Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարության ներկայացուցիչ. «Ակտիվիստներին չի ասվել, որ Արմեն Աշոտյանն իջնելու է իրենց մոտ»

Օգոստոս 12,2013 16:29

«Կլոր սեղանի շուրջ նստելու՝ նախարարության առաջարկը ակտիվիստները համարեցին անընդունելի, նրանք պնդեցին, որ չեն ուզում բարձրանալ նախարարի կաբինետ և առաջարկում են, որ նախարարը իջնի իրենց մոտ»,-Aravot.am-ի հարցին՝ ի վերջո ԿԳՆ-ի առջև հավաքված ակտիվիստ երիտասարդների պահանջին, որոնք դժգոհում էին ուսման վարձերի թանկացման դեմ, ինչպիսի՞ պարզաբանում է տրվել ԿԳՆ-ի կողմից, այսպես պատասխանեց ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացուցիչ Կարինե Մանուկյանը, ով այսօր հանդիպել է ակտիվիստներին:

Նշենք, որ որ այսօր ԿԳՆ-ի մոտ հավաքվել էին ուսանող ակտիվիստները, ովքեր ընդվզում են ուսման վարձերի թանկացման դեմ:

Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ բուհերում այս ուսումնական տարվանից ուսման վարձերը 80-200 հազար դրամով բարձրացվելու են:

Կարինե Մանուկյանը Aravot.am-ին հայտնեց, որ այսօր ԿԳՆ-ի մոտ հավաքված  ակտիվիստներին տեղեկացվել է, թե նախարարը պատրաստակամ է լսել իրենց բոլոր առաջարկությունները, քննարկել, եթե իհարկե իրենցից մինչև տասը հոգանոց խումբ կազմվի, ովքեր կներկայացնեն իրենց հիմնական պահանջները: Մինչդեռ ակտիվիստները չեն համաձայնել:

Կարինե Մանուկյանը մանրամասնեց. «Նրանք ցանկանում էին որևէ հանրային վայրում, Մաշտոցի պուրակում, կամ նախարարության հարակից տարածքում հանդիպել: Ակտիվիստներն առաջարկեցին, օրինակ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը՝ նշելով, որ այնտեղ իրենք կտեղավորվեն, թեև այսօր այնքան էլ մեծաթիվ չէին: Ամեն դեպքում նախարարն իր ներկայացուցչի միջոցով տեղեկացրել է, որ ինքը պատրաստ է ընդունել ակտիվիստներին և առաջիկա շաբաթվա ընթացքում քննարկում կազմակերպել, որ հասկանալի լինի՝ ինչ են պահանջում և ինչ է հնարավոր անել: Սակայն ի վերջո ակտիվիստներն ընդհանուր հայտարարի չեկան, քանի որ պնդում էին, թե չեն ուզում բարձրանալ նախարարի մոտ»:

Մեր դիտարկմանը, թե սոցցանցերում լուրեր են պտտվում, որ վաղը ժամը 12-ին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդիպելու է ակտիվիստներին, Կարինե Մանուկյանն այսպես պատասխանեց. «Ակտիվիստները տեղում հայտարարեցին, թե վաղը 12-ին  գալու են նախարարության մոտ, և առաջարկում են՝ նախարարն իջնի: Բայց նման բան չի ասվել ակտիվիստներին, որ նախարարն իջնելու է: Նրանց ասվել է, որ նախարարը շաբաթվա ընթացքում պատրաստ է հանդիպել ակտիվիստներին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Տեսանյութը՝ «Առաջին լրատվականի»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031