Կառավարության շենքի առջեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին սպասող ուսանողները վստահեցնում էին, որ «ամեն ինչ անելու ենք, որ նա իջնի»: Մեր հարցին, թե կոնկրետ ի՞նչ քայլերի են պատրաստվում դիմել, ի՞նչ են անելու՝ ուսանողները վստահեցնում էին՝ ամեն ինչ:
Ուսանողի ծնողներից մեկը՝ Ռուբեն Մկրտչյանը (լուսանկարում) շատ զայրացած էր: Նրա խոսքերով՝ «Մեր խելոք երեխեքը 58 միավորով ընդունվում են, իսկ իրենց «պապայի բալաները» պահված ձրի տեղերն են ընդունվում: Մենք թոշակառու, հաշմանդամ, չաշխատող, որտեղի՞ց մեզ այդ 100-150 հազար դրամը, որ նորից վճարն ավելացնում են: Որտեղի՞ց վճարեն: Թե՞ նրանց չի հետաքրքրում դա, նրանց փողի քսակներն են հետաքրքրում: Ես թոշակառու եմ, հաշմանդամ, իմ երեխեն որտեղի՞ց պիտի սովորի: Այսօր էլ բանակ է գնացել, ո՞ւմ համար է ծառայում՝ դրանց նմանների համա՞ր: Թող պատասխան տան: Եթե մարդկանց տանում են բանակ, եթե ուզում են, որ խելացի երեխեք ունենան, այս երեխեքին պիտի ընդունեն, որ այս երեխեքն արտոնություններ ունենան, ոչ թե բարերում, կազինոներում նստած լակոտները պապաների հաշվին ինստիտուտ ավարտեն, սկի չեն էլ գնում դասի: Թող իջնի: Ինչի՞ չի իջնում երեխեքի նամակը վերցնի: Ինչի՞ պիտի նամակն անցագրային բյուրո տանք: Թող մի անգամ իջնի՝ տեսնենք: Հերիք է անտեսի ժողովրդին»:
Բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Հարություն Մկրտչյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ բուհերից ճնշումներ կան ուսանողների վրա. «Հայաստանում ենք ապրում, այդ ճնշումներից խուսափելն ուղղակի անհնար է: Ուսանողները պետք է տուրք չտան այդ ճնշումներին, պայքարեն մինչեւ վերջ, որովհետեւ այդ որոշումն ապօրինի է: Մենք դուրս ենք եկել արդարացի պահանջով՝ մեր ծնողների՝ հալալ քրտինքով աշխատած գումարի համար, որը պատրաստվում են ինչ-որ սալիկապատումների, եվրոլուսամուտների, դռների վրա մսխել»:
Նա վստահեցրեց, որ եթե վարչապետը միջամտի, ասի ԿԳ նախարարին, վերջինս կրթության վարձավճարները կիջեցնի: Մեր դիտարկմանը, որ ԿԳ նախարարն ասում է՝ ռեկտորների խորհուրդն է դա որոշում՝ ցույցի կազմակերպիչը պատասխանեց. «Ինչ է, Հայաստանում ԿԳ նախարարն այդքան թույլ մա՞րդ է ռեկտորների դեմ»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է այն խոստումներին, որ ուսման վարձերի թանկացումից հետո դասախոսների աշխատավարձն են բարձրացնելու, կրթության որակն է բարձրանալու՝ ուսանողներն իրենց պահանջների մեջ ընդգրկել են նաեւ դասախոսների աշխատավարձի բարձրացումը, բայց՝ ոչ ուսանողների հաշվին. «Պետք է զգալի բարձրացնեն, գոնե թույլ չտան մեր կիրթ դասախոսին, պրոֆեսորին, որն աղքատավարձ է ստանում, արտագաղթեն»:
Ըստ նրանց, բուհերում ուռճացված ծախսեր են արվում. «Շատ ծախսեր կարող են կրճատել՝ սալիկապատում, երեսպատում, համալսարաններում կա կադրերի ուռճացվածություն, կադրեր կան, որ համալսարանին պետք չեն»:
Հարություն Մկրտչյանը կոչ արեց Վերահսկիչ պալատի նախագահին, որ ուսումնասիրություններ սկսի նաեւ բուհերում եւ պարզի, թե բուհի բյուջեն ինչպես է ծախսվում, մի պատուհանի վրա ինչքան գումար են հատկացնում. «Մենք իրեն կօգնենք ինչ-որ հաշվարկների մեջ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ