Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ մազերդ չի սպիտակում, քեզ լուրջ չեն ընկալում»

Օգոստոս 09,2013 13:42

Երեւանյան 11 պետական թատրոններում՝ ի տարբերություն նախորդ տարիների, անցած թատերաշրջանում քիչ էին պրեմիերաները: Սունդուկյան, Խամաճիկներ, «Մետրո», «Գոյ» եւ «Մհեր Մկրտչյան» թատրոններում ընդհանրապես չկայացան առաջնախաղեր: Կամերային երաժշտական, Համազգային, Ռուսական, Կինոդերասանի, Պարոնյան թատրոններում տեղի ունեցան մեկական, Դրամատիկական, Պատանի հանդիսատեսի, Տիկնիկային թատրոններում էլ՝ 2-ական ներկայացումների առաջնախաղեր: Արդյոք սա խոսո՞ւմ է այն մասին, որ մեր խաղացանկային թատրոններում ժամանակակից ռեժիսուրան ճգնաժամի մեջ է եւ չի առաջադրում նոր գաղափարներ:

«Առավոտը» երիտասարդ բեմադրիչ Դավիթ Հարությունյանից փորձեց ստանալ այս հարցի պատասխանը, քանի որ վերջին շրջանում  մշտապես շեփորվում է, թե երիտասարդ արվեստագետները գտնվում են ուշադրության կենտրոնում:

Մեր զրուցակիցը փաստեց, որ ՄԱԿ-ի դասակարգմամբ՝ երիտասարդ են համարվում 15-24 տարեկանները, իսկ Հայաստանում, չգիտես ինչու՝ մինչեւ 35 տարեկաններին են դասում նրանց թվում: Ժպտալով էլ նշեց, որ նույնիսկ հայաստանյան չափանիշներով, ինքը հաջորդ տարի դուրս կգա այդ տարիքից, հետո էլ հավելեց. «Ինձ հունից հանում է, որ մեզ մոտ  մինչեւ մազերդ չի սպիտակում, քեզ մի տեսակ լուրջ չեն ընկալում, մինչդեռ, իհարկե, կան սպիտակ մազերով արվեստագետներ, որոնց բեռնատարներով անհրաժեշտ է փոխադրել Գրողների միություն՝ հանգիստը վայելելու (ծիծաղում է-Ս.Դ.)… Փաստորեն, ոչ միայն բանակում կա «դեդովշչինա», այլեւ հայաստանյան մշակույթում»: Խաղացանկային թատրոնների մասին մեր զրուցակիցը այս կարծիքի է. «Դրանք դարձել են թանգարանային թատրոններ… Մեզանում խաղացանկ ասվածը ի սկզբանե՝ դեռեւս խորհրդային տարիներից, ճիշտ չի ընկալվում: Ո՞վ է տեսել, ասենք, նույնիսկ հանճարեղ սիմֆոնիան՝ հանճարեղ կատարմամբ, ամեն շաբաթ  կամ թեկուզ ամիսը մեկ ինչ-որ կոլեկտիվ ներկայացնի թեկուզ բարձրակարգ կատարմամբ: Կամ՝ նույնն է, թե դարձյալ հանճարեղ ֆիլմը TV-ներով հաճախակի «պտտացնեն»: Իհարկե, խաղացանկայինը պետք է, եւ դա է ճիշտը, բայց թատրոնը՝ ի դեմս գեղարվեստական ղեկավարի ու գլխավոր ռեժիսորի, չպետք է ղեկավարվի միապետական «ռեժիմով»: Այդ դեպքում թատրոնը կլճանա ու կդոփի նույն տեղում: «Միապետ» էլ կդառնա փոքրիկ «սպրուտ»՝ իր կղզիացած թագավորությունում: Նման աշխատաոճը կամ  գործելաոճը վաղուց կարծրացել է, այն դեմոկրատ չէ, ավելին, դա թատրոնում տիրող տոտալիտար ռեժիմ է՝ դրանից բխող հետեւանքներով»:

Դավիթ Հարությունյանը չի հասկանում, երբ մշակութային  օջախների ղեկավարներն ամեն ինչ կապում են ֆինանսի սղության հետ. «Չեմ ճանաչում մի գեղարվեստական ղեկավարի կամ ռեժիսորի, որ գոհ լինի նոր բեմադրության  համար հատկացված բյուջեից: Կարծում եմ, որ խաղաշրջանի ընթացքում գոնե 2 նոր ներկայացում պետք է խաղալ, մինչդեռ մեզանում մեկը մի կերպ են իրականացնում: Բոլորիս էլ հասկանալի է, որ նրանք առաջին հերթին իրենց բարեկեցությունն են ապահովում, այլ ոչ թե թատրոնի բարգավաճումը: Թատրոնը ռադիոբեմադրություն չէ, եւ հաճախ վարագույրը բացվելիս ականատես ենք լինում «հակահիգիենիկ» վիճակի (նկատի ունի դեկորների, զգեստների մաշվածությունն ու աղքատությունը- Ս. Դ.)»:

Մեր զրուցակիցը հոգնել է նաեւ «թատերական» քաղաքավարության սին ձեւերից.« Պրեմիերաներից հետո  թատերագետները կուլիսներում «բանավոր» քանդում-ավերում են ներկայացումը, մինչդեռ հենց նույն ներկայացման ավարտից հետո բեմադրիչին ու դերասաններին շնորհավորում են՝ շռայլելով բարձր գնահատականներ: Հայաստանյան թատերական աշխարհը զուրկ է օբյեկտիվ վերլուծությունից: Սա հիմնականում բացատրվում է այն հանգամանքով, որ մեր թատերագետների մեծ մասը ենթակա անձ է, այլ ոչ ազատ միտք արտահայտող արվեստագետ: Էլ չեմ խոսում այն մասին, որ թատերագետների մի ստվար մաս, չունենալով մասնագիտական կրթություն, ներկայանում են մասնագետներ եւ ներկայացումը վերլուծելու փոխարեն՝ պատմում դրա բովանդակությունը»:

Հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանի առաջին բեմադրությունը  2006թ. Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքն»  էր, որին հաջորդել են նույն թատրոնում Վարդգես Պետրոսյանի, Աննա Պետրոսյանի, Րաֆֆու գործերի հիման վրա արված բեմադրություններ, ապա մի քանի ներկայացումներ Պարոնյանում, «Մետրո», Տիկնիկային թատրոններում:

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ  

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031