Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վրացական դասեր» եւ մեսիջներ ուղղված նաեւ Սերժ Սարգսյանի՞ն

Օգոստոս 09,2013 15:43

2008թ․ օգոստոսի ռուս-վրացական հնգօրյա պատերազմի 5-ամյակի նախօրեին նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ ռուս-վրացական հարաբերություններում: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հարցազրույց տվեց վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքին:

Նախ` ինքնին փաստը, որ ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի օրերին ՌԴ վարչապետը հարցազրույց տվեց վրացական հեռուստաալիքին՝ արդեն իսկ ուշագրավ փաստ է: Պակաս հետաքրքական չէին Մեդվեդեւի մեսիջները, որոնք բացի նրանից, որ ուղղված էին Վրաստանի ղեկավարությանը, մասնավորապես՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին եւ վրաց հասարակությանը, դրանք ինչ-որ առումով կարելի է համարել Մոսկվայի կողմից «վրացական դասեր»՝ ուղղված նաեւ Սերժ Սարգսյանին, ով կանգնած է աշնանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու որոշման առջեւ:

Այսպես, Մեդվեդեւը Միխեիլ Սաակաշվիլիին քաղաքական հանցագործ է անվանել, նշելով, որ 90-ականներին խնդիրներ առաջացան՝ երկրի տարածքային ամբողջականության հետ․ «Սակայն ոչ ոք վրացիներին եւ Վրաստանի ղեկավարությանը չէր արգելում միավորել երկիրը: Դա անհրաժեշտ էր անել առանց շտապելու՝ պայմանավորվելով: Ինչ-որ պահի հնարավոր է` շանս կար ստեղծել, եթե ոչ դաշնություն, ապա համադաշնություն եւ միասին ապրել: Սակայն ամեն ինչ բաց թողնվեց, ըստ էության, Սաակաշվիլին բզկտեց իր պետությունը»:

ՌԴ վարչապետն այնուհետեւ հայտարարել է, որ Եվրասիական միությունը Խորհրդային Միությունը վերակենդանացնելու ձգտում չէ: Ըստ Մեդվեդեւի՝ Եվրասիական միությունը հարեւանների ինտեգրում է՝ առեւտրի ու ներդրումների ոլորտում, ինչը կարող է շահագրգռել նաեւ Վրաստանին: Որպես օրինակ նա բերել է ՌԴ-ի, Ղազախստանի ու Բելառուսի ինտեգրման օրինակները, ապա հավելել է, որ Իվանիշվիլիից ակնկալում է՝ «պրագմատիկ գործողություններ», եւ որ Իվանիշվիլիին բաժին է ընկել ծանր ժառանգություն․ «Իվանիշվիլիի հետ հանդիպել եմ Դավոսում եւ կարճ զրույց ունեցել: Նա ինձ վրա թողեց պրագմատիկ մարդու տպավորություն, ով հասկանում է ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու կարեւորությունը: Քաղաքական գործիչները պետք է լինեն պրագմատիկներ, պետք է որոշումներ ընդունեն իրավիճակին համապատասխան եւ թույլ չտան ճակատագրական սխալներ, փորձեն բոլոր հարցերը լուծեն օրենսդրական դաշտում՝ հաշվի առնելով միջազգային իրավունքը եւ ոչ թե ճնշումների կամ օվկիանոսից այն կողմ հեղինակություններին բողոքելու ճանապարհով»:

Ապա` ՌԴ վարչապետը հստակ ներկայացրել է Մոսկվայի դիրքորոշումը՝ գրեթե սպառնալով․ «ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը Վրաստանին զարգացման ոչ մի առավելություն չի կարող տալ, սակայն Ռուսաստանի հետ լարվածության աղբյուր կստեղծի»: Նրա խոսքերով, հնարավոր լարվածության շարժառիթ կարող է դառնալ ոչ թե 2008թ․ Կովկասում տեղի ունեցածը: «Դուք դառնալու եք հզոր ռազմաքաղաքական դաշինքի անդամ, որն այդ առումով հանդիսանում է, այսպես կոչված, որոշակի իրավիճակների առաջացման դեպքում Ռուսաստանի հնարավոր հակառակորդը»,-ասել է Մեդվեդեւը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ի միջուկային հրթիռներն ուղղված են Ռուսաստանի դեմ:

Մեդվեդեւի հայտարարությունները նախ վկայում են Հարավային Կովկասից՝ Ռուսաստանը չհեռանալու հարցում Մոսկվայից գործադրվող վերջին ճիգերի մասին, Կրեմլը վերջին շրջանում անթաքույց է ցույց է տալիս, որ պայքարում  է Հարավային Կովկասի համար: Մոսկվան առիթը բաց չի թողնում, որպեսզի հիշեցնի իր մասին, իր շահերի մասին, մյուս կողմից էլ Եվրասիական միությունը մասին հիշատակում է նույնիսկ՝ ի լուր Վրաստանի իշխանությունների: Երեկ Թուրքական ԶԼՄ-ները հայտնում էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանելու օգոստոսի 13-ին:

Այս իրավիճակում Հայաստանը, կարծես, կանգնում է Կրեմլի առջեւ դեմ առ դեմ: Մի կողմից Մեդվեդեւը Վրաստանին բաց հայտարարում է, թե ինչ է սպասվում, եթե անդամակցեն ՆԱՏՕ-ին, մյուս կողմից Եվրասիական ինտեգրացիոն հրավեր է անում, ապա հիշեցնում «հանցագործ» Սաակաշվիլիի օրինակն ու Կրեմլի ընկալմամբ՝ «վրացական դասերը»․․․

Կրեմլի մեսիջները հստակ ուղղված են նաեւ պաշտոնական Երեւանին՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման նախաշեմին: Թե ինչպե՞ս կկարողանան դիմակայել Ռուսաստանի ճնշումներին Հայաստանի իշխանությունները՝ դժվար է կանխատեսել, բայց որ պարտավոր են դա անել՝ սա եւս միանշանակ է:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031