Այսօր Կապանի բնապահպանական «Օրհուս» կենտրոնում քննարկվեցին Սյունիքի մարզում «Խուստուփ» պետական արգելավայրի ստեղծման եւ «Զանգեզուր» պետական արգելավայրի ընդլայնման հետ կապված խնդրահարույց մի շարք հարցեր:
Քննարկումը կազմակերպվել է հաշվի առնելով Գեղանուշ եւ Ճակատեն համայնքների կողմից բարձրացված դժգոհությունները, որոնք վերաբերում էին «Խուստուփ» արգելավայրի ստեղծմանը եւ խնդրի վերաբերյալ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի կողմից ՀՀ բնապահպանության նախարարին ուղղված նամակը:
Ստեղծվելիք «Խուստուփ» պետական արգելավայրի տարածքը ներառում է 6946.74 հա տարածք, որը գտնվում է Սյունիքի մարզի Ծավ (1154.93 հա), Լեռնաձոր (1565.04 հա), Գեղանուշ (3064.55 հա), Ճակատեն (1162.22 հա) համայնքների վարչական տարածքում: Գեղանուշի գյուղապետն իր առարկությունները ներկայացրեց արգելավայրի կանոնադրության նախագծի վերաբերյալ եւ նշեց, որ ինքը եւ համայնքի բնակչությունը դեմ են հողերը արգելավայրի օգտագործմանը տրամադրելուն, քանի որ ներկայիս նախագծով կսահմանափակվեն գյուղացիների իրավունքները՝ ազատ տեղաշարժվելու, անասուններին արածացնելու եւ այլ հարցերում: Կանոնադրության համաձայն՝ ստուգվելու են արգելոցի եւ արգելավայրերի տարածք մուտք գործող անձանց անցագրերը, արածեցումը լինելու է հերթափոխային եւ այլն, ինչին էլ դեմ են գեղանուշցիները:
«Գյուղացիները դեմ են եւ ասում են պետք լինի անասուններին քշելու ենք ճանապարհը փակենք: Որսն արգելվում է, անտառհատումն արգելվում է, մենք համաձայն ենք, բայց ուրիշ բան չպիտի արգելվի: Հովիվն իր ա գյուղում ինչի՞ պիտի անցագիրը գրպանը տանի անասունները արածացնի: Բացի այդ, մեր գյուղն ունի 80 հա արոտավայր ու էդ տարածքն արդեն անտառի է վերածվել: Մեր արոտավայրերը սարեր են, այդտեղ հերթափոխային արածեցում հնարավոր չի: Դուք վերցնում եք մեր թույլտվությունը, հետո խնդիրները դնում մեր դեմը: Քարտեզի տակ մենք ստորագրել ենք այն ժամանակ, հիմա որոշումը կարդում ենք՝ ուրիշ բան է, ինչպե՞ս վստահ լինենք, որ հիմա մեր համաձայնությունը տալով նոր որոշում դուրս չի գալու: Արգելավայրի ամենամեծ տարածքը՝ 3064.55 հա, մեր տարածքից է տրվում եւ ես պատասխան եմ տալիս ոչ միայն Գեղանուշ համայնքի համար, այլեւ՝ Գոմարան, Բաղաբուրջ եւ Վաչագան: Որտե՞ղ են էդ գյուղացիները տանելու անասուններն արածացնելու կամ որտեղի՞ց են խոտ բերելու: Բեզոարյան այծի մասին մտածում են, բայց ժողովրդի մասին չեն մտածում», – հանդիպմանը ներկա գտնվող պատասխանատուներին իր մտահոգությունը հայտնեց գյուղապետ Իվան Կոստանդյանը:
Կարդացեք նաև
Ճակատենի գյուղապետ Արծրունի Հարությունյանը հանդիպման ժամանակ դժգոհություն հայտնեց, որ գյուղացիների հետ ձեռքբերված նախնական պայմանավորվածությունները խախտվել են ծրագրի իրականացնողների կողմից:
«Էն ժամանակ մեր գյուղ եկան ծրագրի ներկայացուցիչները, ավագանուն հավաքեցին, ստեղծվելիք արգելավայրի տարածքը ցույց տվեցին՝ ասեցին սարից 500 գծամետր ներքեւ է լինելու: Բայց դրանից 2 ամիս հետո մի խումբ եկավ, թե էստեղ ուղեփակոց ենք դնում: Մենք թուլ չտվեցինք: էսօր իբրեւ գյուղացին մի օրում է, հիմա էլ բերում եք չափարը դնում գյուղացու դեմն ու ասում՝ դե ապրի, առանց էն էլ արտագաղթն էնքան շատ է, որ չգիտենք ինչ անենք: էդ արգելոցը, որ ստեղծում եք, նեղում եք ժողովրդին: Էսօր կարող է փիշիմ-փիշիմ անեք՝ համաձայնվեն գյուղացիները, հետո սկսելու եք արգելել ու արգելել…», -ասաց Ճակատենի գյուղապետ Արծրունի Հարությունյանը: «Բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացում» ծրագրի ղեկավար Կարեն Ճենտերեճյանը պարզաբանեց, որ նախագծերի նոր կանոնադրություններով համայնքներին թույլատրվելու է հերթափոխային արածեցում, խոտհունձ անել, բույսերի հավաք եւ գյուղատնտեսական մի շարք այլ գործունեությամբ զբաղվել: Նրա խոսքով՝ մյուս համայնքներում գյուղացիների կողմից առարկություններ չեն եղել:
«Մենք առանձին հանդիպումներ ենք ունեցել նաեւ Սիսիանի տարածաշրջանի համայնքների ժողովրդի հետ, այնտեղ ոչ մի առարկություն չի եղել, բայց, քանի որ այստեղ խնդիր կար, եկել ենք տեղում քննարկելու, դիտողություններն ու առաջարկությունները հաշվի առնելու եւ դրանք փոխանցելու կառավարությանը: Մյուս համայնքներում բնակիչների մտահոգություն այն էր, թե իրենք կարողանալո՞ւ են անասուններին արածացնել, խոտհունձ անել եւ այլն, ասեցինք՝ այո: Նշենք, որ նոր նախագիծն ընդունվելու դեպքում, հնարավորություն կտրվի համայնքներին իրենց հողերի վրա ստեղծել եւ կառավարել բնության հատուկ պահպանվող տարածքները», – ասաց Կարեն Ճենտերեճյանը:
Իսկ կառավարության օգոստոսի 8-ի համապատասխան որոշման նախագծով նախատեսվում է ՝ «Շիկահող» պետական արգելոց եւ «Արեւիկ» ազգային պարկը միաձուլման ձեւով վերակազմակերպել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի, որի մեջ կընդգրկվեն «Արեւիկ» ազգային պարկը, «Շիկահող» պետական արգելոցը, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար», եւ «Սեւ լիճ» պետական արգելավայրերը:
«Խուստուփ» բնապահպանական Հ/Կ նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը դեմ արտահայտվեց խոշորացման նախագծին, նշելով, որ նմանատիպ նախադեպ եղել է նաեւ 90-ականներին, որը հաջողությամբ չի պսակվել, ինչը կլինի նաեւ այս դեպքում: Համակարգն այսօր չունի անհրաժեշտ հնարավորությունն ու պայմանները լիարժեք հսկողություն իրականացնելու հսկայական տարածքներում: Նրա համոզմամբ արգելոցներն ավելի լավ կպահպանվեն առանձին գործելու դեպքում:
«Անտառային տնտեսությունները, այդ թվում նաեւ արգելավայրերն ու արգելոցները, ամենօրյա հսկողության աշխատանքների կարիք ունեն: Լիովին դեմ եմ այս խոշորացմանը, որովհետեւ սա չի աշխատելու, եթե արվի, ապա մի քանի տարի հետո նորից լուծարվելու են դառնան առանձին տնտեսություններ», – նշեց բնապահպան, անտառագետ Վլադիկ Մարտիրոսյանը՝ մանրամասն ներկայացնելով իր հիմնավորումները:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ