Այս կարծիքին է իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանը
Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Շիրակի տարածքային գրասենյակի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ իշխանությունը երբեք ու երբեք անգործ չի թողնի Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի պես «մեծ պահանջարկ ունեցող մարդու տեսակին, ընտրությունների ժամանակ համապատասխան թվեր ապահովող պրոֆեսիոնալին»:
Ըստ, իրավապաշտպանի՝ ամենևին էլ զարմանալ պետք չէր, եթե թիվ 38 ընտրատարածքում ՀՀԿ-ն որոշեր առաջադրել ոչ թե Կապանի նախկին քաղաքապետ, Սուրեն Խաչատրյանի նախկին օգնական Արմեն Կարապետյանի, այլ հենց նախկին մարզպետի թեկնածությունը: Պատճառը, մեր զրուցակցի խոսքերով, այն է, որ Լիսկայի տեսակը Ազգային ժողովում լի ու լի կա: «Ես բացարձակապես չեմ զարմացել՝ լսելով, որ հենց նախկին մարզպետն է շահագրգռված Ազգային ժողովի պատգամավոր դառնալով, եթե շատ ուշադիր նայենք ընդհանրապես այս իշխանություններին, ռեժիմին հավատարիմ մարդկանցից ոչ մեկին ոչ մի տեղ էլ չեն ուղարկել մշտական, բոլորը իրենց զինանոցում են, պահեստում են, կամ եթե հանել են մի տեղից, ուրեմն պիտի տեղավորեն մեկ ուրիշ տեղ: Նարեկ Սարգսյանին էլ էս երկու օրը հանեցին և արդեն նրա համար պաշտոն են ստեղծել, որպեսզի էդ մարդը էդտեղ տեղավորվի և շարունակի Հայաստանի ողջ բնակչությանն ու Երևանի բնակչությանը իր ստեղծագործական մտքի թռիչքների զոհը դարձնել: Էդ իմաստով բացարձակապես պետք չէ զարմանալ: Իսկ Սյունիքի նախկին մարզպետի տեսակը չափից ավելի կարևոր է այս իշխանությունների համար, ինքը պարզապես մարզպետ չէր, ով ինչ-ինչ իրադարձություններից հետո այլևս ոչ մարզպետ է, իր դերակատարումը ավելի մեծ է, որը, ինչ խոսք, անմիջական կապ ունի երկրի ղեկավարի հետ:
Եվ երկրորդը՝ չպիտի մոռանանք, թե մեր երկրում ինչ հետաքրքիր մեխանիզմներ կան Ազգային ժողովը ձևավորելու: Մենք գիտենք, որ պատգամավորը ընտրելով չէ, ոնց որ թե նշանակելով է»,- ասում է մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Ըստ իրավապաշտպանի՝ այսպիսի ձեռագրով իշխանությունները ուզում են, որ ժողովուրդը ավելի լավ պատկերացնի ու հրաժարվի իր սին երազանքներից ու իլյուզիաներից, ասենք` մրցակցային ընտրություններ, թեկնածուներ առաջ քաշել, իշխանությունները կլինեն երաշխավորը ազատ ընտրությունների անցկացման և այլ գաղափարներից:
«Ազգային ժողովը Լիսկայի համար շատ հարազատ մթնոլորտ է, որովհետև էդ տեսակը Ազգային ժողովում լի ու լի կա: Էս տեսակը ցույց է տալիս, որ մեր իշխանությունները շահագրգռված չեն ունենալու Ազգային ժողով՝ որպես իշխանության մեկ առանձին, հիմնական մասը երեք իշխանություններից, որը ինքնուրույն է, պրոֆեսիոնալ, որը ի վիճակի է վերլուծելու, ի վիճակի է օրենսդրություն մշակելու, որը ի վիճակի է ներքին ու արտաքին տարբեր մարտահրավերների պատասխանելու» – խորհրդարանն այսպես է բնութագրում Սեյրան Մարտիրոսյանը:
Ի նկատի ունենալով, որ հանրապետության ամենաաղմկոտ պատմությունները կապվում են այս կամ այն ՀՀԿ-ականի անվան հետ, «Առավոտ»-ը Սեյրան Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով՝ ո՞վ ավելի շատ խայտառակեց սեփական կուսակցությանը` Ռուբեն Հայրապետյա՞նը, Մհեր Սեդրակյա՞նը, Վարդան Ղուկասյա՞նը, թե՞ Սուրեն Խաչատրյանը: «Ես մի բան կասեմ՝ այնքան աղմկոտ պատմություններ կան այս կուսակցության կերպարների շուրջ, որ ոչ թե պետք է նստենք ու նայենք, որ առանձին պաշտոնյաներ երբ հրաժարական կտան, այլ հրաժարական պետք է ներկայացնի հենց Հանրապետական կուսակցությունը, որովհետև էդ ամբողջը իր ներսում է կատարվում, բոլոր աղմկոտ պատմությունները` մեր Գյումրիից սկսած, կապվում է Հանրապետական կուսակցության հետ: Էդ կուսակցությունը կամ պետք է ինքնամաքրվի, կամ պետք է հրաժարական տա, բայց, ցավոք սրտի, նման բան չեն անի: Ճիշտ կլինի ինքնալուծարվի, սա գուցե և շատ լավ տարբերակ լինի ամբողջ Հայաստանի համար: Կուսակցություն նշանակում է գաղափարախոսություն, կուսակցություն նշանակում է հայեցակարգ, կուսակցություն նշանակում է էլի ուրիշ շատ-շատ բաներ, որոնք թվարկած այդ մարդկանցից որևէ մեկի հետ չեն կարող նույնանալ որևէ կերպ: Իմիջիայլոց, այդպիսի դեմքերը և դեպքերը ավելի շատ են այս կուսակցությունում, քան ձեր թվարկած անուններն են, ուղղակի նրանք անհամեմատ երևացողներն են, իսկ այդ մարդկանց օրինակները շատ վարակիչ են մյուսների, ավելի փոքրերի համար, և նրանցից յուրաքանչյուրը իր տարածքում փորձում է նմանակել էդ ձեռագիրը: Դա արժեքների խեղում է առնվազն մեկ առանձնին վերցրած կուսակցության շրջանակում»,- ասում է Սեյրան Մարտիրոսյանը:
Ի դեպ, իրավապաշտպանը, անդրադառնալով կուսակցության պատասխանատուներից մեկի՝ Գալուստ Սահակյանի հնչեցրած գնահատականներին` իր կուսակիցների արարքների ու ու առհասարակ երկրում ծագած այս կամ այն հրատապ թեմայի շուրջ, կարծիք հայտնեց, որ բարոյականության դիրքերից հանդես եկող այս մարդու ելույթներից ինչի հոտ ասես գալիս է՝ բացի բարոյականությունից: «Մարդը խոսում է, բոլորն անհամբեր սպասում են, բոլորը խոսեցնում են, որովհետև գիտեն, որ հերթական արտառոց բանը պիտի ասի, որը հետո շատ լավ պիտի ընկալվի բոլորի կողմից, թե ինչպիսին են մարդու հնարավորությունները անհեթեթություն ասելու ոլորտում, ոչ ադեկվատ խոսք ասելու ոլորտում, տեսնում ենք, թե ինչպիսի մտքի թռիչքներ նա կարող է ունենալ»,- քննադատում է Սեյրան Մարտիրոսյանը:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Միանգամայն համամիտ եմ,՝ Սեյրան Մարտիրոսյանի մեկնաբանությանը: Կուզեի ավելացնել, որ
Լիսկա է՝ նախագահը, վարչապետը, Աժ-ի նախագահը, և իրենց ոհմակը, որոնք երկիրը տանում են
կործանում, որը ցավով կտեսնենք մինչև այս տարվա վերջը:
Յարգելի՛ խմբագրութիւն,
Կը շնորհաւորեմ Ձեզ Ձեր առողջ և հաւասարակշռուած տեսակէտներուն համար:
Պէտք է Ձեզ շնորհաւորեմ նաև. Ձեր մաքուր հաերէնին համար, որու ճաշակը սկսած են կորսնցնել Ձեր պաշտօնակիցները:
Սակայն կը խնդրեմ, որ յառաջիկային համար նկատի ունենաք հետևեալները.
– իլյուզիա-յի հայերէնը պատրանք է:
– պրոֆեսիոնալ-ին հայերէնը արհեստավարժ է:
– «ի նկատի ունենալով»…սա հայերէն կամ աշխարհաբար չէ. պէտք է ըսել «նկատի ունենալով»՝ առանց ի-ի:
Խնդրեմ՝ նկատի ունենալ: Ո՛չ՝ ի նկատի ունենալ:
Յաջողութիւն:
Շնորհակալ ենք դիտողությունների համար: Անպայման նկատի կունենանք