Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է առաջանում եւ մահանում սերը. Պարզաբանում է հոգեբանը

Օգոստոս 11,2013 18:02

«Մեկ ամիս առաջ պատրաստ էի նրա հետ փախչել, մեկ օր անգամ չէի կարողանում առանց նրան տեսնելու ապրել, իսկ հիմա միայն զղջում եմ, որ մեկ տարիս կորցրեցի »,-պատմում է 22-ամյա Էլլան: Հավելում է ՝ մայրն ու մյուս հարազատները դեմ էին իրենց ընկերությանը, քանի որ չէին հավանում տղայի բնավորությունը, նրան համարում էին անհեռանկարային. «Նրանք ասում էին, որ Արսենը անբաշար ա, բացի այդ՝ սեփական ուղեղ չունի, միշտ մորն է լսում, իսկ ես ամենօր կռվում էի մերոնց հետ, մի քանի ամսում 15 կգ նիհարել եմ»: Այնուամենայնիվ նա նշում է՝ քիչ-քիչ սկսեց հիասթափվել տղայից, քանի որ ժամանակի ընթացքում հասկացավ, որ հարազատները ճիշտ էին. «Ես ուզում էի փախչել նրա հետ, ընկերուհուցս խորհուրդ հարցրի, ասեց, որ նման բան չանեմ, ավելի լավ է ՝ մի փոքր էլ սպասեմ, հակառակ դեպքում կարող եմ հետագայում զղջալ… շատ լավ եղավ, որ նրան լսեցի»: Հաճախ է պատահում, որ միմյանց շատ սիրող սիրահար զույգեր բաժանվում են, ինչը հարուցում է նույնիսկ նրանց շրջապատի զարմանքը: Սիրահարների հարաբերությունների խզման պատճառները բազմազան են: Կարծիք կա, որ «գլխավոր մեղավորը» սիրո կորուստն է, քանի ապրում է սերը՝ զույգը աչք է փակում բոլոր խնդիրների վրա: Այս թեմայով խոսեցինք հոգեբան Լիդա Գևորգյանի հետ: Նա նախ նշեց, թե ինչպես է առաջանում սերը. «Սիրո առկայության դեպքում կան մի քանի գործոններ, ինչպես՝ մերձավորությունը, այսինքն՝ հաճախ միմյանց համակրում, ծանոթանում ու սիրում են այն անձինք, ովքեր հաճախ են տեսնում իրար և շփվում: Շատ կարևոր է նաև փոխադարձ համակրանքը: Սիրո առկայության հարցում գլխավորներից է փոխլրացման գործոնը: Զույգը ոչ միայն պետք է ունենա նմանություններ, այլև «տարբերություններ», կամ ավելի ճիշտ՝ փոխլրացնող գծեր: Եթե սիրահարներից մեկը ենթարկվելու հատկություն ունի, նրան կարող է լրացնել լիդերի հատկանիշներով մեկը» ,-ասում է հոգեբանը: Հավելում է՝ երբեմն այս հատկանիշների փոփոխությունն է ազդում զույգի հարաբերությունների վրա: Նա նաև նշում է ՝ երբեմն զույգերը կարծում են, թե իրենց սերը մահացել է, այնինչ իրականում սեր չի էլ եղել. «Իրականում սիրահարվածություն է եղել, սիրահարվել կարող են բոլորը, բայց ոչ բոլորն են անցնում կատարում սեր, ինչի համար ավելի լուրջ գործոններ են պետք: Այդ իսկ պատճառով չգիտակցելով, որ իրենք չեն սիրում, սկսում են ընկերություն անել և շուտ բաժանվել»: Սիրո «մահացության» պատճառներից մեկն էլ, ըստ հոգեբանի, այն է, որ երբեմն զույգերից մեկը չափից շատ է իդեալականացնում սիրած էակին, թերություններն հայտնաբերելուն պես հիասթափությունն անխուսափելի է. «Սիրահարների (կարևոր չէ ամուսնացած են, թե ընկերություն են անում) բաժանման պատճառներից են նաև կենցաղային խնդիրները, նույն հետաքրքրությունների բացակայությունը, նաև խանդը: Նրանց հարաբերությունների վրա կարող է ազդել նար հասարակության՝ հատկապես հարազատների կարծիքը: Բայց պիտի նշեմ, որ սիրող մարդկանց երկարատև հարաբերությունների գլխավոր պայմանն այն է, որ նրանք կարողանան զիջել միմյանց, ուշադիր լինեն, չթերագնահատեն իրար, վստահեն, օգնեն ոտքի կանգնել ընկած ժամանակ, չսահմանափակեն միմյանց ազատությունը: Կարևորն այն է, որ նրանք չձանձրանան միմյանցից, թեկուզ սոցիալական ծանր պայամանների դեպքում պետք է հետաքրքրություն ստեղծեն միմյանց համար, իրենց հարաբերությունները երկրորդական պլանում չթողնեն, նույն տեղում չդոփեն, այս դեպքում սերը երկար ու երկար կապրի» ,-հավելում է Լիդա Գևորգյանը:

Նազենի Բաղդասարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031