Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերը ցանկացած խնդրի լավագույն լուծումն է». Արտակն ու Ալինան երջանիկ են

Օգոստոս 09,2013 14:32

 

«Ե՞րբ ես ամուսնանալու, շուտով 30-դ կլրանա», – այս արտահայտությունը ծանոթ է շատերին, իսկ Արտակը դա լսում էր առավոտից մինչ երեկո: Բայց ինչպես ասում են՝ սերը գալիս է հենց այն ժամանակ, երբ իրեն չես էլ սպասում:

Արտակը Մոսկվայից մի քանի օրով էր եկել Հայաստան՝ ընկերներին ու հարազատներին տեսնելու, բայց ոչինչ պատահական չի լինում, և հենց այդ այցն էլ կարծես ճակատագրական եղավ նրա համար. «Ընկերոջս աշխատանքի առաջարկ էին արել, ինձ խնդրեց միասին գնանք օֆիս ու մանրամասներն իմանանք, – պատմում է նա, – այնտեղ էլ հանդիպեցինք աշխատակիցներից Ալինային, ով ներկայացրեց աշխատանքն ու այն, թե ինչ պետք է անի այնտեղ ընկերս»: Ընկերոջը դուր եկավ աշխատանքը, Արտակին էլ՝ Ալինան: Սեր առաջին հայացքի՞ց, թե՞ ճակատագրի որոշում՝ պարզ չէ, բայց փաստն այն է, որ երկու օր անց Արտակը նորից պետք է  մեկներ Մոսկվա: «Հաջորդ օրը ընկերոջս հետ միասին աշխատանքի գնացի, բայց այս անգամ հենց Ալինային տեսնելու համար», – ասում է նա:

Այդ օրվանից էլ սկսվեց մի սիրո պատմություն: Թեև երկու օր էր, ինչ երջանկությունն այցելել էր, բայց արդեն առաջացավ առաջին խոչընդոտը՝ հեռավորությունը. «Ես շտապ պետք է մեկնեի Մոսկվա, բայց Ալինային էլ այստեղ թողնել չէի կարող», – ասում է Արտակը: Երկար-բարակ մտածելու ժամանակ չկար, սերն էլ ցանկացած խնդրի լավագույն լուծումն է, և այդ օրն էլ այն հաղթեց: «Մոսկվայում էին ծնողներս, ընկերներս, բայց ոչ ոք չգիտեր Ալինայի մասին, և երբ ասացի, որ ևս մի քանի օր մնալու եմ Հայաստանում շատ զարմացան, ես էլ բոլոր գաղտնիքիները բացահայտեցի ու մինչ կհասնեի Մոսկվա, բոլորն արդեն հետաքրքրվել ու իմացել էին, որ արդեն սիրելի ունեմ», – պատմում է Արտակը: Եվս երեք օր միասին անցկացրեցին. հանդիպումներ, ներկայացումներ, ժամանցի վայրեր ու նորից մի խոչընդոտ՝ վիճեցին,  Ալինան հեռացավ: Այս խոչընդոտը սակայն ոչ թե Արտակի սերը հարթեց, այլ Ալինայի: Ինչպես որոշված էր՝ երեք օր անց Արտակը մեկնեց Մոսկվա. գրեթե մեկ ամիս ոչ մի լուր Ալինայից, ոչ մի զանգ ու նամակ: Բայց հետո պատահեց այն, ինչ պետք է պատահեր: «Հաղորդագրություն եմ ստանում, որտեղ գրված է ժամը, վայրը ու վերջում՝ Ալինա, բնականաբար չեմ հավատում՝ կարծելով, թե որևէ մեկը որոշել է կատակել, բայց այնուամենայնիվ գնացի նշված վայրը՝ համոզվելու համար կատակե՞լ են արդյոք, ու այնտեղ տեսա Ալինային, – պատմում է Արտակը, – աչքերիս չէի հավատում, չգիտեի՝ ի՞նչ ասեի, ապշած կանգնել էի, իսկ նա ժպտում էր»:

Մի քանի օր անց Ալինան վերադարձավ Հայաստան, մեկ ամիս անց էլ Արտակը եկավ և զույգն ամուսնացավ: «Սերը քեզ հետապնդում է, որքան էլ փախչես նրանից, միևնույն է՝  կգտնի քեզ», – հավատացնում է Արտակը:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031