Այսօր՝ օգոստոսի 11-ին, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի հերթապահ խումբն ու ՃՈ ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի աշխատակիցները կարողացան կանխել մի կնոջ ինքնասպանության փորձ:
Ինչպես shamshyan.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիներն ահազանգել էին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ մի կին փորձում է իրեն ցած նետել Կիեւյան կամրջից՝ պատճառաբանելով, որ հոգնել է ամեն ինչից: Տեղում կենտրոնի հերթապահներ Արշակ Գրիգորյանն ու Լյուդվիգ Վարդանյանը ռադիոկապով կապվում են Կիեւյան փողոցում ծառայություն իրականացնող ՃՈ տեսուչներ Ռոման Հակոբյանին եւ Էդգար Ալեքսանյանին, ովքեր էլ մոտենալով կնոջը, մոտ 30 րոպե խնդրում էին նրան, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին, ու մինչ տղաները կկանխեին, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգով ժամանում են նաեւ ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը:
Ի վերջո ոստիկաններին հաջողվում է կնոջն իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ ոստիկանների կողմից փրկված կինը Երեւանում վարձակալական հիմունքներով բնակվող 49-ամյա Ի. Պ.-ն է: