Լրահոս
Օրվա լրահոսը

Ռետրո. Ինչպես կփոխեի Սահմանադրությունը

Օգոստոս 10,2013 18:51

Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում եթե նույնիսկ քննարկվում են,  ապա հիմնականում`  քաղաքական ուժերի կողմից: Վերջիններս, իրենց շահերից ելնելով, գալիս են համաձայնությունների կամ անհամաձայնությունների, բայց բոլոր դեպքերում ունեն քաղաքական (այսինքն` իշխանության գալու կամ իշխանությունը պահպանելու) նպատակներ:  Մնացած քաղաքացիներս` մարդիկ,  որոնք նման նպատակներ չունեն, տեսականորեն կարող են մասնակցել, այսպես կոչված, «հասարակական» քննարկումների,  բայց դրանք կազմակերպվում են այս կամ այն գրանտային ծրագրի շրջանակներում,  հետեւաբար` ձեւական են,  եւ բացի coffe break-ի խմորեղենից,  որեւէ դրական հետք չեն թողնում:

Մինչդեռ մեզնից (ապաքաղաքական տարրերից) յուրաքանչյուրն ունի Սահմանադրության իր պատկերացումը:  Փորձեմ շատ կարճ ներկայացնել իմը:

1. Չգիտեմ,  ինչ նկատի ունեին ներկայիս Սահմանադրության «հայրերը» երբ Հայաստանը բաժանեցին մարզերի եւ ստեղծեցին մարզպետարաններ, բայց դա, իմ կարծիքով,  կառավարման միանգամայն ավելորդ օղակ է, որը թերեւս կոչված է միայն կոորդինացնելու զանգվածային ընտրակեղծիքները:  Կոմունիստների գծած շրջանները շատ ավելի տրամաբանական էին: Բնականաբար,  թե շրջանների, թե համայնքների,  նաեւ Երեւանի, ղեկավարները պետք է ընտրվեն բնակչության կողմից եւ ունենան հակակշիռ` ի դեմս ավագանու (նույնպես ընտրված):

2.  Մյուս կողմից` ստրատեգիական հիմնարկները, որոնց թվին ես դասում եմ դպրոցներն ու մշակույթի տները,  պետք է վերցնել համայնքներից եւ տալ նախարարություններին: Թե չէ,  այսօրվա կիսատ-պռատությունը այդ հիմնարկները բացարձակ անտերության է մատնել:

3. Նախագահը պետք է ընտրվի 5 տարով`առանց վերընտրվելու իրավունքի: Երեկվա,  այսօրվա եւ վաղվա Հայաստանում ոչ մի նախագահ առանց կեղծիքների վերընտրվելու հնարավորություն չունի: $100-ից պակաս աշխատավարձ ստացող ընտրողները, որոնք բնակչության հիմնական զանգվածն են, չեն կարող համակրել իշխանությանը եւ նրա առաջին դեմքին: Թող 5 տարի ազդի ժողովրդի նյարդերին ու գնա:

4.  Նախագահը նշանակում է վարչապետին եւ նախարարներին, բայց թե վարչապետը,  թե նախարարները պետք է հաստատվեն խորհրդարանի կողմից: ԱԺ-ն պետք է նաեւ հնարավորություն ունենա նրանց պաշտոնանկ անելու` ձայների 2/3-ով:

5.  Իսկ երկքաղաքացիության արգելքը ես կթողնեի: Եթե որեւէ սփյուռքահայի ուշքն այդքան գնում է Հայրենիքի համար, թող հրաժարվի իր երկրի քաղաքացիությունից, գա Հայաստան ու դառնա ՀՀ քաղաքացի: Կարելի է տարբեր ձեւով վերաբերվել Վարդան Օսկանյանին կամ Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց հնարավոր չէ վիճարկել նրանց` Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու իրավունքը: Իսկ նրանք, ովքեր հեռվից բոցավառ ճառեր են արտասանում Հայաստանի մասին` այստեղ տարին մեկ անգամ «տուրիստ» գալով, այդ մարդիկ խոսելու տեղ չունեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

15.07.2005թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ալեքսանդր says:

    Շատ հակասական առաջարկներ են, թեև ամեն մարդ իրավունք ունի ունենալու իր պատկերացումները սահմանադրության մասին: Սակայն ամենակարևորև այն է, որ այսօր ոչ ոք, և առաջին հերթին իշխանությունը, չի գործում ըստ սահմանադրության:10 տարվա քաղաքացիության կարգավիճակի խախտումից սկսած:

  2. Spartak says:

    Պարոն Աբրահամյան, ես էլ,Դուք էլ,մեկ ուրիշն էլ, եթե երկրի ղեկավար լինեինք, Սահմանադրությունը մեր ուզած ձևով կհարմարեցնեինք/ԻՆՉՊԵՍ ՈՐ Է/:Երևի մի քիչ լավ, մի քիչ՝ վատ:Օրինակ՝ ես այնպիսի օրենք կընդունեի, որ միաշնորհությունը բիզնեսում անհնարին լիներ/ԿԱՆԵԻ՞/ : Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու իրավունք ունենային միայն պրոֆեսիոնալները /ՁԵՌՔ ԿՏԱ՞Ր/ :Դատաիրավական համակարգում… հանկարծ այնպիսի օրենք կիրառվեր, որ Լիսկայի կամ նրա նման մեկի հասցեին կրիմինալ մտքեր հրապարակելիս՝ անմիջապես պատկան մարմինները հետաքրքրվեին ոչ միայն նրան պատժելու, այլև՝ զրպարտողին պատասխանատվության կանչեին /ԾԻԾԱՂՍ ԵԿԱՎ/:Կամ՝ ԵՄ դեմ գնալով, աղանդների մուտքը Հայաստան կարգելեի, միասեռականներին չէի թողնի ազատ թափառեին երևանյան փողոցներում/ՈՒԺՍ ԿՊԱՏԵ՞Ր/:ԵՎ,վերջապես,արդար ու թափանցիկ ընտրությունները…Շունչս այստեղ չհերիքեց: Այդ ի՞նչ քաջ ղեկավար պիտի լինեմ, որ իմ ձեռքով օրենք ստորագրեմ՝ ինձ իմ աթոռից հրաժարվելու մասին:Հենց այստեղ քաջությունս չհերիքեց ու Ձեզ էլ և ոչ մեկին խորհուրդ չէի տա մտնել այդ դաշտ:Ոչ ոք թող գլուխ չգովա, թե դրախտ կսարքի երկիրը:Գալուստ Սահակյանին կփոխարինի ՊՈՂՈՍԸ, Լիսկայն՝ ՊԵՏՐՈՍԸ, Լֆիկին՝ մեկ ուրշը և այլն…Ես չեմ էլ ուզում հարմարվել այս վիճակին, պայքարել է պետք, ընդդիմադիր նոր ու երիտասարդ դեմք եմ ուզում տեսնել, որպեսզի պատկերացումներիս մեջ փոփոխություններ լինեն:

  3. Կարո Մելիքյան says:

    Ես կառաջարկեի սահմանադրությամբ նախատեսնել հոդված, ըստ որի՝ բոլոր այն ՀՀ քաղաքացիները ովքեր,այս կամ այն կերպ՝, Խոհրդային ժամանակաշրջանում եղել էն կոմկուսի,կոմսոմոլի ղեկավար, նոմենկլատուրային ֆունկցիոներ,ապա բացառել նրանց ընդգրկումը Երրորդ Հանրապետության ղեկավար պաշտոններում ՝(սկսած նախարարից եւ բարձր)։
    Քանի, որ այդ մարդիք իսկզբանե՝ծառայել էն ստին,կեղծիքին,չարիքին։Նրանք այսօր էլ ՝նույն բանը չանել չեն կարող։ Ես շատ ու շատ բաներ էլ կառաջարկեի,բայց ափսոս որ երազ էր…երգի մոտիվներն է հիշեցնում։ Տեսականորեն ՝ամեն ինչ կարելի է, բայց գործնականում՝գրեթե անհնար է, այսպիսի խորհրդարանի պարագայում…։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031