Դեռեւս կազմավորման փուլում գտնվող բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականի խաղացողները` հիմնականում ԱՄՆ-ում բնակվողները, որոնք այսօր մեկնում են Երեւանից, երեկ երեկոյան մեր հավաքականի հիմնական աջակիցներից մեկի` Թոմիկ Ալեքսանյանի, երեւանյան բնակարանում հանդիպեցին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի հետ:
Բասկետբոլիստների կողմից հավաքականի գլխավոր մարզիչ Կարլ Բարդակյանը թիվ 1 համարով մարզաշապիկ նվիրեց նախարարին: Վերջինն էլ խոստացավ, որ սպորտի պետական կառույցը հնարավորությունների սահմաններում կաջակցի հավաքականին: Յուրի Վարդանյանը տեղեկացրեց, որ օրերս Մոսկվայում հանդիպել է ՌԴ իր գործընկերոջ հետ եւ սպորտի բնագավառում համագործակցությունը զարգացնելու պայմանավորվածություններ ձեռք բերել: Եվ եթե տղաները պատշաճ խաղամակարդակ ցուցադրեն, հնարավոր է՝ նաեւ Ռուսաստանի բասկետբոլիստների հետ համատեղ ուսումնամարզական հավաքներ կազմակերպել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ