Լրահոս
Օրվա լրահոսը

Սոնա Այվազյան. «Դա ցուցարարների իրավունքն էր, և այդ վերաբերմունքը լիովին արդարացված էր»

Օգոստոս 09,2013 17:10

«Միգուցե ճիշտ չէր, սակայն դա ինքնաբուխ որոշում էր տվյալ պահին ներկա գտնվող բոլոր մասնակիցների կողմից»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք ճ՞իշտ վարվեցին Մաշտոցի պուրակի ակտիվիստները, երբ «Հ1», «Արմնյուզ» և «Շանթ» հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին թույլ չտվեցին նկարահանել Մաշտոցի պուրակի Հանրային ժողովը, որին ժամանել էին մասնակցելու նաև Հանրային խորհրդի որոշ ներկայացուցիչներ, այսպես պատասխանեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը:

Հիշեցնենք, որ քաղաքացիական շարժման ներկայացուցիչների հիմնական պնդումն այն էր, որ վերոնշյալ հեռուստաընկերությունների գործունեությունն ուղղորդված է, ինչը ոտնահարում է ազատ խոսքի իրավունքը:

Aravot.am-ի հետ զրույցում նշված հեռուստաընկերությունների պատասխանատուները կարծիք էին հայտնել, որ ակտիվիստների պնդումներն անհիմն են:

Ս. Այվազյանը միջադեպին անդրադառնալով՝ նաև նշեց. «Այդ թվում նաև նույնքան պատասխանատվություն էին կրում Հանրային խորհրդի ներկայացուցիչները, որոնք եթե կարծում էին, որ դա ճիշտ չէ, կարող էին այդ հարցը բարձրացնել: Եթե դա լիներ ռազմավարություն, որ որդեգրել են ցուցարարները՝ համաձայն որի միայն այդ ԶԼՄ-ների հետ են աշխատում, մյուսների հետ՝ ոչ, միգուցե դա սխալ կդիտարկվեր գործունեության թափանցիկության և խոսքի ազատության ապահովման առումով, սակայն, որովհետև դա տվյալ պահի ինքնաբուխ որոշում էր, ցուցարարներն արտահայտում էին իրենց վերաբերմունքը նշված հեռուստաընկերությունների կողմնակալ վերաբերմունքի կապակցությամբ, դա բավականին տեղին էր»:

Մեր այն դիտարկմանը, թե հեռուստաընկերությունների հիմնական հակադարձումն այն է, որ ակտիվիստները խոչընդոտել են խոսքի ազատությանը, Ս. Այվազյանն այսպես արձագանքեց. «Այդ հեռուստաընկերություններն ունեցել են հնարավորություն լուսաբանելու այդ ողջ գործընթացը: Նրանք այդ օրը եկել էին միայն այն բանի համար, որ Հանրային խորհուրդն էր այդտեղ և դա հերթական շոուն էր լինելու: Միգուցե դա ինչ-որ չափով զգացմունքային լուծում էր, սակայն արտահայտում էր այն պատկերը, որ կա: Այդ հեռուստաընկերությունները չեն տվել ինֆորմացիա ակտիվիստների գործունեության մասին, և այդ խնդրի լուսաբանում չեն իրականացրել, ու տվյալ դեպքում կանխվեց հերթական շոուի իրականացումը: Չեմ ուզում ասել, որ դա ճիշտ ռազմավարություն է առհասարակ, բայց տվյալ պահի համար դա ճիշտ լուծում էր և իրենց վերաբերմունքն արտահայտեցին այն լրատվամիջոցներին, մասնավորապես «Հ1»-ին, որը հանրային ռեսուրսներով է գոյատևում, բայց հանրային խնդիրները չի լուսաբանում: Այդ առումով դա ինչ-որ չափով տեղին էր և հեռուստաընկերություններն իրենք պետք է հետևություններ անեն: Չեմ կարծում, որ ցուցարարները դա կորդեգրեն որպես սկզբունք և այսուհետև այդպես կվարվեն, այլ հնարավորություն կունենան և´ ցույց տալ իրենց վերաբերմունքը նման կողմնակալ լուսաբանման նկատմամբ, և´ չխոչընդոտել: Բայց դա նրանց իրավունքն էր և այդ վերաբերմունքը լիովին արդարացված էր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հուսիկ says:

    Շատ զարմանալի է: Հակակոռուպցիոն գործունեությամբ զբաղվող կազմակերպությունը, որը գումարներ է ստանում արտասահմանից և որի առաքելության մեջ է երևի մտնում նաև խոսքի ազատության պաշտպանությունը, կուսակցականի և ամբողջությամբ քաղաքականացված մասսայի հոգեբանությամբ գնահատականներ է տալիս: Հարգելիներս միայն իշխանություններին վատաբանելու և տեղին քննադատելու, այս կամ այն քաղաքական գործչին հակառակվելը չի նշանակում ազատ խոսք: Հակակոռուպցիոները, ակտիվիստը եվ ընդդիմադիրը ևս կարող է և հաճախ այդպես էլ լինում է խոչընդոտում են լրագրողին և լրատվամիջոցին, թաքնվելով ինչ որ քաղաքական, չփաստարկված բացատրությունների տակ: Դուք չեք որոշում թե որն է ազատն ու անազատը: Դա որոշում է հասարակությունը, իսկ այն բազմաշերտ է: Հետո էլ կանգնում ու հայտարարում են ազատ մամուլ չկա: Եթե չորս կողմից ով չի ալարում իրեն շատ խելացիի տեղ է դնում ու սկսում է լրատվամիջոցի հասցեին կարծիք հայտնել, ապա չեք ունենա ազատ մամուլ: Երևի Ձեզ դա էլ պետք է հակակոռուպցիոն շղարշի տակ: Եվ հետո լուսահոգի պապս մի լավ խոսք ուներ ճշտի ու սխալի մասին: Նա ասում էր մարդիկ հաճախ մեծբերանությունը խառնում են ճիշտ խոսելու հետ…………………

    • ani says:

      Հարգելի Հուսիկ, հայաստանյան հեռուստաընկերությունները խոսքի ազատության հետ ոչ մի աղերս չունեն: Իրենք ՀՀ նախագահի աթոռին բազմած անձնավորության պատվերները կատարողներն են տարիներ շարունակ: եթե նախագահը հրահանգեց հերոսացնել տականքին, կհերոսացնեն, եթե հրահանգեց վարկաբեկել այս կամ այն գործչին, մարդուն կամ որևէ իրադարձություն կամ շարժում, ապա այդպես էլ կանեն: Հայաստանի նահանջի ու մեր հասարակության այդքան չտեղեկացված լինելու ամենամեծ մեղավորներն են այդ հեռուստաընկերությունները: Այս բոյկոտը վաղուց պիտի արվեր, Ա1+ հեռուստաընկերությունը եթերազրկելուց հետո

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031