Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյան. Վիրահայության հիմնական մարտահրավերը արտագաղթն է

Օգոստոս 12,2013 14:32

«Վրաստանի Հայ Համայնք»ի «Միություն» տեղեկատվական կենտրոնի հարցերին պատասխանում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը:Հատված հարցազրույցից:

Վերջերս ակտիվ քննարկությունների թեմա է այսպես կոչված «վիճելի» եկեղեցիների  վերականգնման հարցը: Հայտնի է նաև  հանձնաժողովի ստեղծման մասին: Ի՞նչն  է պատճառը, կարո՞ղ  եք  ավելի մանրամասն պատմել  տվյալ իրավիճակի մասին: Ինչի՞ շուրջ է աշխատում  հանձնաժողովը, ինչ որոշումներ  են ընդունվել  և ինչ  քայլեր են իրականացված: Միացա՞ծ է արդյոք համայնքը տվյալ աշխատանքներին:

Հետաքրքիր մի բան է փոխվում  վերջին տարիներին, վրացիները և նույնիսկ պատրիարքարանը, գրեթե  հազվադեպ կարող են փորձել ասել  Նորաշենը կամ Սուրբ Նշանը  վրացական են, արդեն իրենք խոսում են ոչ թե  դրանց վիճելիության մասին, այլ  եկեղեցիների փոխանակման մասին, որ Հայաստանի հյուսիսային մասում կան քաղկեդոնիկ եկեղեցիներ, այդ փոխանակման հարցն է, այլևս ոչ ոքի համար Նորաշենը վիճելի չէ, նույնիսկ պետական  բարձր պաշտոնյաները: Մշակույթի նախարարը մի քանի անգամ հավաքների ժամանակ կրկնել է, որ այդ եկեղեցիները հայկական են  և  վիճելու  խնդիր չկա: Հարցը այն է, թե ինչ կերպով պետք է պահպանվի այդ ամենը, որպեսզի ժամանակին վերադարձի հարցը  լուծվի և  ինչպես պետք է  պահպանվեն  քաղկեդոնիկ եկեղեցիները  Հայաստանում և  վրաց եկեղեցուն վերադարձնելու եթե խնդիր առաջանա:

Մեր մոտեցումը հետևյալն է ՝ պետք է առանձնացնենք Հայաստանի Քաղկեդոնիկ եկեղեցիների խնդիրը  Վրաստանի հայկական եկեղեցիների հարցից: Մենք, մեր հայրերը  հազարավոր տարիներ  այստեղ են եղել, ստեղծել են  և մենք պահանջում ենք մեր համայնքի ստեղծած կառույցները: Հայաստանում կամ որևէ  մի երկրում գտնվող  քաղկեդոնիկ վրացական եկեղեցիների հարցը պետք է վրաց եկեղեցին և պետությունը լուծեն պետության հետ, այս դեպքում սա առանձին հարց  է, սա վերաբերվում է վրաց պատրիարքարան-վրաց կառավարություն և Մայր Աթոռ սուրբ Էջմիածնին և Հայաստանի Հանրապետությանը: Սա հստակ է և որ կարևոր է, մեր այս մոտեցումը կիսում է վրաց  հիմնական հասարակությունը, որ այս ամենը չի կարելի իրար հետ շփոթել:

Ստեղծված հանձնաժողովը դեռևս երկու հանդիպում է  ունեցել: Սա եռակողմ հանձնաժողով է, Վրաստանի պատրիարքարան, Մշակույթի նախարարություն և Առաջնորդարան: Մեկ անգամ հանդիպումը եղավ քննարկում  եկեղեցիների պատկանելիության հարցի շուրջ և ոչ ոքի համար  վերջում խնդիր չեղավ, թե ում է պատկանում ինքնին, ուղղակի հենց այդ հանդիպմանը  առաջ էր քաշվում հյուսիսային Հայաստանի քաղկեդոնիկ եկեղեցիների  վերադարձի հարցը: Մյուս հանդիպումը եղավ այցելություն այս եկեղեցիները, Նորաշեն, Սուրբ Նշան, Սուրբ Մինաս, Մուղնեցոց Սուրբ Գևորգ, Ավետարանչաց  և բոլորը տեսան և լրագրողները և մարդիկ,  որ այս ամբողջի մեջ ոչինչ վրացական չկա, արձանագրություններով,  պատկերներով ամբողջությամբ հայկական է: Այս պահի դրությամբ կարևոր է դրանց պահպանումը: Սուրբ Նշանի հիմքերը մի փոքր ամրացվեցին, ներսից ամրաններ դրվեց(փլված սյունի փոխարեն), որ հանկարծ չփլվեր տաճարը, Սուրբ Նորաշենից հանվեց ամբողջ այն գրականությունը, որը ակադեմիային էր պատկանում և կարծես թե սկսում ենք Սուրբ Նշանի ամրացման  աշխատանքները: Այս ամենին ներգրավված է ՀՀ Սփյուռքի նախարարությունը, երկու անգամ ՀՀ Մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանը գտնվել է Վրաստանում  և պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ նախագծային, շինարարական աշխատանքներին  անպայման  կմասնակցեն հայ մասնագետները և այս պահի դրությամբ  գոնե այդ երկու տաճարների պահպանությունը, որի շուրջ ընթանում են բանակցությունները, կարծում եմ, որ աշնան նախագահական ընտրություններից հետո ինչ որ մի բան ավելիով կփոխվի, որովհետև Վրաց պատրիարքարանի հետ երբ շփում ենք ունենում, ոչ անմիջապես պատրիարքի, այլ  ներկայացուցիչների,մենք իրենց մոտ էլ ենք տեսնում փոփոխություն մոտեցման մեջ և կարծում եմ, որ  մեր եկեղեցիների  հարցը  պիտի լուծվի, որպեսզի մենք Վրաց եկեղեցու հետ ուրիշ խնդիր չունենանք:

Վրաց եկեղեցու հետ մենք ունենք մի ուրիշ խնդիր, որը վերամկրտության հարցն է և ես կարծում եմ, որ պետք է մի օր էլ մենք իրենց հետ  ավելի բաց քննարկում ունենաք այս հարցով: Խոսել ենք, բայց արդեն ռեալ քննարկումների խնդիր կա, որ Վրաց եկեղեցին պետք է փոխի իր կերպը այս հարցի հետ կապված:

Վրաստանի հայությունը միշտ շատ ուշադիր է եղել այս խնդիրներին և իրավաբանական կազմակերպությունները և ֆիզիկական անձիք, բայց եկեղեցիների պահպանության և նրանց վերադարձի հարցի այս փուլի հարցերում ես կարծում եմ շատ պետք չի, որ մեծ մասսաներ մասնակցեն, որովհետև եթե մենք մի օր մի բողոքի ցույց անենք և 200 հոգի հավաքենք, վրացիները կհավաքեն 200000 և կարող է նույնիսկ կոնֆլիկտ էլ լինի:  Իմ մոտեցումը հետևյալն է, ժողովրդին՝ թե հայերին, թե վրացիներին, չպետք  է մենք այս գործերին խառնենք, մենք պետք  է սա լուծենք պաշտոնական անձանց հետ, իսկ եթե հանկարծ տեսնում է մեր ժողովուրդը որ վտանգվում են այս տաճարները, իհարկե պիտի նա ամեն ինչի դիմի: Եթե պետք լինի, մենք 10 հոգով էլ պետք է կանգնենք 100000 հոգու դեմ,  կկանգնե՛նք, բայց այս փուլի համար կարծում եմ դեռ դրա կարիքը չկա, բայց ի պատիվ մեր համայնքային գործիչների, հասարակության, մշտապես իրենց ուշադրության կենտրոնում  ենք:

Հայտնի է, որ բոլոր երկրներում,  որտեղ գոյություն ունեն հայկական համայնքներ, ինքնակազմակերպման ձևերից մեկը  թեմական խորհուրդն է: Ինչքանով մեզ հայտնի է,  Վրաստանում նմանը չկա: Տվյալ հարցը  միշտ տրվում  է  «Վրաստանի Հայ Համայնք»-ի կողմից, սակայն  մինչ այսօր  այդ խորհուրդը չի ստեղծվել: Կարող եք պատմել,  ինչու՞մ է  դժվարությունը և  ե՞րբ ենք կարող սպասել  այդ իրադարձությանը:

Ես իմ ծառայության առաջին շրջանից, որ արդեն գրեթե 10 տարի եղավ, այս խնդրի վերաբերյալ միշտ խոսել ենք այստեղ, երկու տարի առաջ մենք Մայր Աթոռի միջեկեղեցական  բաժնի  պատասխանատու Հովակիմ Եպիսկոպոսի հետ նույնիսկ  մշակեցինք թեմական  կանոնադրություն, հիմնված Հայ Եկեղեցու 2010 թվականին ընդունված թեմական  ներկայացուցչական  ժողովի կողմից կանոնադրական փոփոխությունները ներառած և այդ տարիներից գտնվում է  մեր Վեհափառ հայրապետի մոտ: Վեհափառ հայրապետը ասաց, որ պետք է ստեղծվի  խորհուրդ, Հայաստանի թեմերն էլ չունեն  և Արևելյան Եվրոպայի շատ թեմեր  էլ դեռևս չունեն  իրենց այդ կանոնադրությունը ամբողջական թեմական, իրենք երբ կպչում են թեմական կամ ծխական խորհուրդ, դա  շատ պայմանական է, շատ պայմանական:  Թեև բանավոր էլի ենք դիմել  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, սակայն իրենց մոտեցումն է, որ մի մոդել պիտի ստեղծվի  բոլորի համար և դա  Վեհափառի օրհնությամբ  գա այստեղ: Վաղուց  սրա անհրաժեշտությունը մենք  ունենք, որովհետև ծուխերը  երբ գործում են,  իրենք կանոնադրության կարիք ունեն, ծխական խորհրդի, թեմական պատգամավորական,  ծխական պատգամավորական ժողովի, որն էլ կընտրի թեմական խորհուրդը: Այնպես որ, այս  հարցը ոչ թե մեզանից  է կախված, այսօր  սա կախված է  Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից և մենք սպասում ենք: Այս տարի այնտեղ սպասվում է Եպիսկոպոսական Ժողով, որը նաև  պետք է քննարկի նման հարցեր, այս հարցերը, հուսանք որ արդեն երևի այնտեղ ստեղծված հանձնաժողովը լուծում տված կլինի այս կանոնադրական հարցերին  և մենք կունենանք, այնպես որ վաղուց հասունացել է, կրկնում եմ և արդեն 3 տարի առաջ  աշխատանքը  ներկայացվել է Մայր Աթոռ, լիահույս ենք, որ գոնե մինչև տարվա վերջ այդ եպիսկոպոսական ժողովից հետո հաստատված  կպարգևի մեզ:

Ձեր կարծիքով, այսօր ի՞նչ  հիմնական  մարտահրավերների առջև է կանգնած  վիրահայությունը:

Վիրահայության հիմնական մարտահրավեր, ինչպես մայր հայրենիքում, այնպես էլ այստեղ՝ դա  արտագաղթն է: Արտագաղթը  համարում եմ որպես հիմնական մարտահրավեր: Երկրորդ մարտահրավերը, որ կա նմանատիպ երկրներում Հայաստանից դուրս,  դա արդեն խառն ամուսնությունների միջոցով  ձուլման վտանգն է, մյուս  վտանգը ես տեսնում եմ մեր ժողովրդի  կրթվածության պակասելը, դպրոցների մակարդակի ցածր լինելը, կրթության նկատմամբ, մանավանդ  գյուղական համայնքներում, նվազումը և կրթության հետ միասին ես չեմ կարող չբարձրաձայնել  նաև մշակութային կյանքի գրեթե բացակայությունը: Սրանք լուրջ մարտահրավերներ են: Դրա կողքին մենք կարող ենք տեսնել  չորրորդ հարց, սոցիալական խնդիր, մանավանդ գյուղական համայնքներում  սա շատ առկա է, բայց մշակութային կյանքի բացակայությունը, հոգևոր, կրթական, մշակութային սա արդեն մեծ վտանգ է իրենից ներկայացնում: Հիմնականում այս մարտահրավերներն են: Մյուս մարտահրավերը ես կասեի, որ մենք պակաս ունենք ավելի աշխույժ  համայնքային կառույցների  գործունեության, ունենք մեկ երկու երեք բայց սրանք քիչ են, որովհետև ցանկացած հայ  հասարակություն, ցանկացած համայնք, եթե ինքը հասարակական կառույցների միջոցով  չկազմավորվի,  ինքը չի կազմավորվի, դրա համար էլ գոյություն ունեն աշխարհում կուսակցություններ կամ աշխատավորների իրավունքները պաշտպանող կառույցներ, որոնց միջոցով կազմակերպվում են: Հիմա իհարկե այստեղ եկեղեցին ինքը որպես համայնք, իր հոգևոր առաջնորդներով փորձում է անել  շատ բան, բայց այստեղ16 հոգևորականներով և գործող 46 եկեղեցիով սա շատ դժվար է, մանավանդ ցրված հայություն ունենք: Մարտահրավերները սրանք են: Գուցե շատ բաներ թելադրեմ, բայց մարտահրավերներից ամենակարևորը, որ ժողովուրդը սոցիալական կյանքից ելնելով մեկնում է երկրից: Մնացածը մենք արդեն աշխատելու  հարց ունենք, որ նվազեցնենք այլ մարտահրավերները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031