Օգոստոսի 18-ին ժամը 19:30 Uptown-ը կլցվի ռոքի հնչյուններով: The Beautified Project, Արմեն Եդիգարյան, Naqhshband, The Beautified Project, Lousnelius, Incoma, Rahvira , Inrock Quintet և Աշոտ Կորգանյան. այս ռոքամոլներին մեկ տեղում և մեկ գաղափարի շուրջ միավորել է բարեգործությունը: Ինչպես նշեց 21-ամյա Զառա Մարգարյանը, ով բարեգործական միջոցառման կազմակերպիչն ու հեղինակն է համերգից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է Ասկերանի զորամասում սպայի կողմից ծեծված և խելագարության հասցված զինվոր Հովհաննես Վարդանյանի բուժմանը և դեղորայքի գնմանը:
«Հովհաննեսի հայրիկի հետ հանդիպել եմ դեռ առաջին ակցիայի ժամանակ, երբ «Espaces» երիտասարդական կենտրոնում կինոդիտում էի կազմակերպել: Այդ ժամանակ ցուցադրվում էր «Ես եմ» ֆիլմը, որից ստացված հասույթը 72000 դրամ փոխանցեցինք Հովհաննեսի հաշվին: Հովհաննեսի ընտանիքն ապրում է Արարատի հանրակացարանում : Նրա միայն հայրն է աշխատում, մայրը հիվանդ է, Հովհաննեսը նաև մի փոքրիկ քույր էլ ունի, ընտանիքը անապահով վիճակում է: Ճիշտ է, նրա բուժումը անվճար է իրականացվում, բայց դեղորայքի գումար ևս պետք էր և հետո ամեն շաբաթ գալիս, գնում են բժշկի, դրա համար էլ է գումար պետք,- ասում է Զառան»:
Զառան նման ակցիաներ հաճախ է իրականացնում, այս անգամ փորձել է միավորել ռոք երաժիշտներին, իսկ նրանք մեծ սիրով ընդունել են առաջարկը:
«Սկզբում տեղեկացրեցի Incoma-յին, իսկ հետո մի քանի խումբ ցանկություն հայտնեցին միանալ, ինչին իրոք չէի սպասում»,- ասում է ակցիայի հեղինակը:
Զառան պատմում է, որ Հովհաննեսի վիճակը արդեն բավականին լավ է, շատ բաներ արդեն գիտակցում է, սակայն Հովհաննեսը ընկերական աջակցության կարիք ևս ունի: Ըստ Զառայի՝ մարդիկ անտարբեր չեն, նրանց պարզապես միավորել է պետք:
Կարդացեք նաև
«Ես ոչինչ չեմ անում միայն իմ ուժերով, ես ընդամենը միավորում եմ մարդկանց և բոլորով մի լավ գործ ենք փորձում անել: Կյանքում ոչ ոք ապահովագրված չէ նման դեպքերից, սա է կյանքը: Կոչ եմ անում միավորվել, բոլորս այդ օրը համերգի պետք է գիտակցաբար գանք, գիտակցենք՝ ինչի՞ համար ենք գալիս և ի՞նչ նպատակ ունենք»,- ասում է Զառան:
Օվսաննա Սիմոնյան