Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետը գյուղապետերին հավաքել է Շիրակի մարզպետի ծննդավայրում

Օգոստոս 12,2013 15:09

Ինչպես տեղեկացրել ենք, անցած շաբաթ՝ հուլիսի 31-ին Շիրակի մարզ էր այցելել ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը` լրագրողներից գաղտնի պահելով այցի նպատակը:

Անիի տարածաշրջանի որոշ գյուղապետերի պնդմամբ, փոխավարչապետը եկել էր Շիրակի մարզի համայնքների խոշորացման հարցը մեկ անգամ ևս առաջ քաշելու, այլ կերպ ասած՝ կառավարության համար բավական ձեռնտու այս ծրագիրը արագ իրագործելու: Մի քանի գյուղեր միավորելով` աղքատության մեջ հայտնված կառավարությունը բավական գումարներ կխնայի վարչական աշխատակիցների, ինչպես նաև պետական դոտացիան կրճատելու հաշվին: Սակայն, սա բնականաբար ձեռնտու չի լինի միավորվող գյուղերի գյուղացիների համար, ովքեր ամեն մի հասարակ հարցի, օրինակ` ասենք, տեղեկանք վերցնելու համար պիտի մեկնեն հարևան գյուղապետարան:

Ինչևէ, փոխվարչապետի այցի նպատակը փորձեցինք ճշտել մարզպետարանի մեր աղբյուրներից, որոնք տեղեկացրեցին, որ նա եկել էր ոչ թե համայնքների խոշորացման ծրագիրը քննարկելու, այլ Անիի տարածաշրջանի գյուղապետերի հետ հանդիպելու: Նա գյուղապետերի մի խմբին հավաքել է Անի- Պեմզա գյուղում, մյուս խմբին` Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ծննդավայրում` Ջրափիում: Փոխվարչապետը գյուղապետերի հետ քննարկել է գյուղերի հրատապ հիմնախնդիրները, այնտեղ տիրող իրավիճակը, խմելու ջրի խնդիրը, հետաքրքրվել է բերքահավաքի ընթացքով:

Ընդունել է նաև բնակիչներին ու լսել է նրանց: Արմեն Գևորգյանը համայնք առ համայնք վերլուծել է բյուջեի կատարողականները, հորդորել, կամ որ ավելի ճիշտ է , պահանջել է ապահովել բարձր կատարողական:Թեև, ըստ մարզպետարանի մեր աղբյուրների, Անիի տարածաշրջանի գյուղերում արդեն իսկ սկսվել է նորմալ հարկահավաքությունը:

Քննարկվել է նաև Ջրափիի ոռոգման ջրի հարցը:Այս գյուղը 10 հազար խորանարդ մետր տարողությամբ ջրամբար ունի, առաջարկվել է այն վերանորոգել, որպեսզի ջուր մատակարարվի շրջակա արոտավայրերին: Մի խոսքով, փոխվարչապետի այցի նպատակը եղել է ոչ պակաս կարևոր, քան համայնքների խոշորացումն է. նա սկսել է անձամբ տեսնել ու պարտադրել գյուղապետերին, որպեսզի սեփական եկամուտները հավաքագրեն 100 տոկոսով:

Արմեն Գեւորգյանի այցի մասին պաշտոնական հաղորդագրության համաձայն՝  քննարկվել են համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին, սեփական եկամուտների հավաքագրման առաջին կիսամյակի արդյունքներին, տարածաշրջանում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը, գյուղմթերքի իրացմանը վերաբերող հարցեր:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031