Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարինե Դանիելյան. «Քաղաքային իշխանությունների վրա օլիգարխիկ համակարգի կողմից ճնշում է իրականացվում»

Օգոստոս 12,2013 11:08

Սայաթ Նովա 10, Եզնիկ Կողբացի 42, Նալբանդյան-Սայաթ Նովա-Թումանյան հատվածում գտնվող բնակելի շենքի բակ. սրանք հասցեներ են, որտեղ բնակվող Երևանի բնակիչները մշտապես պայքարի մեջ են, որպեսզի իրենց շենքի բակը պահպանեն, այլ ոչ թե այդտեղ տարբեր տեսակի կառույցներ հայտնվեն:

Օրերս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասնակցությամբ կազմակերպված քննարկման ժամանակ Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանական հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախ գոհունակություն է հայտնել այս տարվա կանաչապատման, կանաչ տարածքների վերականգնման և ծաղկապատման ծրագրերի մասով, ապա նաև քաղաքապետի ուշադրությունը հրավիրել է Երևանի կանաչապատման հետ կապված որոշ խնդիրներին, ինչպես նաև անջրդի տարածքների հետ կապված հարցերին: Իսկ քաղաքապետը բնապահպանության վարչության պետին հանձնարարել է այցելել նշված վայրեր, ուսումնասիրել դրանք և հնարավորին արագ լուծումներ տալ բարձրացված խնդրին։

Aravot.am-ը Կ. Դանիելյանից հետաքրքրվեց՝ իսկապե՞ս բարձր է գնահատում այս ուղղությամբ կատարված աշխատանքները, թե՞ դեռ կան խնդիրներ: Տիկին Դանիելյանը նշեց, որ առաջընթաց կա, բայց նաև խոսեց խնդիրների մասին. «Շատ լավ է, որ նոր մասիվներ են ստեղծում, բայց եղած կանաչ տարածքներում մենք ունենք տարբեր պատճառներով կորուստներ: Պատճառները քաղաքաշինության հետ են կապված. երբ կանաչ տարածքներում քաղաքաշինական կառույցներ են հայտնվում և երբ կառուցապատման ժամանակ ջրերի մատակարարման գծերը վերացվում և խանգարվում են, և կանաչ տարածքը մնում է առանց ոռոգման»:

Կ. Դանիելյանը որպես օրինակ բերեց Օղակաձև զբոսայգու կենտրոնական հատվածը՝ ԵՊՀ-ին զուգահեռ Տնտեսագիտական համալսարանից մինչև Թեքեյան կենտրոն: Տիկին Դանիելյանը նշեց, որ այդ հատվածը ջրվում էր Գետառի ջրերով, և երբ Գետառի ջրերը փակեցին ու թունել կառուցեցին, ջրագծերը վերացան, հիմա այդ հատվածը մնացել է առանց ոռոգման. նոր տնկիները դրվում են ու չորանում են: Այդպիսին է իրավիճակը նաև Խանջյան փողոցի հատվածում: Կ. Դանիելյանը նշեց, որ իրենք այսօր այցելելու են այդ հատվածներ, որպեսզի փորձեն խնդրին լուծումներ տալ ու շարունակեց. «Որոշում կա, որ այն օբյեկտները, որոնք կանաչ տարածքներում են, կամ հարակից կանաչ տարածքներ ունեն, իրենց վրա է դրված տարածքը ոռոգելու խնդիրը: Ու նրանք կամ դա անում են, կամ՝ ոչ: Այնինչ շատ քաղաքներում կա այդ փորձը, որ բիզնեսն է իր շրջակայքը կանաչապատում»:

Տիկին Դանիելյանը նշեց նաև, որ իրենց անհանգստացնում է այն, որ Օղակաձև զբոսայգում այսպես ասած «թեթև կաֆե է» նախատեսվում կառուցել, սակայն արդեն պարզ է, որ այն չի կարող լինել «թեթև կաֆե»:

Ըստ Կարինե Դանիելյանի՝ մտահոգիչ է Սարալանջի հատվածը, որը խորհրդային տարիներին համամիութենական ենթակայության էր, հետո անկախության տարիներին դրա ոռոգման, գումարների հետ կապված խնդիրներ առաջացան: Կ. Դանիելյանը նշեց. «Հիմա այդ հատվածը դրված է կառուցապատման տակ, իսկ դա նշանակում է քաղաքը սպանել»:

Կ. Դանիելյանը մտահոգված է նաև Փարոսի՝ Համալիրի ստորին հատվածի անտառի հարցով, որտեղ կառուցվող շինությունը, ըստ քաղաքապետարանի անտառին չի վնասում, բայց իրենց փորձագետներն ու բնակիչներ դժգոհում են:

Տիկին Դանիելյանը մանրամասներ ներկայացրեց նաև քաղաքապետի հետ տեղի ունեցած քննարկումից: Նա նշեց, որ քննարկվել է քաղաքի հրապարակների, մասնավորապես Հանրապետության հրապարակի, շուկաների հարցը, ու մանրամասնեց. «Հանրապետության հրապարակի հետ կապված քաղաքապետն ասաց, որ դա դեռ ընդամենը ճարտարապետի տեսական վարժանքներն են, դա չի նշանակում, որ հրապարակը քանդելու են: Հետո վստահեցրեց, որ պատկերասրահին ձեռք չեն տալու: Ավելին, քաղաքապետն ասել է, որ ստորգետնյա եզակի գտածոները, եթե օգտագործվեն ցուցադրման համար, դեռ պիտի այդ հարցը քննարկվի»:

Մեր հարցին՝ ի՞նչ տպավորություն կա, քաղաքային իշխանություններն իրոք ունեն կամք քաղաքային խնդիրները լուծելու հարցում, թե՞ վարում են այսպես ասած «գլխի տակ փափուկ բարձ» դնելու քաղաքականություն, Կ. Դանիելյանը պատասխանեց. «Դա ժամանակը ցույց կտա: Հիմա տպավորություն ունեմ, որ կամքը կա, բայց հասկանում ենք, որ նույն քաղաքային իշխանությունների վրա օլիգարխիկ համակարգի կողմից ճնշում է իրականացվում և այստեղ խնդիրն, այն է` արդյոք մեր ճնշումը կունենա՞ այնքան ուժ, ինչքան օլիգարխիկ ճնշումները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031