Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավոր լինեմ, թե սուտ եմ ասում

Օգոստոս 12,2013 11:30

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ որեւէ հայ լրագրողի կամ հասարակական կազմակերպության ներկայացուցչի հետ, եթե հանկարծ նա, վերլուծելով ինչ-որ հարցի շուրջ բանավիճողների տեսակետները, ոմանց, ասենք՝ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներին բնութագրեր «իրենց ազգը ամեն պահի 30 արծաթով ծախող», «մարած պարտատոմս»  եւ այլ արտահայտություններով…

… Ես պատկերացնում եմ. կուսակցական հաստիքավոր «խոսնակները» միահամուռ ու խմբով այդ լրագրողի կամ հասարակական գործչի վրա կհարձակվեին կամ դատի կտային նրան՝ զօրուգիշեր մեր ազգի հոգսերով տառապող կուսակցության ներկայացուցիչներին վիրավորելու եւ անվանարկելու համար:

Բայց ահա՝ օգոստոսի 7-ին «Առավոտին» տված հարցազրույցում հենց նման բառերով է այլ կարծիք ունեցողներին բնութագրում ոչ այլ ոք, քան ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալը՝ Հերմինե Նաղդալյանը՝ խոսելով «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի մի դրույթի շուրջ վերջերս թեժացած բանավեճի մասին:

Ընդսմին, տպավորությունն այնպիսին է, որ նա հարցազրույցի հնարավորությունը հենց օգտագործում է, որ «տեղը նստեցնի» օրենքի աչքի վերեւում ունք տեսածներին (միանգամից ասեմ, որ տողերիս հեղինակին բացարձակապես չեն մտահոգում ոչ այդ օրենքը, ոչ դրա առանձին դրույթները, ոչ էլ որեւէ նման օրենքում «հայեցիությանը» վտանգող ներքին ու արտաքին դավադրություն եմ տեսնում. ինձ մտահոգողը բանավեճի կուլտուրան է լոկ):

Ահա մի հատված. լրագրողն ընդամենը վիճահարույց հոդվածի կամ ձեւակերպման մասին մեկնաբանություն է խնդրում, իսկ ԱԺ փոխնախագահը պատասխանում է. «Մեր հասարակությունում գենդերային հավասարության գաղափարի դեմ պայքար եղել է եւ բավական էական, ու մինչ օրս էլ տարբեր տեղերում դեռ հայտնաբերվում են այդ մտածելակերպը ունեցողների բարձրագոչ մտքերը: Հատկանշական է, որ հատկապես կարծրատիպերով ներշնչված տղամարդիկ են ընդգրկված այս պայքարում, ովքեր վախենում են «իրենց կնիկների» նկատմամբ իրենց ճղճիմ իշխանության համար կամ իրենց տաքուկ տեղերը կորցնելուց»: Ասեք, խնդրեմ, դուք բան հասկացա՞ք: Ով հասկացել է, թող ինձ էլ բացատրի:

Շարունակության մեջ նա փորձում է ինչ-որ բացատրություն տալ, բայց դարձյալ նույն կռվազան ոճով: Իսկ թղթակցի հաջորդ հարցի պատասխանն ուղղակի ապշեցուցիչ է. «Այստեղ գումարվել են մի քանի հանգամանքներ. անգործ մնացած պարապ մարդիկ, ովքեր անելիք չունեն, մարած պարտատոմսեր, որ մտածում են, թե ինչպես վերականգնվեն եւ քաղաքական աղբանոցից փորձեն վերադարձնել իրենց: Ես չեմ անդրադառնում այն ուղեղներին, որոնք տառապում են «պերմանենտ դավադրության տեսություններով» կամ ամենուրեք մեզ համար հակառակորդներ են փնտրում»… Իսկ եւ իսկ այնպես, ինչպես ժամանակին ընկ. Լենինն էր մարտնչում «մեր շարքերում բույն դրած իմպերիալիստական ռեակցիայի, խավարամոլության, ռևիզիոնիզմի դեմ»:

Շատ տարօրինակ պատկերացում է այլակարծության մասին: Եթե համաձայն չես՝ ուրեմն նվազագույնը «վախենում ես «կնիկների» նկատմամբ իշխանությունը կորցնելուց», իսկ եթե հասարակական կազմակերպություն ես ներկայացնում՝ նաեւ «գրանտակեր, պատվերներով ազգը ամեն պահի 30 արծաթով ծախող», նախկին պատգամավորներին տրված բնութագրումներն էլ նորից չշեշտեմ:

Եվ էսքանից հետո արժե՞ զարմանալ, որ նույն օրերին նույն ՀՀԿ-ի անդամ մի այլ պատգամավոր Մնացական Մնացականյանը, մի այլ առիթով իրեն տրված հարցին պատասխանում է. «…Ես իմ կարծիքն ինչո՞ւ պետք է ասեմ» … Դե իհարկե, պատգամավորն ինչո՞ւ պիտի կարծիք ունենա ու դեռ դա ասի էլ: Ունենա (կարծիք)՝ որ ի՞նչ անի, ասի (կարծիք)՝ որ ի՞նչ անի, բա որ չբռնի (կարծիքը) կուսակցական գծի հե՞տ չե՞ն ասի՝ դավաճան (ամենաքիչը)… Պատգամավորները հո չե՞ն ընտրվում, որ ինչ-որ կարծիքներ ասեն, հանգիստ իրենց «հըմար» ապրում են, էլի, կարծիքս ո՞րն է, կարծիք թող ասեն «քաղաքական աղբանոցից վերադառնալ փորձողները»… Իսկ իրե՞նք, դե՝ «եթե քայլ ձեռնարկելու խնդիր կա, ուրեմն կքննարկվի կուսակցությունում, կուսակցության ամեն անդամ ինքնագլուխ հո չի՞ կարող քայլ ձեռնարկել»:

Իսկ այսքանից հետո էլ երիցս չենք զարմանում արդեն, երբ Սյունիքի նախկին մարզպետն ու կարկառուն կուսակցականն է ասում, թե կարծիքների բախում չի կարող լինի, երբ ԻՆՔԸ հարց է քննարկում … Հասկացա՞ք… միակարծություն եւ միայն այդպես, կուսակցական կարգապահությունը (իսկ ավելի ճիշտ՝ ֆեոդալական մտածելակերպը) այլակարծություն չի հանդուրժում…

Լավ, կարծիք չունենալը մի կողմ, բայց որ ուզում ես պատգամավոր դառնալ, ավելի ճիշտ՝ քեզ ուզում են պատգամավոր դարձնել, սակայն դու էդպես էլ չգիտես, թե ինչով պիտի զբաղվես, այ դա ուղղակի ցնցող է. կարդանք՝ ՀՀԿ-ի կողմից Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրվող Արմեն Կարապետյանի պատասխանը «Ժամանակ» թերթի հարցին.

«- Ի՞նչ եք պատրաստվում անել Սյունիքի հետ կապված կոնկրետ:  

– Ճիշտն ասած` ես առաջին անգամ եմ ընտրվում, չեմ էլ իմանում, ինչ ինձ հանձնարարեն, էն էլ կկատարեմ, բայց գիտեմ, որ պարտականություններ պիտի ունենամ և լիազորություններ: Եթե որևէ ողջամիտ որոշում լինի, ես անպայման կկատարեմ»:

Դե իհարկե, մինչեւ կուսակցությունը չորոշի, ապագա պատգամավոր կուսակցականն ի՞նչ իմանա իր անելիքը ո՞րն է: Փառք Աստծո, գոնե գիտի, որ «պարտականություններ պիտի ունենա և լիազորություններ», կարող էր, չէ՞, միայն լիազորությունների մասին իմանալ…

Անկեղծ ասած, ես իսկապես արդեն չեմ զարմանում մեր քաղաքական գործիչների («քաղաքական գործիչ» տերմինը այստեղ պայմանական եմ օգտագործել) նման բառապաշարի, ապա եւ՝ կարծիք չունենալու, ուղեղի գերլարումով հոդաբաշխ միտք արտահայտելու փորձերի վրա: Չեմ զարմանում, բայց հաստատ խոստանում եմ՝ տարեկան մի քանի անգամ հավաքելու եմ նրանց մտքի անմահ գոհարներն ու պահ տամ սերունդներին: Սերունդները հո չպիտի՞ զրկվեն նման գանձից: Խոստանում եմ եւ անելու եմ:

Պատգամավոր լինեմ, թե սուտ եմ ասում…

 

Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vardan says:

    Այն կինն, ում ձեռքերում հայտնվել է թեկուզ ձևական իշխանութան ղեկ, նման է այն կապիկին, որի ձեռքերում հայտնվել է մարտական նռնակ` չգիտես երբ և ուր կնետի:
    /հին ռուսական ասածվացք/

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031