին ոստիկանության բերանով ուզել են ասել՝ ապեր քո հետ ենք, մենք քեզ սիրում ենք սիրելի Ռուսաստան: Ինչ որ հավասարակշռություն են փորձել սահմանել: Բայց որ այն բացարձակ անհեթեթության, աբսուրդի, թատրոնի աշխարհից բերված նախագիծ էր՝ փաստ է»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ոստիկանության կողմից շրջանառության մեջ դրված ու հանած օրինագծին, որով առաջարկվում էր տուգանել ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչություն իրականացնողներին, ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:
Բարսեղյանի խոսքով՝ ավանդական սեռական հարաբերությունների քարոզ, ըստ երեւույթին, կարելի է, տուգանքի բան չի, բայց նրան մի հարց է անչափ հետաքրքրում՝ «Տեսնես այս նախագիծն ո՞վ է գրել, ամուսնացա՞ծ է, թե՞ ոչ, տունը ի՞նչ է պահում, ի՞նչ կրթություն ունի եւ այլն»:
Բարսեղյանի խոսքով՝ անհեթեթ էր հատկապես տուգանքի չափերի հետ կապված հատվածը, ըստ նախագծի նշվում է, որ քաղաքացիների դեպքում այդ տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչեւ հարյուրապատիկը, պաշտոնատար անձանց պարագայում՝ մինչեւ հարյուրհիսունապատիկը, իսկ իրավաբանական անձանց՝ երկուհարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրհիսունապատիկը. «Սա նույնն է, որ ասում են՝ երկու կոկորդիլոս են երկնքում թռչում, մեկը՝ հյուսիս, մյուսը՝ կանաչ: Ես ոչ մի կերպ չեմ կարող մեկնաբանել Վովայի գրասենյակի այդ տեսակ նախաձեռնությունները՝ անհասկանալի է: Ֆեյսբուքում էլ սա բավականին քննարկվեց, ու մարդ կար՝ գրում էր ավանդականը որն է, տղամարդը վերեւի՞ց, թե կինը…»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ