Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկները երկու թեւի են բաժանվել, լեզու չեն գտնում

Օգոստոս 09,2013 17:33

Փոխգնդապետ, ազատամարտիկ Սամվել Մկրտչյանի խոսքերով, ազատամարտիկների պայքարը շեղվել է բուն նպատակից, իսկ ազատամարտիկները բաժանվել են երկու տարբեր խմբերի:

«Հուլիսի 31-ին ազատամարտիկների հրամանատարական կազմով ժողով ենք արել, քննարկել պայքարի ձեւերը: Հարց բարձրացվեց, եթե մեր խնդիրներն ենք առաջ քաշում, ժողովրդի խնդիրները ո՞ւր պետք է մնան: Ես էլ ասացի` մենք  սկսել ենք մեր պայքարը մեր սոցիալ-իրավական հարցերից, մենք  էլ ենք ժողովրդի մի մասնիկը, եթե մեր խնդիրները լուծվեն, ուրեմն ժողովրդի, ընտանիքի խնդիրներն են լուծվում: Մյուս թեւի ազատամարտիկներից էլ ասացին` եթե ժամանակին մեր հայրենիքի մասին ենք մտածել , ապա ինչո՞ւ էսօր պետք է առանձնացնենք մեզ ժողովրդից, բայց իմ կարծիքով, ժողովուրդ հասկացությունը լայն է եւ մեզ այդքան  իրավունք չեն տվել, որ ժողովրդի անունից խոսենք»,- պատմեց պարոն Մկրտչյանը:

Նա նաեւ դժգոհեց, որ իրենց հանրահավաքներին խառնվել են նաեւ կուսակցությունները` նկատի ունենալով երեկ Ազատության հրապարակում իրենց զորակցություն հայտնելու եկած «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին. «Մինչեւ հիմա որեւէ կուսակցության հետ  կոնտակտի մեջ չենք մտել, ոչ էլ թույլ ենք տվել կուսակցական ելույթ ունենալ: Ազատամարտիկների հարցը տարվում է կուսակցականացման: Սոցիալ-իրավական պայքարից մեր պայքարը շեղվում է»:

Թե ովքեր են պայքարը շեղողները, պարոն Մկրտչյանը դժվարացավ ասել. «Տղերք են, դեռ չեմ կարող հաստատ  ասել, թե ինչքան լումա ունեն պատերազմում ներդրած, ներկայացնում են իրենց հրամանատարությունը, ջոկատների անուններ են տալիս, նրան մեջ է նախկին հացադուլավորը` Խաչիկ Ավետիսյանը, հացադուլին նստեց ու  հետո ասաց` իրենց  պահանջներն ավելի են ընդլայնում: Երեկ էլ հանրահավաքը վարող, ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը հայտարարում էր` այսօր տարակուսանքի մեջ ենք, որովհետեւ խախտվել է մեր առաջին գծի կանոնը: Մենք պատասխանատվություն ենք կրում մեր ժողովրդի հանդեպ: Ինչ-որ մարդիկ հայտարարում են, որ մենք հաց ենք ուզում: Էդ հաց ուզողներ ասելով էլ` մեզ նկատի ուներ, դա նկատի ուներ այն թեւին, որոնք սոցիալական հարցեր են բարձրացնում: Հետո էլ շարունակեց, թե ` այո’, ազատամարտիկների մեծամասնությունն իսկապես անապահով է, բայց նույնքան անապահով է ամբողջ ժողովուրդը: Ես կողմ չեմ մեր խնդիրները լայնացնել եւ ժողովրդական լայն հարցեր բարձրացնել, որովհետեւ նման հարցերը  լայնացնելով, գերատեսչությունները  կասեն, որ չենք կարող ձեզ օգնել, որովհետեւ պետության ուժերից վեր խնդիրներ եք դնում»:

Պարոն Մկրտչյանը նաեւ հավելեց, որ երեկվա հանրահավաքին իրենց կողմնակիցները հրաժարվել են մասնակցել` չհամաձայնելով հանրահավաքը կազմակերպող թեւի գաղափարների հետ: Նա նաեւ չբացառեց, որ առաջիկայում ազատամարտիկներով կրկին հավաքվեն, քննարկեն եւ իրենց պահանջները ներկայացնեն տարբեր թեւերով` միմյանց հետ չհամագործակցելով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Զուտ հայկական սցենար…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031