Այսօր՝ օգոստոսի 12-ին, ամբողջ աշխարհում նշվում է Երիտասարդների համաշխարհային օրը: Այս տարի այն անցնում է «Երիտասարդների միգրացիա. առաջ մղելով զարգացում» կարգախոսի ներքո:
«Ես միշտ եմ երազել ուսումս շարունակել Անգլիայում, – ասում է 22-ամյա Անին, ով ավարտել է Վ. Բրուսովի անվան լեզվաբանական համալսարանը – այստեղ ես չեմ կարող լիարժեք ուսում ստանալ ու գտնել լավ աշխատանք, ուստի մտադիր եմ սովորել Անգլիայում»:
Իսկ 19-ամյա Ռուզաննան համոզված է՝ չի կարող լքել հայրենիքը երկար ժամանակով. «Միգուցե մեկնեմ երկրից՝ որակյալ կրթություն ստանալու համար, բայց հետո անխոս կվերադառնամ, որպեսզի գիտելիքներս կիրառեմ հենց այստեղ, – ասում է նա, – չէ՞ որ ընտանիքս, հարազատներս ու ընկերներս, բոլորն այստեղ են»:
Կարդացեք նաև
«Եթե բոլորս հերթով լքենք երկիրը, Հայաստանում էլ հայ չի մնա, – ասում է 25-ամյա Արմենը, – ես ցավով եմ նշում, որ շատ քչերին է հետաքրքրում դա, նրանք չեն էլ փորձում որևէ բան ստեղծեն իրենց երկրում՝ կարծելով, թե այլ երկրում ավելի մեծ դռներ կբացվեն իրենց առջև, բայց եթե դու հայ ես, պետք է ապրես Հայաստանում, եթե ռուս ես՝ Ռուսաստանում, հայրենիքին լքելը ոչ այլ ինչ է, քան ազգի դավաճանություն»:
Երիտասարդների միգրացիայի մասին էր նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակի համատեղ ասուլիսը՝ նվիրված Երիտասարդության համաշխարհային օրվան: Բանախոսները՝ ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյան և ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի արտաքին կապերի և հասարակական տեղեկատվության համակարգող Անահիտ Հայրապետյանը, անդրադարձան Հայաստանում և ընդհանրապես աշխարհում երիտասարդների միգրացիային, ինչպես նաև՝ փախստական երիտասարդներին առնչվող խնդիրներին:
«Պարզ է, որ միգրացիան վտանգներ է պարունակում թե՛ մեր երկրի, թե՛ հատկապես երիտասարդ մինգրատների համար՝ Հայաստանից տանելով ակտիվ երիտասարդների ու երբեմն նաև նրանց կանգնեցնելով խտրականության և շահագործման ռիսկի առջև», – ասաց Գարիկ Հայրապետյանը ու ներկայացրեց ՄԱԿ-ի սոցիալ-տնտեսական հարցերի վարչության ազգաբնակչության բաժնի տվյալները, համաձայն որոնց, աշխարհում կա 15-ից 24 տարեկան մոտ 27 միլիոն միգրանտ, ինչը կազմում է աշխարհի 214 միգրանտների մոտ մեկ ութերորդը:
Անահիտ Հայրապետյանն էլ նշեց, որ պետք է անել հնարավոր ամեն ինչ հասարակությունում միգրանտներին ինտեգրելու համար. «Այստեղ մեծ է նաև տեղացի երիտասարդների դերը, բայց փախստական երիտասարդների ակտիվ գործունեությունն այս հարցում էլ ավելի մեծ արդյունքի կհանգեցնի, – ասաց տիկին Հայրապետյանն ու մեջբերեց Էյնշտեյնի խոսքը,- իրերի կապոցը միակ բանը չէ, որ փախստականը բերում է իր հետ նոր երկիր»:
Տիգրանուհի Թասլակյան