«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամները այսօր Ազատության հրապարակից «Միացիր» կոչերով միացան քաղաքապետարանի դիմաց նստացույց անող երեք ակտիվիստներին:
Այստեղ, «երեքից մեկն էլ ես եմ» պաստառները պարզած, կոչերով դիմեցին քաղաքապետ Տարոն Մարգարյանին.«Տարոն նայի երեք չի»:
Ակցիայի մասնակիցներից մեկը ասաց, որ քաղաքում արդեն ստորագրահավաք է սկսվել «Երեւան Տրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանի եւ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի պաշտոնանկության պահանջով եւ դա ցույց կտա, որ քաղաքապետը ճիշտ չի ասել, թե այդ պաշտոնյաների հրաժարականը ընդամենը երեք հոգու պահանջ է. «Դա ցույց կտա` ժողովրդի մեծ մասը կողմ է, որ տվյալ կոռումպացված պաշտոնյաները չծառայեն ժողովրդին: Այն պաշտոնյաները, որոնք աշխատավարձ են ստանում մեր հարկերից եւ պատշաճ ծառայություն չեն մատուցում, իրավունք չունեն ծառայել ժողովրդին տվյալ պայմաններում»:
Ազատության հրապարակից ակտիվիստներին միացան նաեւ մի քանի ազատամարտիկներ, իսկ արդեն քաղաքապետարանի դիմաց նրանցից մեկը` Խաչատուր Խաչատրյանը, ակտիվիստներին պայքարի համար շնորհակալություն հայտնեց ու գովեց նրանց համառությունը. «Դուք կերտում եք ձեր վաղվա օրը արդարությամբ: Ձեր պահանջները արդար են եւ սուրբ, չհարգողը առնվազն կասկածվում է»:
Կարդացեք նաև
Հետո նա դիտողություն արեց քաղաքապետին. «Այս խոտածածկը 60-70 տոկոս սահմանային խոնավություն է պահանջում հողի, բայց այսօր ճահճանոց է: Կփչացնեք ժողովուրդ, մեր քրտինքով ենք սա փորել ու ցանել: Եթե ես քաղաքապետ լինեի…»: Հիշեցնենք, որ վերջին օրերին քաղաքապետարանի դիմաց կանաչ տարածքը այնքան է ջրվում, որ լիճ է գոյացել:
Ազատամարտիկը հետո կրկին դիմեց երիտասարդներին` այս անգամ շնորհակալություն հայտնելով նրանց ծնողներին. «Որ այսպիսի երիտասարդներ են դաստիարակել: Այսօր հանրապետության բնակչության 99 տոկոսը արդարադատություն է պահանջում, իսկ դուք արդարության մարտիկներ եք: Փառք ձեզ»:
Ազատության հրապարակից նստացույցի մասնակիցներին միացած ակտիվիստներին իրենց շնորհակալությունը հայտնեց նաեւ նստացույցի մասնակից Վահագն Մինասյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ