Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը՝ ազատամարտիկների պառակտման մասին

Օգոստոս 12,2013 13:52

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը վստահեցնում է՝ ոչ մի կուսակցություն մեղավոր չէ ազատամարտիկների պառակտման համար:

«Բաժանման համար որեւէ մեկը դրսից մեղավոր չէ, իրենց մոտ այդ բաժանումն ավելի վաղ է եղել: Որովհետեւ մի մասն իրավացիորեն կարծում է, որ սա ոչ միայն սոցիալական խնդիր է եւ ոչ միայն ազատամարտիկների, այլ պետության լինելիության, իշխանության տեր կանգնելու խնդիր է եւ այդ ուղղությամբ են իրենց պայքարը տանում, որովհետեւ սոցիալականը ընդամենը դրա մի մասն է, ածանցյալն է: Մի մասն էլ փորձում է միայն սոցիալական խնդիրներով առաջ շարժվել: Ցանկացած պարագայում էլ երկուսն էլ քաղաքական են, սոցիալական խնդիրն էլ քաղաքական է »,- ասաց պարոն Մարտիրոսյանը:

Նրա խոսքերով, ինքը անձամբ դեմ է այդ պայքարի կուսակցականացմանը ու կարծում է` բոլոր կուսակցությունները պետք է ներկա գտնվեն ազատամարտիկների հանրահավաքին. «Անցած անգամ էլ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը մասնակցեց: Այնպես որ, խնդիր չեմ տեսնում, որ այլ կուսակցություններից էլ մասնակցում են: Ինչ վերաբերում է «Ժառանգությանը»` ապա մենք նույնիսկ պաշտոնապես հայտարարություն ենք տարածել, որ զորակցում ենք իրենց պայքարին, ընդունում ենք այն խնդիրները, որոնք իրենց առջեւ դրել են: Այս առումով էլ հակասություն չեմ տեսնում: Մենք աջակցել եւ միշտ աջակցում ենք բոլոր այն խմբերին, որոնք պայքարել են իրենց իրավունքների համար, երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման համար: Իսկապես այս պայքարը չի կարելի կուսակցականացնել, սա վերկուսակցական է, եւ այսօր որեւէ պայքար նեղ կուսակցական շրջանակ տանելը սխալ է: Մենք մի պայքար ունենք՝ երկրի առջեւ ծառացած կարեւորագույն, ճակատագրական խնդիրները լուծելու ուղղությամբ համատեղ աշխատանքն է, եւ այդ աշխատանքին պետք է լծված լինեն ե’ւ կուսակցությունները , ե’ւ քաղաքական, անհատ գործիչները, եւ հասարակական կազմակերպությունները»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազատության հրապարակում ազատամարտիկների հանրահավաքին «Ժառանգության» եւ «Նոր ժամանակներ» կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությունը որոշ ազատամարտիկների դուր չէր եկել: Նրանք կարծում էին, որ այդ կերպ իրենց պայքարը կուսակցականացվում է:

Պարոն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ ազատամարտիկները իրենց պայքարը սկսեցին կոնկրետ իրենց սոցիալ-իրավական խնդիրների լուծման պահանջով, այսօր այդ պահանջն ընդհանրացնելը եւ երկրի սոցիալ-իրավական խնդիրների լուծման պահանջով շարունակել պայքարը չի՞ դժվարացնի իրենց կոնկրետ խնդիրների եւ պահանջի լուծումը, ասաց. «Չի դժվարացնի, այնպես չէ, որ պայքարի ամենասկզբից միայն սոցիալ-իրավական պահանջներն էին բարձրացված: Պարզապես մի խումբը բացառապես սոցիալ-իրավական խնդիրներով էր առաջնորդվում, մի խումբն ավելի լայն է տեսնում, որի կողմնակիցը ես եմ: Որովհետեւ նույնիսկ այդ սոցիալականը պարզ է, չի լուծվի, որովհետեւ եթե մի սոցիալական խմբին արտոնություն տան` աշխատավարձեր, թոշակներ բարձրացնեն, մյուս խմբերը եւս սկսելու են ընդվզել: Որպեսզի նման իրավիճակ չառաջանա, որ իշխանության կարկառուն ներկայացուցիչները իրենց գերշահույթները պահեն իրենց, բնականաբար, դրան չեն գնա, ինչը մինչեւ հիմա տեսնում ենք; Ի՞նչ է, այդ խնդիրները լուծվե՞լ են այսքան ժամանակ կամ հնարավորություն կա՞ դրանից հետո ավելի լուծել: Հետեւաբար այն խումբը, որ ավելի համակարգային պայքար է տանում եւ հայտարարել է համաժողովրդական մոբիլիզացիայի մասին, նրանք ավելի առարկայական են նայում խնդրին եւ հասկանում են, որ սոցիալականը առանց կարեւոր խնդրի լուծման, չի կարող լուծվել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Տեսանյութը՝ Tert.am-ի, լուսանկարը՝ Արուս Հակոբյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031