«Անտարես» հոլդինգի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը Aravot.am-ին նոր մանրամասներ պատմեց երկու օր առաջ Թուրքիայում իրենց ոստիկանություն բերման ենթարկելու վերաբերյալ: Իրեն եւ Հայաստանի եւս 3 քաղաքացիների, ոստիկանություն են տարել Վան քաղաքը տեսանկարահանելու եւ լուսանկարելու համար:
«Անցած տարի, գիտեինք` Վանում երկրաշարժ էր եղել եւ երբ տեսանք այդ տարածքում դատարկ դոմիկները, զարմացանք, թե ինչ կարճ ժամանակահատվածում Թուրքիան կարողացել է վերաբնակեցնել անտուն մնացած քաղաքացիներին: Ուզեցինք նկարել, նորակառույց բնակարանները եւ մեզ թվաց, թե այն ինչ նկարում ենք, նորակառույց բնակարաններ են, պարզվեց մի ամիս առաջ ներկած շենքեր են: Հենց Մհեր Արշակյանը նկարում էր, մի կարմիր մեքենա եկավ, միջից դուրս եկավ մի տղամարդ, ցույց տվեց ոստիկանի վկայականը, հրահանգեց չշարժվել, ու հարցրեց ինչի ենք նկարում: Մենք էլ ասացինք, որ դուք ընդամենը մի քանի ամսում վերականգնել եք աղետի գոտին, մենք էլ ուզում էինք ցույց տալ, որ մեր մոտ Գյումրիում 25 տարվա ընթացքում վերականգնումը չի կատարվում: Ոստիկանը անմիջապես զանգահարեց ոստիկանություն, կես ժամ անց եկան ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտից` մի մեքենա-խցով, որով երեւի ահաբեկիչների են տեղափոխում եւ մեզ ահաբեկիչների տեղ դրած, խուզարկեցին: Հետո էլի ինչ-որ մարդիկ եկան ոստիկանությունից, զինվորական ոստիկանությունից: Մեզ տարան ժանդարմերիա: Մինչեւ այնտեղ տանելը, չգիտեինք` ինչ է լինելու, արդյոք մեզ խուզարկում են, այդ ընթացքում ինչ որ բան մեր պայուսակներում կա՞ հայտնված: Վախի մթնոլորտ էր ու չգիտեինք ինչ է լինելու ու ինչի համար են խուզարկում, որովհետեւ ոչ մի տեղ արգելված չէր լուսանկարելն ու տեսանկարահանելը»,- պատմեց պարոն Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով, մեքենաների վրա միայն կարողանում էին կարդալ տեռորիստ բառը, իսկ արդեն ժանդարմերիայում, աչքներով` գերի բառն է ընկել. « Տեսանք ձերբակալված տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Մեզ ասացին, որ ձերբակալված չենք, այլ ստուգումներ են կատարում: Այնպես չէ, որ ժանդարմերիայում մեզ նեղացրել են, բացի 4 ժամ արեւի տակ սպասելուց եւ մի շարք խուզարկություններից: Այդտեղ մեզնից վերցրին մեր բջջային հեռախոսները, համակարգիչը, Ipad-ները , անձնագրերը, ամեն ինչ: Բայց վերաբերմունքը մեր նկատմամբ եղել է հարգալից, մեզ թեյ են հյուրասիրել, անընդհատ մեզ հետ զրուցում էին, տարբեր հարցեր տալիս, նաեւ հարցեր, որոնք կապ չունեին խնդրի հետ: Օրինակ հարցնում էին` ոստիկանը Հայաստանում ինչքան աշխատավարձ է ստանում: Մեր ընկերներին հարցրել էին` ձեր աշխատավարձն ինչքան է: Ինձ նման հարցեր չեն տվել, ես պատմում էի Էրեբունի թանգարանի մասին, ուրարտական շրջանի մասին, ինձ հետ պատմական հարցեր էին քննարկում կամ հարցնում էին` ինչ է Անտարեսը, ինչ գրքեր եմ հրատարակում»:
Պարոն Մարտիրոսյանն ասաց, որ հետո, ըստ կարգի, իրենց տեղափոխել են հիվանդանոց` բժշկական զննություն անցնելու, որ հաստատվի արդյոք իրենց մարմնական վնասվածքներ այդ ընթացքում չե՞ն հասցրել: Իսկ ճանապարհին էլ, երբ ՀՀ քաղաքացիները պահանջել են անձնագրերը, պարզվել է, որ ոստիկանները դրանք մոռացել են ժանդարմերիայում: Ավելի ուշ անձնագրերն ու խուզարկության վերցված նրանց իրերը անվնաս վերադարձվել է, ոստիկաններն էլ տարել են Վան` թույլատրելով նկարահանում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ասում եմ մեր ոստիկաններին չուղարկենք Թուրքիա վերապատրաստման? Մի քիչ քաղաքակրթվեն, մարդկանց հետ վարվելու ձև սովորեն…