Մայրաքաղաքի հանգստի գոտիների եւ անտառպուրակային տարածքների, ինչպես նաեւ քաղաքի համար կարեւոր նշանակություն ունեցող վայրերի հարակից հատվածներում «Ավելի մաքուր Երեւան» ծրագրի շրջանակում շարունակվում են սանիտարական մաքրման աշխատանքները:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ շուրջ 400 կամավորների մասնակցությամբ մաքրվել եւ համապատասխան տեսքի է բերվել Նոր Նորք վարչական շրջանի Հայորդաց տան եւ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից անտառպուրակային հատվածը: Աշխատանքներին միացել էին նաեւ Երեւանի ավագանու անդամներ: Անհրաժեշտ բոլոր գործիքների եւ այլ պարագաների տրամադրումը հոգացել էր Երեւանի քաղաքապետարանը: Ջրցան մոքենաներով կազմակերպվել է նաեւ տարածքի ոռոգումը:
Աշխատանքներին տեղում ծանոթացել ու մաքրմանը միացել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: «Արձագանքելով քաղաքապետարանի ` «Ավելի մաքուր Երեւան» ծրագրին միանալու կոչին այսօր աշխատանքներին մասնակցում են ինչպես հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այնպես էլ վարչական շրջանի տասնյակ բնակիչներ, այդ թվում` երիտասարդներ ու դպրոցականներ, ինչը գործնականում փաստում է մայրաքաղաքի նկատմամբ նրանց սերն ու հոգատարությունը: Մենք նախապես դիմել էինք նաեւ Երեւանի ավագանու բոլոր խմբակցություններին` ակնկալելով նրանց մասնակցությունը: Այսօր միայն Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցությունն է արձագանքել եւ ակտիվորեն մասնակցում է ծրագրին»,-ընդգծել է Կամո Արեյանը:
Հաջորդ շաբաթ «Ավելի մաքուր Երեւան» ծրագրի շրջանակում սանմաքրման աշխատանքներ են նախատեսված Եռաբլուր պանթեոնի հարակից տարածքում: