Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանի գործը երկրորդ պտույտն է գործում վերաքննիչ դատարանում

Օգոստոս 09,2013 13:57

ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի 28.07.2011թ.  թիվ 15-րդ նիստի թիվ 15/11 որոշումն անվավեր ճանաչելու պահանջով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան է դիմել քրեական գործերով հայտնի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:

Նրա  հայցը Փաստաբանների պալատի խորհրդի դեմ երկու անգամ լսվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների, ՀՀ քաղաքացիական վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանում: Վճռաբեկը բեկանել էր, ուղարկել էր նորից ընդհանուր իրավասության դատարան:

Փաստաբանի դեմ մինչ կարգապահական վարույթ հարուցելու պատմությանը բազմիցս անդրադարձել է «Առավոտը»:

Փաստաբան Կ.Գրիգորյանը հետագայում ստացել էր տույժ՝ նկատողություն, ինչը, նրա կարծիքով, անհիմն է:

Ինչպես տեղեկացրել ենք, թատերական աշխարհի ներկայացուցիչ Գարեգին Շահվերդյանը դատական գործ ուներ Արմավիրի մարզի դատարանում: ՀՀ վարչական դատարանի 12.10.2010թ. վճռով լուծված վարչական գործով վեճի աոարկան նույն անշարժ գույքն էր: Հակառակ կողմի՝ Վաղարշակ Մանուկյանի  ներկայացուցիչը փաստաբան Կրոմվել Գրիգորյանն էր, ով 1997թ. դատական տեսուչ լինելու ժամանակ այդ գույքը ներկայացրել էր աճուրդի:

Ըստ Փաստաբանների պալատի խորհրդի եզրակացաության՝ «Փաստաբան Կ. Գրիգորյանը 1997թ. լինելով դատական տեսուչ՝ հանդիսացել է պաշտոնատար անձ և կատարողական գործողություններ իրականացնելիս իրավասու է եղել ընդունելու կատարողական վարույթի կողմերի շահերից բխող որոշումներր»:

Փաստաբանն առարկելով նման եզրահանգմանը, հայտնել էր, որ անհիմն է որոշման հետևությունն այն մասին, թե «Դատական կատարածուները, դատական տեսուչները իրենց իրավասության շրջանակներում հանդես են եկել Հայաստանի Հանրապետության անունից և ի կատարումն դատական ակտի` նրանց կողմից կայացված որոշումները, պահանջները կրել են համապարտադիր բնույթ: Որովհետև դատական կատարածուները, դատական տեսուչներն իրենց իրավասության շրջանակներում իրավունք չեն ունեցել հանդես գալու Հայաստանի Հանրապետության անունից և ի կատարումն դատական ակտի՝ նրանք իրավունք չեն ունեցել որոշում կայացնելու և նրանց կողմից երբևիցե ի կատարումն դատական ակտի որոշում չի կայացվել, ուստի ինչպես կարող են չկայացված որոշումները, պահանջները համապարտադիր բնույթ կրեին»:

Ըստ բողոքաբեր փաստաբանի, դատական տեսուչ Կրոմվել Գրիգորյանը 1997թ. հարուցված Էջմիածնի շրջանի ժողովրդական դատարանի 25. 06.1997թ. թիվ 2-273 քաղաքացիական գործին և տվյալ գործը չհանդիսացող 2010թ. հարուցված վարչական վիճարկվող գործին չի մասնակցել որպես դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննության մարմնի աշխատող, փորձագետ, տուժող կամ վկա, ինչպես նաև չի հանդիսացել պաշտոնատար անձ, և դատական տեսուչի իրավասության մեջ չի մտել կատարողական վարույթով պահանջատիրոջ կամ պարտապանի շահերից բխող որոշման ընդունումը:

Փաստաբանների պալատի խորհրդի անդամները, բողոքաբերի կարծիքով, ճիշտ չեն ընկալել իրավահարաբերությունների ժամանակ գործող՝ 04. 06.1964թ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների պահանջները և նշանակությունը, որովհետև նշված հոդվածներով 1997թ. դատական տեսուչ Կրոմվել Գրիգորյանին դիմող Գարեգին Շահվերդյանի շահերից բխող որոշում ընդունելու լիազորություններ չեն վերապահվել:

Հայտնել է, որ դատական տեսուչն իրավասու չի եղել դիմողի շահերից բխող որոշում ընդունելու:

Հայցվորն առարկել է պատասխանողի ներկայացուցիչների կողմից հայցադիմումի պատասխանում նշված հանգամանքի դեմ և հայտնել էր, որ նյութերում առկա չէ որևէ փաստաթուղթ, որը կհաստատի, որ ինքը 1997թ. հանդիսանալով դատական տեսուչ, Գարեգին Շահվերդյանին պատկանող տունը վերցրել է արգելանքի տակ:

Փաստաբանը դատական բոլոր ատյաններում նշել էր, որ ոչ թե դատական կատարածուի որոշումներն են պարտադիր եղել կատարման ԽՍՀՄ ամբողջ տարածքում, այլ, համաձայն նախկին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 352 հոդվածի, դատական վճիռների կատարման վերաբերյալ դատական կատարածուի պահանջները, ինչպես նաև Պալատի խորհուրդը հայցվորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս չի պահպանել սահմանված վաղեմության ժամկետները, որովհետև համաձայն Գարեգին Շահվերդյանի դիմումների՝ հայցվորի մասնակցության մասին ինքը դեռևս իմացել է 2000թ. ապրիլին, հետևաբար, ենթադրյալ խախտումը հայտնաբերվել է ոչ թե 26.05.2011թ., այլ 2000թ. ապրիլին, ինչը հիմնավորվում է կարգապահական վարույթի նյութերով:

Փաստաբանների պալատի ներկայացուցիչներ Արա Զոհրաբյանն ու Մ. Կարապետյանը հայտնել էին, որ Պալատն ընդունում է հայցվորի վկայակոչած այն փաստերը, ըստ որոնց՝ Պալատի խորհրդի  որոշմամբ հայցվորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, վարչական գործով վեճի առարկան նույն անշարժ գույքն է եղել: Վաղեմության ժամկետի հետ կապված պալատն առարկել է իր գործընկերոջը:

Նրանք նշել էին, որ Կրոմվել Գրիգորյանը 1997թ. հանդիսացել է դատական տեսուչ և իրականացրել է կատարողական գործողություններ, Գարեգին Շահվերդյանին պատկանող Էջմիածնի շրջանի Մերձավան գյուղի Այգեգործների փ. թիվ 2 տունը, այսուհետ վիճելի տուն, վերցրել է արգելանքի տակ, եւ որ  07.04.2010թ. հայցվորը սկսել է ներկայացնել դիմողի և վեճի առարկա վիճելի տան մասնակցությամբ վարչական գործով դատական ներկայացուցչություն ներկայացնելով տվյալ գործով երրորդ անձ Վաղարշակ Մանուկյանի շահերը: Վարչական գործով վճիռը կայացվել է 12.10.2010թ.-ին:

26.05. 2011թ. Գարեգին Շահվերդյանը դիմել է Պալատ՝ փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով, իսկ Պալատի խորհրդի 01.06.2011թ. թիվ 11/9 որոշմամբ հայցվորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Փաստաբանների պալատի ներկայացուցիչներն անդրադառնալով Կրոմվել Գրիգորյանի հայցադիմումին, որում հայտարարել էր, թե 1997թ. լինելով դատական տեսուչ, պաշտոնատար անձ չի հանդիսացել, իրավասու չի եղել ընդունելու կատարողական վարույթի կողմերի շահերից բխող որոշումներ, նշել էին, որ Կրոմվել Գրիգորյանը հանդիսացել է դատական կատարածու՝ դատական տեսուչ, ինչը  անվիճելի է, քանի որ այդ փաստն ընդունել է նաև հայցվորը:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 «Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031