Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը Բաքու կժամանի առանցքային նախարարների ուղեկցությամբ

Օգոստոս 12,2013 16:22

«Ազատություն» ռադիոկայան. Վլադիմիր Պուտինը Բաքու կժամանի վաղը կեսօրին՝ Ռուսաստանի կառավարության միանգամից վեց նախարարների, այդ թվում՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի ուղեկցությամբ:

Պուտինին աշխատանքային այս այցի շրջանակներում կուղեկցեն նաև ռուսական զենքի վաճառքի մենաշնորհային իրավունքներով օժտված  “РосОборонЭкспорт” կոնցեռնի ղեկավար Անատոլի Իսայկինը, ինչպես նաև էներգետիկայի, տնտեսական զարգացման, արտակարգ իրավիճակների նախարարները:

Բանակցությունների ընթացքում կողմերը լրջորեն քննարկելու են նաև էներգետիկ համագործակցության խորացման հարցը: Ուստի պատահական չէ, որ Վլադիմիր Պուտինի ղեկավարած պատվիրակության կազմում են ռուսաստանյան երկու ամենախոշոր նավթային ընկերությունների` “Роснефть”-ի և LUKOIL-ի նախագահները` Իգոր Սեչինն ու Վագիթ Ալեքփերովը:

Մոսկվացի լրագրողների հետ զրույցում Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը այսօր նշել է. – «Ռուսական պատվիրակության կազմն արդեն իսկ վկայում է, որ գործնականում քննարկվելու է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի ողջ սպեկտրը»:

Ուշակովի տեղեկություններով՝ ռուս – ադրբեջանական բանակցությունների ավարտին մի շարք երկկողմ համաձայնագրեր կստորագրվեն տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում, իսկ երկու երկրների արտակարգ իրավիճակների նախարարությունները համաձայնագիր կստորագրեն՝ նվիրված համագործակցության համալիր միջոցառումների իրականացմանը:

Ուշակովի խոսքով՝ Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը բանակցությունների ժամանակ քննարկելու են տարածաշրջանային և միջազգային քաղաքականության առանցքային թեմաները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումն ու Կասպից ծովի կարգավիճակի հստակեցումը:

Ի դեպ, լրատվամիջոցներում նախապես տեղեկություններ էին հայտնվել, որոնց համաձայն՝ Պուտինը տասնյակ պաշտոնյաների, գործարարների ու լրագրողների ուղեկցությամբ Բաքու կժամանի Աստրախանից` ծովային ուղով: Այդ նույն տեղեկությունների համաձայն՝ Պուտինը պետք է Բաքու ժամաներ Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպիական նավատորմիղի կազմում ընդգրկված «Դաղստան» ռազմանավով: Այսօր սակայն՝ այցի նախօրեին, ռուսական պաշտոնական աղբյուրները Կրեմլի ղեկավարի ծովային այցելության մասին դեռևս որևէ տեղեկություն չեն հաղորդում, նշելով միայն, որ նախագահի այցը համընկնում է «Դաղստան» և «Վոլգոդոնսկ» ռազմավանավերի Ադրբեջան բարեկամական այցին: «Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը այցի շրջանակներում կայցելեն այդ ռազմանավեր», – տեղեկացնում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը:

Ի դեպ, ռուս – ադրբեջանական բանակցությունների հիմնական մասն ընթանալու է ոչ թե ադրբեջանական մայրաքաղաքում, այլ Բաքվից 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գաբալա հանգստավայրում: «Այստեղ բարձրաստիճան հյուրերի համար հատուկ ընդունելությունների տուն է կառուցվել, որտեղ էլ կընթանան նախագահների բանակցությունները», – հաղորդում է «Թուրան» գործակալությունը:

Չնայած բանակցությունների վայրի ընտրությանը` Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի ճակատագիրը նախագահների բանակցության օրակարգում ընդգրկված չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031