Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանն ու «Բաժանիր, որ տիրես» սկզբունքը

Օգոստոս 10,2013 12:07

Երեւանի քաղաքապետարանն այսօր ավետեց, որ «Երեւանյան ամառ» ծրագրի շրջանակում երեւանաբնակ շուրջ 650 ժամկետային զինծառայողների ծնողներ մեկնել են Տավուշի մարզի եւ ՀՀ հարավային սահմանամերձ տարածքներ՝ տեսակցելու իրենց զավակներին: Ծրագրում ներառված են սոցիալապես անապահով ընտանիքները: Այցը  կազմակերպելու նպատակով ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները` ավտոբուսներին կուղեկցեն ճանապարհային ոստիկանության մեքենաները: Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ նման այցելությունների կազմակերպումը քաղաքապետարանի կողմից լինելու է շարունակական:

Անշուշտ անապահովի նկատմամբ նման ուշադրությունը գովելի է, բայց տրանսպորտի թանկացման քաղաքապետի համառ նախաձեռնության ֆոնին այլ եզրահանգման ես գալիս:

Հասկանալի է, որ այցը հեռավոր զորամաս խաղուպար չէ եւ քաղաքապետարանը որոշակի գումարներ է ծախսելու: Ու եթե Տարոն Մարգարյանը խոստանում է, որ այցելությունների կազմակերպումը քաղաքապետարանի կողմից լինելու է շարունակական, ուրեմն քաղաքապետարանը շարունակաբար է այս նպատակով գումարներ ծախսելու: Քաղաքապետարանի բյուջեն ձեւավորվում է նաեւ այս անապահովների վճարած հարկերից ու քաղաքապետարանը ուղղակի օգտակար ձեռնարկով վերադարձնում է գումարները:

Այս ամենը հրաշալի է: Այս ամենը նշանակում է նաեւ, որ քաղաքապետարանը ֆինանսական միջոցներ ունի ու եթե կարողանում է կազմակերպել անապահով ընտանիքների այցեր զինվոր որդուն, ապա այլ բան էլ կարող է անել` օրինակ չթանկացնել տրանսպորտի ուղեվարձը: Գուցե համադրելի չեն այցը զորամաս եւ տրանսպորտի թանկացումը, բայց փաստ է, որ միջոցներ կան: Պահանջվող գումարի մի մասը կա, իսկ դա արդեն քիչ բան չէ:

Սա կարդալով անապահով ընտանիքները կարող են ընդվզել` «թող անի էլի, թե չէ մենք երկու տարի մեր որդուն չենք տեսնի» տրամաբանությամբ: Բայց կա նաեւ «Բաժանիր, որ տիրես» տրամաբանությունը: Անապահովին տրանսպորտի թանկացման դեմ բողոքող ակտիվիստի դեմ հանելով այս տրամաբանությունը չէ՞, որ կիրառում է Երեւանի քաղաքապետը: Տրանսպորտից օգտվում է նաեւ անապահով խավը: Ավելին` հենց անապահով խավն է առավելապես օգտվում տրանսպորտից: Ո՞րն է ավելի ճիշտ` անապահով ողջ (ընդգծում եմ` ողջ) խավի փոխադրամիջոցը չթանկացնել, թե առանձին (ընդգծում եմ` առանձին) անապահովների համար զինվոր որդու հետ տեսակցություն ապահովել:  Անապահով խավին իր իսկ հաշվին բարեգործություն անելով քաղաքապետարանը ուզում է ասե՞լ «տեսնում եք փող լինի ավելի մեծ ծրագրեր կանեմ, տրանսպորտը չեմ թանկացնի»: Բայց հարցրել ե՞ք ապահովին, որն է նա նախընտրում` կարոտին դիմանալը՞, թե՞ թանկ տրանսպորտը:

«No comment» ներկայացման հերոսը խոսելով կարգապահ, օրինապահ, հոգատար պաշտոնյայի մասին, նկատում է «դա լավ չի, դա նորմալ է»: Լրիվ համաձայն եմ: Քաղաքապետարանն ու քաղաքապետը կարող են կարգապահ, օրինապահ, հոգատար` նորմալ լինել եւ զինվոր որդուն այցեր կազմակերպելով եւ տրանսպորտը չթանկացնելով: Նորմալ լինել կարելի է եւ պետք է: Հարկ է միայն չառաջնորդվել «Բաժանիր, որ տիրես» սկզբունքով:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031