-Մա՛մ, իսկ դու երազանք ունե՞ս:
-Ունեցել եմ…
-Իսկ հիմա՞:
Կարդացեք նաև
-Հիմա նա կողքիս է ու հարցեր է տալիս…
Հոգեբանության մեջ երազանքը սահմանվում է որպես ցանկալի ապագայի պատկեր, որը ստեղծվում է առավելապես երևակայության աշխատանքի շնորհիվ: Երևի չկա այնպիսի մարդ, ով մանուկ ժամանակ չի երազել կախարդական փայտիկ ունենալու կամ անտեսանելի լինելու մասին: Մեծանալուն պես երազանքները փոխվում են, մարդիկ հետամուտ են լինում դրանց իրականացմանը: Այսօր «Առավոտ երիտասարդականը» խոսելու է ոչ թե գտնված երազների, այլ չիրականացվածների մասին, փորձելու ենք պարզել դրանց պատճառները: Ռուզան Մարտիրոսյանը երազում էր դերասանուհի դառնալ, սակայն այժմ սովորում է լրագրության ֆակուլտետում: Պատմում է . «Հայաստանում չէի ուզում դերասանուհի դառնալ, որովհետև այստեղ ոչ թե դերասանություն է , այլ խեղկատակություն, ստիպված եղա ընտրել ժուռնալիստի մասնագիտությունը: Ճակատագիր է…»: 17-ամյա Մարտինն էլ ասում է ՝ երազում էր ֆուտբոլիստ դառնալ, տարիներ շարունակ պարապել է նախ Իմպուլս, ապա Միկա ֆոտւբոլային թիմերում, սակայն առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է սպորտից. «Փողոցում վիճաբանության ժամանակ ուղեղի ցնցում ստացա, տեսողությունս էլ վատացավ, համարյա մեկ տարի չհաճախեցի ֆուտբոլի, դրանից հետո կարողացա վերականգնել նախկին մարզական վիճակս»: Այդ բացը լրացնելու համար Մարտինը ձգտում է մարզական լրագրող դառնալ. «Ես երբեք չեմ կարող հեռու մնալ ֆուտբոլից, հիմա էլ հաճախ ենք ընկերներով խաղում: Սպորտին մոտ լինելով՝ ինչ-որ չափով կարոտս կառնեմ»,-ասում է նա: 22-ամյա Լուիզա Դանիելյանի չիրականացված երազանքն էլ պարուհի դառնալն է. «Երբ դեռահաս էի, հաճախում էի պարի խմբակի, սակայն ընտանիքումս ֆինանսական խնդիրներ առաջացան, ստիպված եղա «ժամանակավոր» հրաժարվել երազանքիցս, բայց դա շատ տևեց: Հետո ստիպված եղա մտածել միայն կրթությանս մասին,-պատմում է նա և հավելում,- հիմա հեռուստատեսությամբ պարային հանդեսներ չեմ կարողանում նայել, մի քիչ հուզվում եմ ու զղջում…»:
Երբեմն ծնողները ցանկանում են, որ իրենց երեխաները իրականություն դարձնեն այն ամենը, ինչ իրենց չի հաջողվել: Փաստում են հոլանդացի գիտնականները: Բանն այն է, որ Հոլանդիայում Օհայո նահանգի համալսարանի գիտնականների իրականացրած հետազոտությանը մասնակցել են 43-ամյա 73 ծնողներ, ովքեր ունեն 8-15 տարեկան երեխաներ: Նրանց առաջարկել են հոգեբանական թեստ՝ պարզելու, թե որքանով են երեխաների մեջ տեսնում իրենց շարունակությունը կամ նրանց համարում առանձին անհատներ: Պարզվել է, որ այն ծնողները, ովքեր հիշել են սեփական անհաջողությունները, ավելի շատ են հակված երեխաներին իրենց շարունակությունը համարելու: Արդյունքում սեփական երեխաների հաջողությունները ծնողները համարում են իրենցը:
Նազենի Բաղդասարյան