«Պինդ նկարչության նուրբ արվեստագետի ներկայացուցիչ է: Նկարչությունն իր հունը այսօր չգիտես թե ուր է տանում, բայց Վարդիթերի ուրույն արվեստը մնայուն է լինելու»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նկարչուհի Վարդիթեր Կարապետյանի մասին նշեց գեղանկարիչ Ստեփան Մինասյանը:
Գեղանկարչի խոսքով Վարդիթերը նկարչության մեջ ստեղծեց իր դեմքը, որը ոչ մեկին գրեթե չի հաջողվում: Նրա ստեղծագործություններն արվեստի գործեր են: Նա ժողովրդի սերն ու վայելքն է վայելում, սակայն ղեկավարությունն արհամարհում է նկարիչ-վարպետներին: Բոլորն էլ արժանի են մեծ գովասանքի, ժամանակն է, որ բոլորին արժանացնեն պատվավոր կոչումների: Սառած ու անուշադիր լինել նկարիչների նկատմամբ չի կարելի:
Մեզ հետ զրույցում Վարդիթեր Կարապետյանը նշեց, որ ծերացել է եւ չի հասկանում, թե ինչ տրամադրությամբ է եկել սեփական նկարների ցուցահանդեսին.
«Ես շատ բարի մարդ եմ, ինչ-որ նկարել եմ սրտանց եմ արել: Իմ ամենասիրելի նկարներից մեկն է` Անդրանիկ Զորավարի նկարը, որը, ցավոք, այսօր չենք բերել: Աչքերս արդեն լավ չեն տեսնում, եւ, ցավոք, չեմ կարողանում հիմա էլ նկարել»:
Կարդացեք նաև
Երիտասարդներին նկարչուհին խորհուրդ տվեց սրտանց նկարել, բնությունից: Պետք չէ խզբզել եւ ուղղակի նկարել:
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի համոզմամբ նկարչուհին մեծ ավանդ եւ հետք կթողնի հայ նկարչության մեջ: Իր արվեստը հայ ստեղծագործության մեջ կմնա հավերժ.
«Ինձ շատ են հարցնում ուր են մեր Սարյանները, իսկ ես ասում եմ, որ այսօր պահանջարկ, հոգատարություն ու սեր չկա նկարչության նկատմամբ: Նկարիչներին չեն գնահատում, նրանք իրենց արժանի տեղը չեն գտնում»:
Ցուցահանդեսում ներկայացված էին նրա ավելի քան 110 աշխատանքներ տարբեր ժանրերում` բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ