Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույց. «Վարչապե՛տ, անհապաղ իջիր, կիթառ էլ կբերենք» (Տեսանյութ)

Օգոստոս 12,2013 12:08

Այս պահին կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա են կազմակերպել ուսանողները: Նրանք պահանջում են, որ վարչապետն «անհապաղ» իջնի եւ հանդիպի իրենց հետ:

Ուսանողները կարդացին իրենց պահանջները. «Վերջին շրջանում իրար հերթ չտալով Հայաստանում թանկացան թե՛ սննդամթերքը, թե՛ ապրանքները, թե՛ ծառայությունները: Հիմա էլ թանկացրել են ուսման վարձը: Այդ սարսափելի թանկացումները բեռ են դառնում ուսանողների ծնողների ուսերին: Նրանք այն ծնողներն են, որոնք Հայաստանում օր ու գիշեր աշխատում են: Մենք՝ ՀՀ ուսանողներս, պահանջում ենք չեղյալ համարել ուսման վարձերի թանկացման այդ անօրինական որոշումը, բարձրացնել պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերը՝ առանց ուսման վարձերը բարձրացնելու: Կրճատեղ այն ահռելի գումարները, ծախսերը՝ սալիկապատումները, անտեղի երեսպատումները, որոնք արվում են ուսանողների եւ խղճուկ ծնողների հաշվին»:

Ուսանողները նշեցին, որ այդ որոշումը պետք է չեղյալ համարել մի քանի պատճառերով՝ նախ ուսման վարձի բարձրացման մասին իրենք իմացել են միայն մեկ ամիս առաջ, ինչը մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է. «Որոշումը չի կարող արդարացված լինել որեւէ կերպ՝ ժողովրդի այս սոցիալ-տնտեսական ծայրաստիճան ծանր պայմաններում: Մենք մեր նամակի պատասխանի հետեւից կգանք մյուս երկուշաբթի: Հուսով ենք՝ առաջ կգնաք մեր պահանջներին, այլապես մենք գիտենք մեր անելիքները: Իսկ հիմա կոչ ենք անում վարչապետին, որ դուրս գա եւ հանդիպի ուսանողների հետ»:

«Պա-հան-ջում ենք» ,«Պա-հան-ջում ենք», «վար-չա-պետ»: Այս բղավոցներից հետո կառավարության շենքից իջավ դիմում-բողոքների քննարկման վարչության պետը եւ ներկայացավ՝ Ղազարյան Ալեքսանդր: Սակայն ուսանողները չցանկացան խոսել վարչության պետի հետ՝ պահանջելով անձամբ վարչապետին. «Մենք ուզում ենք խոսել Սարգսյան Տիգրանի հետ»: Ալեքսանդր Ղազարյանն ասաց, որ վարչապետը զբաղում է իր աշխատանքային գրաֆիկով: Ուսանողները զայրացան՝ «Իր աշխատանքի մեջ չի՞ մտնում սեփական ժողովրդին հանդիպելը, թող իջնի: Էդ վարչապետին մենք ենք ընտել, ինքը մեր հարկերից է աշխատավարձ ստանում, չէ՞, ուրեմն թող բարի լինի՝ իջնի»: Վարչության պետը հակադարձեց՝ «Դուք չեք որոշում, թե վարչության պետն ինչ կանի: Վարչապետի անունից ես եմ իջել»:

Ուսանողները հարցրեցին՝ «Իսկ եթե կիթառ բերենք, կիջնի՞: Մենք գոնե պետք է որոշենք, թե ով պետք է մեր տված հարկերից աշխատավարձ ստանա»:

 

Ըստ Ալեքսանդր Ղազարյանի, Հայաստանում ամեն ինչ որոշվում է օրենքներով, ուսանողներն էլ նետեցին. «ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածով պարզ ասվում է, որ ՀՀ քաղաքացին իրավունք ունի Հայաստանում ստանալ անվճար կրթություն: ԵՊՀ իրավագիտության բաժնում կոնկրետ չկա որեւէ անվճար տեղ, հիմա սա՞ է ձեր օրենքը, ինչո՞ւ չկա անվճար տեղ: Այսպե՞ս եք հարգում ՀՀ օրենքը: Հիմա ինչի՞ չի իջնում վարչապետը, պատիվ չի՞ անում իր քաղաքացու հետ հանդիպի: Այսօր երիտասարդության օրն է, գոնե իջնի շնորհավորի»:

Ուսանողները բղավում էին, որ վարչապետը վախենում է իջնի, որովհետեւ անօրինական է ընտրված: Նրանք առաջարկեցին վարչության պետին, որ ընդմիջման ժամին կամ ծխելու համար դուրս գա, 5 րոպե զրուցի իրենց հետ, լսի իրենց: Ղազարյանն էլ ասաց, որ վարչապետը չի ծխում:

Այժմ ուսանողները քննարկում են եւ ուզում են ժամ դնել վարչապետի վրա՝ սպառնալով դիմել ավելի կոշտ մեթոդների:

PrevPhoto
NextPhoto

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԱՐՄԱՆ says:

    ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
    վաղը 12:00 կրթության գիտության նախարար Արմեն Աշոտյանը իջնելու է նախարարության շենքի դիմաց ցուցարարների հետ հանդիպելու:
    Հանդիպումը լինելու է բաց և թափանցիկ, ցուցարարները չեն պատրաստվում մտնել բանակացության մեջ առանց այդ էլ անկում ապրող համակարգի հետ, նրանք պահանջում են ընդունված որոշման կասեցում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031