Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանքավայրերի եկամուտների 80%-ը գնում է անհատների ու օտարերկրացիների գրպանը»

Օգոստոս 09,2013 16:50

«Մենք նավթի եւ գազի հանքավայրեր չունենք եւ դժվար թե ունենանք»,-այսօր «Էկոլուր» ակումբում ասաց ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի առաջատար մասնագետ եւ երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչ Ավագյանը, պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե գազի եւ նավթի որոնողական աշխատանքներն ինչ արդյունք ունեցան:

Պարոն Ավագյանի ներկայացմամբ` շատ վայրերում՝ Կոտայքում, Շիրակում Արարատյան դաշտավայրում որոնողական աշխատանքներ են կատարվել եւ 4500 մետր հորատանցքեր են արել. «Եվ միայն մի հորատանցքից 30 ատմասֆեր ճնշման գազ է դուրս եկել, որը 1.5 օր հետո սպառվել է»:

Հարցին էլ՝ թե ինչ կարծիք ունի մասնագետը Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ, պարոն Ավագյանն ասաց. «Ամուլսարի հանքավայրում գնահատված է միայն ոսկին, հաշվեկշռային եւ արտահաշվեկշռային ոսկու պաշարները մոտ 25 հազար կիլոգրամ են, արծաթը նույնիսկ չի գնահատված, ոսկուց բացի այնտեղ կան 24 այլ տարրեր` ծանր մետաղներ եւ թունավոր տարրեր, իսկ ծանր մետաղները շատ վնանգավոր են ժողովրդի համար` անկախ նրանից, սնունդի հետ կընդունեն, թե շնչառական օրգաններով, քաղցկեղածին են: Ունենք կուրորտային քաղաք` Ջերմուկը, որ պարծենում են, թե պետք է դարձնեն միջազգային կենտրոն, ուրեմն խաչ պիտի քաշել Ջերմուկի վրա, չի կարելի թույլ տալ շահագործել Ամուլսարը»:

Երկրաբանը ներկայումս գիտական գրքի վրա է աշխատում, որտեղ նաեւ ներկայացնելու է հանքավայրերի վնասներն ու այլ մանրամասները. գրքում, ինչպես մասնագետն ասաց, նաեւ խոսվելու է, թե ինչու չէր կարելի ոսկի-բազմամետաղային հանքավայրերը տալ մասնավորին.«Քաջարանը, Սոտքը,  Շահումյանը, Արմանիսը, ոսկի- բազմամետաղային հանքավայրերը չէր կարելի տալ մասնավորին, դրանք պետք է պետությունը, կառավարությունը շահագործի, իսկ օգուտները բյուջե մտնի եւ ծառայի ժողովրդին: Ընդերքի հարստությունը 1-2 հոգունը չեն, հատկապես արտասահմանից մեզ մոտ եկած, կամ կողքի նստած, որոնք մասնակցություն չեն ունեցել հայտնաբերման գործում: Հանքավայրերից ստացած եկամտի 20%-ն  է պետության բյուջե մտնում, 80 %-ը անհատներ եւ արտասահմանյան կազմակերպությունների գրպաններն են գնում: Մեզ դրանից ոչ մի օգուտ չկա»:

«Էկոլուրի» ակումբավար եւ հասարակական կազմակերպության

ղեկավար Ինգա Զառաֆյանն էլ բերեց մի ուսումնասիրության օրինակ. «Հետազոտություն էր կատարվում, թե ինչ շահույթ կարող է ունենալ շատ փոքր հանքը, Քարաբերդ հանքավայրի տվյալների հաշվարկներով 2,5 տոննա քանակության ոսկու պաշարները, դեռ հանքը չի շահագործվում, բայց լիցենզիան տրված է, հաշվարկվել է` եթե դու շահագործում ես` ներդրումները, մի քանի տարվա աշխատավարձերը եւ այլն եւ այլն հանած, դրանից հետո 33 միլիոն դոլար մաքուր շահույթ է մնում, որը հիմա գնում է օֆշորային զոնա, ու չգիտենք, թե ինչ է կատարվում: Սա 2,5 տոննա ոսկու դեպքում է, իսկ պատկերացնո՞ւմ եք մեծ հանքերում ինչ կլինի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031