Վերաքննիչ դատարանում քննվում է ՀԱԿ ակտիվիստների գործը:
Տիգրան Առաքելյանը միջնորդություն էր ներկայացրել որպես վկա դատարան հրավիրել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որը լրագրողների հետ զրույցում հակասական տեղեկություններ էր տվել: Դատարանը առայժմ հետաձգեց այդ միջնորդության բավարարումը՝ ասելով, որ նախ պետք է ուսումնասիրեն Ալիկ Սարգսյանի դատարան ներկայացված զրույցի տեքստը:
Տիգրան Առաքելյանը միջնորդության մեջ նաեւ նշել է, որ կա Ալիկ Սարգսյանի խոսքերի տեսագրությունը՝ առավել մանրամասն եւ այն բերել է դատարան, որ ուսումնասիրվի: Սակայն տեսագրությունը դիտելու մասով միջնորդությունը չբավարարեցին: Դատարանը գտավ, որ որեւէ տարբերություն չի մատնանշվում թղթային եղանակով տեքստի եւ տեսագրության միջեւ:
Դատարանի այս որոշումը բորբոքեց Տիգրան Առաքելյանին: Նա ոտքի կանգնեց եւ բղավեց, որ թող իրեն նորից տանեն կալանավայր: Տիգրանի խոսքերով՝ ոչ մի դատարան հաշվի չի առել այդ տեսագրությունը եւ իր խոսքերը, այս դատարանը եւս արհամարհում է իրեն եւ չի ուզում ուսումնասիրել իր ներկայացրած փաստերը:
Կարդացեք նաև
Դատավոր Եվա Դարբինյանը Տիգրան Առաքելյանին հորդորեց ամեն անգամ չվախեցնել իրենց կալանավայր գնալով. «Որոշում ընդունել՝ չի նշանակում արհամարհել ձեզ»:
Դատարանը սկսեց կարգի հրավիրել Տիգրան Առաքելյանին՝ ասելով, որ անտեղի եւ արհեստական լարվածություն է ստեղծում դատարանում: Տիգրանը բորբոքված էր: Նա շարունակ պնդում էր, որ ինքը շատ է համբերել, եթե հիմա չուսումնասիրվեն մանրամասն փաստերը, էլ ե՞րբ պիտի ուսումնասիրվի, երբ ինքը 6 տարի՞ էլ նստի. «Ես շատ եմ համբերել, ես շատ համբերատար եմ, բայց հիմար չեմ: Եթե ուզում ենք իրական հանգամանքները ճշտել, ես համբերատար սպասել եմ այս օրվան, եթե չենք ուզում…ասենք»:
Ըստ Տիգրան Առաքելյանի, լրագրողները ծաղկաքաղ են անում նյութերում, իսկ տեսանյութում կա ամբողջ տեղեկատվությունը: Դատավորը հարցրեց՝ «Ալիկ Սարգսյանը դեպքի վայրում եղե՞լ է», Տիգրան Առաքելյանը պատասխանեց. «Բա դրա համար ուզում եմ գա ասի՝ ի՞նչ գործ ունի խառնվի, եթե չի եղել»:
Ի վերջո, դատարանը համաձայնեց ներկայացված տեսագրությունը ուսումնասիրել այս կերպ: Դատարանը խնդրեց պաշտպանական կողմին, որ տեսագրությունը սղագրեն եւ այդ տեսքով ներկայացնեն դատարան, կցեն գործին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ