Քիչ առաջ Ազատության հրապարակից «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամները շարժվեցին դեպի քաղաքապետարան՝ «Միացեք» կոչերով եւ «Երեքից մեկը ես եմ» ցուցապաստառներով: Ցուցարարները պահանջում են տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հրաժարականը եւ դատապարտում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարությունը, թե այդ պահանջները ներկայացնում են երեք հոգի: Ակտիվիստները ծափահարում են եւ միաբերան «այո» գոռում: Նրանք նաեւ անցորդներին կոչ են անում միանալ, բացատրելով, որ պահանջում են երկու պաշտոնյաների հրաժարականը, որոնք տեղ չունեն պետական համակարգում:
Նրանք կոչ են անում քաղաքացիներին, թե` «Հայաստանի փրկությունը կախված է մեկ մարդուց եւ այդ փրկությունը դու ես, պայքարենք այսօրվա հանցավոր ռեժիմի դեմ, խնդրում ենք միանալ մեկ մարդու պես»: Ակտիվիստները նաեւ մաթեմատիկայի դաս են անցկացնում, հեգնելով քաղաքապետի հաշվարկը, թե ընդամենը երեք հոգու պայքար է սա եւ կատակում են. «Քաղաքապետին սովորեցնենք, որ 5-ին գումարած 1 հավասար է 6, 6-ին գումարած 4 հավասար է տասը եւ մենք 3-ը չենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Սեդա Գրիգորյանի. «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության ՖԲ-յան էջից
Կարդացեք նաև