Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. «Եթե Հայաստանը արժանապատվություն ունենար, Ռուսաստանում հայերի հետ այդպես չէին վարվի»

Օգոստոս 09,2013 15:51

Վերջերս Ռուսաստանում ապօրինի ներգաղթյալների նկատմամբ տեղի ունեցած արշավը, ինչի արդյունքում մոտ 3 հազար միգրանտներ ձերբակալվեցին, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Անօրինական ներգաղթյալների նկատմամբ ռուսական օպերացիան մեծամասամբ կապում են քաղաքական երեւույթների հետ: Որոշ քաղաքագետների կարծիքով՝ Ռուսաստանը միշտ էլ կարող է ներգաղթյալներին օգտագործելով ինչ-որ «մեսիջ» ուղարկել այն երկրներին, որոնք փորձում են շեղվել ռուսական ազդեցությունից:

Ապօրինի ներգաղթյալներից պարբերաբար փորձում են մաքրել գրեթե բոլոր զարգացած երկրները, սակայն Ռուսաստանը դա շատ կոպիտ, նվաստացուցիչ մեթոդով է անում, համենայնդեպս՝ այս մասին փաստում են հենց ռուս իրավապաշտպանները, որոնք այդ օպերացիայի մեթոդները բնորոշել են որպես մարդու իրավունքների խախտում:

«Ոչ օրինական ապրողների հարցը ոչ միայն Ռուսաստանում է, այլեւ ամբողջ Եվրոպայում, հատկապես՝ Արեւմտյան Եվրոպայում ժամանակ առ ժամանակ լինում են այսպես ասած՝ «փախստականաորսեր», հսկայական կամպանիաներ են լինում, նրանց հավաքում են եւ տանում հատուկ ճամբարներ, ապա ստուգելուց հետո մեծ մասին հետ են ուղարկում իրենց երկրներ, դեպորտ են անում: Հետաքրքիրն այն է, որ նման բաներ ավելի շատ լինում են զարգացած եւ ֆինանսապես կայուն երկրներում, որովհետեւ միջոցներ ունեն հետ ուղարկելու, իսկ օրինակ՝ ավելի քիչ զարգացած երկրներում, մասնավորապես՝ Իսպանիում այդքան մեծ ուշադրություն չեն դարձնում անլեգալներին, որովհետեւ հնարավորություն չունեն հետ ուղարկելու: Մի քանի տարի առաջ, երբ Ռումինիայից եւ Բուլղարիայից հսկայական քանակությամբ գնչուներ էին գնացել Ֆրանսիա, Սարկոզին նրանց բոլորին բավականին կոպիտ ձեւով հետ ուղարկեց, իհարկե՝ փոխհատուցմամբ, բայց իրավապաշտպանները մեծ աղմուկ բարձրացրին»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց իրավապաշտպան, Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Իրավապաշտպանի խոսքերով՝ կարելի է ենթադրել  այն, ինչ այս օրերին կատարվում է Ռուսաստանում, ինչ քաղաքական ենթատեքստ ունի, բայց, ըստ նրա՝ եթե համեմատենք ռուսական եւ եվրոպական վարվելակերպը միգրանտների հետ, Ռուսաստանում, որպես կանոն, եղել է ավելի կոպիտ մեթոդներով եւ առանց միջազգային նորմերը հաշվի առնելու:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում ապօրինի ներգաղթի օպերացիայի ժամանակ մոտ 3 հազար տարբեր ազգերի ներկայացուցիչներ են ձերբակալվել, որոնց մեծ մասի գտնվելու վայրն անգամ հայտնի չէ, ընդ որում՝ նրանց մեջ կան վիետնամցիներ եւ ԱՊՀ երկրների քաղաքացիներ, այդ թվում՝ նաեւ հայեր:

Այս ընթացքում պետական մակարդակով որեւէ հայտարարություն մեր իշխանությունների կողմից չլսեցինք, թե որքան ապօրինի հայ ներգաղթյալ է ձերբակալվել, ովքեր են եւ որտեղ են գտնվում: Մեր այս դիտարկմանը իրավապաշտպանն ասաց, որ եթե անլեգալների «որս է» սկսվել, առաջին հերթին մեր հայրենակիցներին պաշտպանելու գործով պետք է զբաղվեին Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը եւ հյուպատոսարանները, այն էլ չսպասելով մեր ԱԳՆ հանձնարարությանը: Ինչ վերաբերում է մեր հայրենակիցներին նվաստացնելուն եւ իրավունքների պաշտպանությանը, ապա պարոն Իշխանյանի կարծիքով՝ թույլ երկրները չեն համարձակվում  որեւէ պահանջ դնել նման հարցերում. «Վիրավորակա՞ն է արդյոք տարբեր պետությունների ազգերի համար, իհարկե՝ վիրավորական է: Ինչո՞ւ չեն բողոքում, դա միայն Հայաստանին չի վերաբերում, ինչո՞ւ չի բողոքում Վիետնամը, Տաջիկստանը: Թույլ պետություններ են՝ դրա համար, եւ միայն այն հարցը, որ այլ երկրների քաղաքացիները իրենց արժանապատվությունը ոտնահարելով եւ մոռանալով՝ մի կտոր հացի համար ապրում են այլ պետությունում, երկրորդ մարդու կարգավիճակով, արդեն ցույց է տալիս, որ այդ պետությունները այնքան էլ կայացած չեն, իրենց քաղաքացիների մասին չեն մտածում եւ արժանապատվություն չունեն, որպեսզի պաշտպանեն իրենց քաղաքացիներին: Եթե Հայաստանի իշխանություններն ունենային արժանապատվություն, նախ այնպիսի երկիր կստեղծեին, որպեսզի փախստականները գոնե այդ չափերի չլինեին, ու արտագաղթը չշարունակվեր: Այդ դեպքում նրանք իրավունք կունենային բողոքելու, բայց կա մեկ այլ հարց. եթե պետությունը լիներ արժանապատվությամբ ու ուժեղ, նրա քաղաքացիների հետ այդպես չէին վարվի: Թույլ երկիր ասելով ամենեւին կարեւոր չէ երկրի տարածքի մեծությունն ու բնակչության քանակը»:

Իրավապաշտպանի խոսքերով՝ Ռուսաստանն իրոք լծակներ ունի թույլ, արժանապատվություն չունեցող եւ կոռումպացված երկրների վրա, եւ որպես օրինակ՝ իրավապաշտպանը բերեց տարիներ առաջ տեղի ունեցած մի դեպք. «Երբ Տաջիկստանում ձերբակալվեց մի օդանավ, որը թմրանյութի տեղափոխման մեջ էր կասկածվում, եւ Տաջիկստանում դատավարություն պետք է գնար, Ռուսաստանը հետ պահանջեց իր քաղաքացուն, իսկ Տաջիկստանն ուզում էր դատել: Այդ ժամանակ Ռուսաստանը միանգամից տաջիկ էմիգրանտներին սկսեց հետ ուղարկել, այնտեղ ճգնաժամ էր առաջանալու, ստիպված կատարեցին Ռուսաստանի պահանջը»: Ըստ պարոն Իշխանյանի՝ Ռուսաստանում հայ միգրանտները մեր պետության խոցելի կողմերից մեկն են. «Եթե այսօր Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում, Հայաստանի իշխանություններն ընդհանրապես խոսելու տեղ չունեն: Խոսել, որ իշխանությունները թույլ են, իրենց պատճառով հազարավոր մարդիկ արտագաղթում են Ռուսաստան, եւ մեր հույսը դնել, որ Ռուսաստանը պետք է լավ վարվի մեր քաղաքացիների հետ՝ սա մոլորություն է: Մենք պետք է նախ ամեն ինչ պահանջենք մեր իշխանություններից: Բայց ցանկացած երկրում այլ ազգի հետ վարվում են լավ, երբ իր թիկունքում ունի կայացած պետություն: Որքան էլ մենք խոսենք մարդու իրավունքների մասին, միշտ, ինչպես ասում են՝ հավասարների մեջ կան ավելի հավասարները»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Իսկ դու ինչ ես արել կամ անում, հաաաաաաաաաա խոսում ես, զանգ չես ուզում կախել, խոսել ես ուզւում, դե խոսիր տղա ջան խոսիր….

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031