Սեպտեմբերի 23-ին, Nirvana-ի 1993-ի «In Utero» ձայնասկավառակի թողարկվելու 20-ամյակի կապակցությամբ, կվերաթողարկվի ալբոմի` ռեմասթերինգի ենթարկված տարբերակը, որում տեղ կգտնեն նաեւ սինգլների B-կողմեր, նախկինում լույս չտեսած դեմո և համերգային ձայնագրություններ:
Խմբի երրորդ և վերջին ստուդիական ձայնասկավառակի հոբելյանական տարբերակում ընդգրկված կլինի 70 կատարում՝ այդ թվում նախկինում երաժշտասերների համար անհայտ ու չթողարկված ձայնագրություններ: Համերգային ձայնագրություններում ներկայացված է խմբի վերջին շրջագայող կազմը, որում հանդես էին գալիս Կուրտ Քոբեյնը, Քիրստ Նովոսելիչը, Դեյվ Գրոլը եւ Փատ Սմիրը: Այն նաև կներառի Nirvana-ի Live And Loud ելույթը, որը խումբը նվագել էր Սիեթլ քաղաքի թիվ 48 պիրսում՝ 1993-ի դեկտեմբերի 13-ին, «In Utero» շրջագայության շրջանակներում: Համերգը, որի ընթացքում Nirvana-ից բացի, ելույթ էին ունեցել նաեւ Cypress Hill և The Breeders խմբերը, տեսագրվել էր MTV-ի կողմից: Այդ համերգի՝ Nirvana-ի ելույթի տեսագրության թողարկումը՝ որպես առանձին DVD, նույնպես նախատեսված է սեպտեմբերի 23-ին:
«In Utero»-ն, որը խմբի՝ 1991-ին լույս տեսած եւ չափազանց հաջողակ «Nevermind»-ին հաջորդող սկավառակն էր, ձայնագրվել էր ընդամենը երկու շաբաթների ընթացքում Մինեսոտա նահանգի Քենոն Ֆոլզ քաղաքի Pachyderm ստուդիայում՝ պրոդյուսեր Սթիվ Ալբինիի հետ միասին: Խումբը նպատակ ուներ հասնելու ավելի «հում» հնչողության՝ ի տարբերություն նախորդ, ավելի «կոկիկ» հնչող ալբոմի:
Մինչ այդ, անցած շաբաթ հայտնի դարձավ, որ ամերիկյան Sub Pop լեյբլի (որի հետ Nirvana-ն թողարկել էր իր առաջին «Bleach» ձայնասկավառակը) անձնակազմը նկարահանվել էր որպես Nirvana, այն բանից հետո, երբ անտեղյակ երկրպագուն նամակ էր ուղարկել, որում խնդրում էր, որպեսզի Կուրտ Քոբեյնն ու խմբի մյուս անդամները վիդեո-ուղերձ տեսագրեին Վիրջինիա նահանգի համալսարանային ֆուտբոլի թիմերից մեկի համար:
Կարդացեք նաև
Աղջիկը, որի անունը չի նշվում, ներկայացել էր որպես Վիրջինիայի Պոլիտեխնիկական ինստիտուտի ֆուտբոլային թիմի թալիսման, եւ Sub Pop-ին հասցեագրված նամակում խնդրում էր, որպեսզի Nirvana-ն կարճ տեսահոլովակ նկարահանի, որում կասի. «Ինչ կա-չկա՞, Վիրջինիայի Պոլիտեխնիկ: Սա Nirvana-ն է: Ուղղակի ցանկանում ենք ձեզ ուրախ Տունդարձի շաբաթ ցանկանալ և հաջողություն մաղթել շաբաթ օրվա խաղին: Առա՜ջ, հոգիներ»: Չցանկանալով հիասթափեցնել նամակի հեղինակին՝ Sub Pop-ի անձնակազմի 4 անդամ պահանջված բովանդակությամբ տեսոլովակ նկարահանեցին եւ ուղարկեցին երկրպագուին:
Հայկական ռոք ասոցիացիա
«Առավոտ» օրաթերթ