Առուվաճառքի զոհ դարձած 4-ամյա Ռիմա Ավետիսյանը, Վանաձորի մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանի խոսքով, չէր կարող որդեգրվել, քանի որ տվյալ պահին նա հաշվառված չէր որդեգրման ենթակա երեխաների ցանկում, գրում է 1in.am-ը:
Ըստ նույն աղբյուրի, դրա համար օրենքով նախատեսված փաստաթղթեր կան` նոտարական կարգով վավերացված ծնողի հրաժարական-հայտարարություն եւ միայնակ մոր կարգավիճակի մասին տեղեկանք: Ծնողական իրավունքից հրաժարվելու հայտարարությունը երեխայի մայրը` Սերինե Ավետիսյանը, մանկատուն է ներկայացրել օգոստոսի 2-ին, որից մի քանի օր անց` օգոստոսի 5-ին էլ առուվաճառքի գործարքն է կատարվել, եւ խումբն անմիջապես վնասազերծվել է: Իսկ երեխայի մոր կարգավիճակի վերաբերյալ փաստաթուղթը, մանկատան տնօրենի խոսքով, մինչ օրս դեռ չի ստացվել:
Դեպքի օրը երեխան չի բացակայել մանկատնից: Հարցին` այդ դեպքում ո՞վ է այն երեխան, ում իրավապահները հայտնաբերել են հանցավոր խմբին վնասազերծելիս, Ա. Հարությունյանը պատասխանեց, թե խմբի անդամներից Աննայի երեխան է, որը մոր ձերբակալությունից հետո տեղափոխվել է ՀՕՖ` երեխաների ընդունման եւ կողմնորոշման կենտրոն: Մանկատան տնօրենի փոխանցմամբ` այդ երեխան էլ շուտով կտեղափոխվի Վանաձորի մանկատուն:
Ա. Հարությունյանը հերքեց, որ մանկատունը որեւէ կապ ունի նշված գործարքի հետ: Նա մեզ ասաց, որ ոչ մի օտարերկրացու չի տեսել, եւ ընդհանրապես ոչ մեկը չի դիմել իրեն նման հարցով: «Ես զարմանում եմ` ոնց կարող է երեխան ապրի մանկատանը, դրսում երեխայի համար գործարք կատարեն: Եթե երեխան ապրում է մանկատանը, մայրը ի՞նչ իրավունք ունի այդ երեխայի համար այդպիսի կեղտոտ գործերով զբաղվի: Եթե գտնվում է մանկատանը, երեխայի տերը պետությունն է, մայրը չի»,- իր զարմանքը հայտնեց Ա. Հարությունյանը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում