Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիում նշում են Նավասարդը (ֆոտոշարք, տեսանյութ)

Օգոստոս 11,2013 18:15

«Նավասարդ» նախաձեռնող խումբն այսօր  «Մասիսի տաճարում» (Չարենցի կամար) կազմակերպեց նավասարդյան տոնակատարություններ՝ նվիրված Հայկի մեծ հաղթանակի եւ բուն հայոց տոմարի 4505-ամյակին: Շքերթին ներկայացվեց հայ պատմական 11 դրոշները` Հայքից մինչեւ Արցախ: «Հայկի դրոշը ներկայացվում է Հայկի համաստեղության տեսքով, նույն ուղղահայաց դիրքով, ինչպես այս համաստեղությունն ամեն տարի օգոստոսի 11-ի առավոտյան 5-ին դիտարկվում է երկնակամարում»,-ասաց պատմաբան  Ռոբերտ Շահբազյանը:

Վերջինիս փոխանցմամբ`մինչեւ 19-րդ դարը Հայաստանի որոշ շրջաններում այս տոնը նշել են. «Այսօր տոնին մի նոր շունչ է տրվում, քանի որ 5-րդ անգամն է, ինչ համախմբվում եւ հայկական երգ ու պարով  նշում ենք Նավասարդը: Օգոստոսի 11-ը Հայկի հաղթանակի օրն է, նաեւ նշվում է` հայկական տոմարագիտության օրն է: Համաշխարհային տոմարագիտության մեջ հայերը մեծ ներդրում են ունեցել: Հայկական տոմարի ստեղծումը քաղաքակրթական լուրջ ձեռքբերում է մեզ համար»,- ասաց նա, հավելելով, որ այս անգամ տոնը առանձնանում է դրոշների շքերթով, որը չի եղել նախորդ տարիներին:

«Նավասարդ» նախաձեռնող խմբի անդամ Սամվել Հունանյանը շնորհավորեց Նոր տարվա կապակցությամբ` շնորհավորելով  նավասարդյան տոները. «Ցանկանում եմ նորանոր հաղթանակներ: Շնորհավոր բուն հայոց տոմարի 4505 թվական»:

Միջոցառմանն իրենց ողջույնի խոսքով հանդես եկան ԼՂՀ գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Հովհաննեսի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս), «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, «Հայկազունք» համույթի գեղարվեստական ղեկավար, գուսան Հայկազունը,  Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը եւ այլք:

Միջոցառման ընթացքում ներկաները առիթ ունեցան համտեսելու ավանդական դարձած հարիսան եւ ըմբոշխնելու կարմիր գինին: Տոնակատարությունը շարունակվեց Գառնու հեթանոսական տաճարում, որտեղ ներկաները հայկական երգ-երաժշտության ներքո շարունակեցին տոնախմբությունը:

Տոնակատարությունները նշելու համար «Նավասարդ» նախաձեռնող խմբին են մասնակցել «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը, Չարենցի տուն- թանգարանը եւ «Սերունդ» հ/կ-ն:

Նավասարդի տոնակատությունների փակումը տեղի կունենա օգոստոսի 16-ին՝ Լոռու մարզի Հարթագյուղի Զորաց տաճարում:

PrevPhoto
NextPhoto

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031