ՀՀ Վերաքննիչ դատարանում քննվում է ՀԱԿ ակտիվիստների գործը:
Վկայություն տվեցին Հայկ Գեւորգյանը, Անի Գեւորգյանը, «Հայկական ժամանակի» լրագրող Վահագն Հովակիմյանը: Նա պատմեց, որ խմբագրությունում աշխատելիս է եղել, երբ իր ծանոթներից մեկը զանգել է եւ ասել, որ ՀԱԿ ակտիվիստներին տարել են ոստիկանության բաժին:
Ուշագրավ է, որ Հայկ Գեւորգյանին եւ Վահագն Հովակիմյանին ոչ մի հարց չուղղեց մեղադրող դատախազը: Նրանց միայն ճշտող հարցեր տվեց ակտիվիստների պաշտպան Մուշեղ Շուշանյանը:
Պաշտպանը միջնորդություն ներկայացրեց: Նա ասաց, որ «Գործի քննության ժամանակ ցուցմունքներ են հնչել դատարանում, որ տուժող Շահեն Հարությունյանը իր հեռախոսով միջադեպը նկարահանել է: Շահեն Հարությունյանն ասաց, որ չի հիշում՝ որքան ժամանակ է տեւել նկարահանումը, բայց որոշ ժամանակ նկարել է, հետո իր ձեռքին հարվածել են, հեռախոսն ընկել կորել է»: Շահեն Հարությունյանի ասածի իսկությունը ստուգելու նպատակով նա առաջակեց «Ղ-Տելեկոմի» միջոցով ճշտել, թե ինչ հեռախոսի մեջ է եղել իր նշած հեռախոսահամարը, ում անվամբ է գրանցված եղել այդ հեռախոսաքարտը, վերականգնվե՞լ է այն, եթե այո, ապա ե՞րբ:
Կարդացեք նաև
Մեղադրող դատախազը միջնորդության առնչությամբ որեւէ առարկություն չուներ, եւ դատարանը որոշեց բավարարել այն:
Մուշեղ Շուշանյանը ներկայացրեց եւս մեկ միջնորդություն:
Վկա Հրանտ Միրիջանյանը հայտնել է, որ իրեն ստիպողաբար տարել են ցուցմունք տալու մի քանի գործերով, երբ այդ գործերից որեւէ մեկի համար վկա չէր կարող լինել, ականատես վկա չի եղել, բայց ոստիկանները իրեն տարել են, ինքն էլ ստիպված տվել է ցուցմունք: «Չորրորդ իշխանություն» թերթին տված հարցազրույցում այդ վկան խոստովանել է, որ ՀԱԿ ակտիվիստների գործով եւս ինքը տվել է ակնհայտ սուտ տեղեկություններ:
Մուշեղ Շուշանյանը առաջարկեց, որ Հրանտ Միրիջանյանը մեկ անգամ եւս հարցաքննվի: Սակայն դատախազն առարկեց՝ ասելով, որ հիմք չկա դա ներկայացնելու՝ որպես նոր հանգամանք:
Սարգիս Գեւորգյանի դիտարկմամբ՝ «Մեր նպատակն այն չի, որ քրեական հետապնդման արժանանա Հրանտ Միրիջանյանը՝ սուտ վկայություն տալու համար: Մեր խնդիրն այն է, որ դատարանին պարզ դառնա, թե ինչ միջոցներով են ոստիկանները ցուցմունք ստացել»:
Դատավորը այս միջնորդության մասին որոշումը որոշեց հետաձգել՝ ասելով, որ պետք է ուսումնասիրեն «ՉԻ» հրապարակումը եւ Հրանտ Միրիջանյանի ցուցմունքը եւ եթե էական հակասություն կա դրանց մեջ, որոշում կայացնել բավարարելու այն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ