Այսօր «Օրինաց երկիր» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների Սյունիքի տարածքային կառույցներից փորձեցինք ճշտել, թե կուսակցությունները թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու կառաջադրե՞ն կամ Ազգային ժողովի պատգամավորի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությանն ինչ-որ ձեւով մասնակցություն կունենա՞ն, թե՞ ոչ:
«Օրինաց երկիր» կուսակցության Սյունիքի տարածքային կազմակերպության նախագահ Գարիկ Միրզոյանը փոխանցեց, որ այս պահին որեւէ քննարկում չի եղել եւ դեռ հստակ որոշում չկա ՕԵԿ-ը պատգամավորի թեկնածու կառաջադրի՞, թե՞ չէ: «Որոշում դեռ կոնկրետ չկա: Ներկա պահին որոշված չէ թեկնածու առաջադրում ենք, թե՞ չենք առաջադում կամ որեւէ մեկին պաշտպանո՞ւմ ենք, թե՝ չէ: Որեւէ քննարկում չի եղել, մինչեւ օգոստոսի 15-ը դեռ ժամանակ կա…», – ասաց Գարիկ Միրզոյանը, ով ԱԺ նախորդ ընտրություններում համամասնական ընտրացուցակում որպես պատգամավորի թեկնածու էր առաջադրվել:
Իսկ մեր այն հարցին, թե նա կցանկանա՞ այս անգամ էլ առաջադրվել, բայց արդեն մեծամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությանը, վերջինս պատասխանեց, որ նման ցանկություն եւ մտադրություն չունի: «Ցանկությունը եւ կուսակցության որոշումը պետք է համընկնի: Ես ցանկություն չունեմ իմ թեկնածությունն առաջադրելու, բայց եթե կուսակցությունը որոշի՝ կառաջադրեմ: Արդեն կուսակցությունը կորոշի ես կլինեմ, թե՝ մեկ ուրիշը: Բայց այս պահին դեռ ոչ մի հստակ որոշում չկա մեր մասնակցության վերաբերյալ», – հավելեց ՕԵԿ-ի տարածքային կազմակերպության նախագահը:
Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային գրասենյակից պատասխանեցին, որ մեր հարցին կարող է պատասխանել միայն տարածքային կառույցի պատասխանատուն՝ Մերուժան Սիմոնյանը, ով այս պահին բացակայում է Հայաստանից եւ դեռ պարզ չէ մինչեւ օգոստոսի 15-ը վերդարձած կլինի՞, թե՞ ոչ:
Կարդացեք նաև
Օգոստոսի 5-ից մինչ օրս թիվ 38 ԸԸՀ-ում առաջադրվողներ չեն եղել:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ