Լրահոս
Օրվա լրահոսը

Հուսով ենք՝ պատշաճ կարժեւորվի իրավիճակը. «Բաց նամակ»՝ ՀՀ նախագահին

Օգոստոս 10,2013 13:37

Մեծարգո պարոն նախագահ Սերժ Սարգսյան,
Ինչպես հայտնի է, 2013 թվականին նշվում է հռչակավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակը:
Մամուլից մեզ հայտնի դարձավ, որ Լոս Անջելեսի Walt Disney Concert Hall hեղինակավոր համերգասրահում գալահամերգով բացվել է Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված երաժշտական փառատոնը՝ կազմակերպությամբ ՀՀ գլխավոր հյուպատոսության:
Ավաղ, ափսոսանքով պիտի նշել, որ իրականում, այսպես կոչված, «Լոս Անջելեսում Արամ Խաչատրյանին նվիրված փառատոնի» բացումը, պարզվում է, ոչ այլ ինչ է եղել, քան խաբեություն, որով փաստվում է այն անհարգալից վերաբերմունքը, որ ցուցաբերել են կազմակերպիչները Արամ Խաչատրյանի հանդեպ: Մի քանի ամիս առաջ, Հայաստանի գլխավոր հյուպատոսության կողմից մամուլում հայտարարվեց, որ Արամ Խաչատրյանի 110-ամյակի առթիվ Լոս Անջելես քաղաքում հայտարարվում է «Արամ Խաչատրյանի տարի»
եւ այդ առիթով նկատի է առնվում համերգներ Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ ու կամերային նվագախմբերի մասնակցությամբ, ինչպես նաեւ հայտարարություն այն մասին, որ կատարվելու է կոմպոզիտորի Ջութակի կոնցերտը՝ հռչակավոր Հոլիվուդ բոլ ամֆիթատրոնում: Պարզվեց, որ վերը նշված նվագախմբերի համերգային ծրագրերում նման բան գոյություն չունի, իսկ Լոս Անջելեսի քաղաքապետարանում էլ ոչ ոք 2013 թվականը չի հայտարարել «Արամ Խաչատրյանի տարի», իսկ Ջութակի կոնցերտի կատարումը Հոլիվուդ բոլում, ամբողջովին մտացածին է եւ հնարովի: Այնպես որ, առանց ժողովրդին տեղյակ պահելու, առանց հայտարարությունների ու հեռուստատեսային ծանուցումների, ծպտված, բոլորից թաքուն իրականացրած, այսպես կոչված, գալահամերգը երկպառակության, ասեկոսեների լայն ասպարեզ բացեց հասարակության առջեւ: Իրականում, հորինովի փառատոնի բացումը տեղի է ունեցել բոլորից գաղտնի, այն էլ ոչ թե Walt Disney Concert Hall -ում, այլ հեղինակավոր համերգասրահի միջանցքում, չորս երաժիշտներով եւ միայն քառասունի հասնող ներկաներով:
Դժվար է հավատալ, որ նման մոլորեցնող ապատեղեկատվությունը գալիս է Հայաստանի գլխավոր հյուպատոսության կողմից, որով հստակ կերպով երեւում է նաեւ ընդգծված անհարգալից վերաբերմունքը մեր ժամանակի խոշորագույն կոմպոզիտոր, հայ ժողովրդի հպարտությունը հանդիսացող Արամ Իլյիչ Խաչատրյանի հանդեպ:
Լոս Անջելեսի Հայաստանի գլխավոր հյուպատոսության նման աշխատաձեւն ու լուրջ բացթողումները գալիս են անշուշտ հեղինակավոր, մասնագետ դիվանագետների բացակայությունից: Նման խղճուկ, Արամ Խաչատրյանի պատվին ու փառքին անհարիր գալահամերգի կազմակերպում ՀՀ Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսության կողմից, ապացուցում է Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված փառատոնի կեղծ լինելը:
Հուսով ենք, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատշաճ կարժեւորի ստեղծված իրավիճակը:

ԷԼԼԱԴԱ ՉԱԽՈՅԱՆ, ՀՀ վաստակավոր արտիստուհի
ՌՈՒԲԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ, բժշկական գիտությունների թեկնածու
ԱՐԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031