Վարչապետ Տիգրան Սարգսյանը հյուրընկալվել է Սևանա լճի ափին տեղակայված «Միասին» երիտասարդական շարժման մասնակիցներին, ծանոթացել նրանց առօրյային, ճամբարի պայմաններին:
Վարչապետը զրուցել է ճամբարականների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին և ներկայացրել իր տեսլականը Հայաստանի զարգացման հարցում: «Մրցունակ Հայաստան նշանակում է գիտելիքի վրա հիմնված պետություն: Սա է մեր երկրի զարգացման հիմքը: Որպեսզի համարվենք զարգացած երկիր, պետք է արագորեն հարմարվենք արագ փոփոխություններին, ինչը թելադրում է նոր գիտելիքների ստեղծում»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Այդ համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է գիտելիքի զարգացմանն ու նոր գաղափարների իրականացմանը ձգտող երիտասարդների առկայությունը, կրթական հաստատությունների կողմից որակյալ կրթություն տրամադրելու հնարավորությունը: Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարության առաջնային նպատակներից մեկն առաջիկա տարիների համար առնվազն հինգ հայկական բուհի միջազգային հավատարմագրումն է, ինչը բարձրորակ կրթության առաջին նախապայմանն է:
Պատասխանելով վերջին տարիների ընթացքում մեր երկրում իրականացված կարևորագույն բարեփոխումների մասին հարցին՝ վարչապետն առանձնացրել է հատկապես կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը, որը կսկսի գործել 2014 թվականի հունվարի 1-ից: «Մենք այս համակարգի ներդրմանը պատրաստվել ենք 10 տարի: Այն ուղղված է հասարակության յուրաքանչյուր անդամի և ընդգրկում է բոլոր ոլորտները: Այս մոդելը ենթադրում է մտածողության փոփոխություն և առաջիկա հինգ տարիների ընթացքում մեր հասարակության մտածողությունը որակապես կփոխվի: Այսուհետ ձեր կենսաթոշակի, բարվոք ծերության մասին պետք է մտածի ոչ միայն պետությունը, այլև դուք՝ ձեր աշխատելու առաջին իսկ օրվանից: Յուրաքանչյուր ամիս ձեր անհատական հաշվին պետք է փոխանցեք եկամտի 5 տոկոսը, ինքնուրույն ընտրելով նաև այն հիմնադրամը, որտեղ պետք է բացեք ձեր անհատական հաշիվը»,- դիմելով երիտասարդներին՝ նշել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետն ընդգծել է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի հայաստանյան մոդելը Համաշխարհային բանկի կողմից գնահատվել է օրինակելի, քանի որ այս ոլորտում բարեփոխումները մեր երկիրն իրականացրել է՝ հաշվի առնելով տարբեր պետությունների դրական և բացասական քայլերը:
Որպես արդյունավետ բարեփոխում՝ վարչապետն առանձնացրել է նաև կենսաթոշակային ոլորտում էլեկտրոնային տվյալների բազայի ներդրումը, որի արդյունքում էապես նվազեցվել են չարաշահումները, կոռուպցիոն ռիսկերը և տնտեսվել մեծածավալ միջոցներ:
Կարդացեք նաև
«Բացի այդ, մեր երկրում այսօր ընդամենը 15 րոպեում ինտերնետի միջոցով հնարավոր է գրանցել ձեռնարկություն, ինչը բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ ունի մեծ նշանակություն: Մենք դասվում ենք աշխարհի առաջին չորս երկրների շարքին, որոնք հնարավորություն են տվել քաղաքացիներին աշխարհի յուրաքանչյուր ծայրից հետևել պետական բյուջեի ծախսերին: Սա ապահովում է հանրության վերահսկելիությունը բյուջետային միջոցների նկատմամբ, ինչը մենք մեծապես կարևորում ենք»,- ասել է վարչապետը՝ անդրադառնալով այլ բարեփոխումներին ևս:
Այնուհետև երիտասարդների խնդրանքով կառավարության ղեկավարը խոսել է մշակույթի, կրթության և այլ ոլորտներին առնչվող տարբեր հարցերի շուրջ:
«Արատավոր երևույթների դեմ պայքար. բարեփոխումներին աջակցություն» խորագրով անցկացվող Ճամբարին մասնակցում են «Միասին» երիտասարդական շարժման 200 ակտիվիստներ:
ՀՀ կառավարություն