Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշատակի խոսք՝ ընկերոջն ու արվեստագետին

Օգոստոս 09,2013 13:30

Ես ո՞ւր գնամ, որ քեզ գտնեմ

Սիրելի Ազատ,

Այնքան կուզեի, որ հրաշքով լսեիր ինձ հիմա – ա՛յս աշխարհում, ոչ թե այն, որին չեմ հավատում: Լսեիր այն, ինչը երբեք չեմ ասել քեզ: Իհարկե՝ հիմա էլ չեմ ասի ամեն ինչ: Դո՛ւ լսեիր, այլ ոչ միայն քեզ ճանապարհող մարդիկ, որոնք անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք են ունեցել քո հանդեպ, այսօր շփոթվել են ու չեն հասկանում, թե դու այդ ո՞ւր ելար գնացիր, ինչո՞ւ գնացիր մի տեղ, որը ոչ մի կապ չուներ քեզ հետ:

Շա՛տ եմ շփոթվել, Ազատ: Դարձյալ շփոթությամբ, բայց, որքա՛ն հաճելի, սկսվեց մեր ընկերությունը: Է՛, ե՞րբ էր, կես դար առա՞ջ … երբ ուսանող էինք: Զեյթունի մեր հանրակացարանի 3-րդ հարկի աղջիկների մոտ նստած թեյ էի խմում: Հանկարծ դուռը բացվեց, փոթորկի նման մտար, սեղանից վերցրիր իմ թեյի բաժակը և դուռը շրխկացնելով՝ դուրս ելար: Մի քանի վայրկյան հետո լսվեց շքամուտքում 3-րդ հարկից ցած գցված փշրվող բաժակի ձայնը: Պարզվեց, որ այդ աղջիկներից մեկի հանդեպ քո սիրո ձևերից մեկն էիր արտահայտում: Իսկ ես, կիսասփյուռքահայ, իբր տղամարդ խաղալով, դուրս եկա, որ պարզեմ, թե ինչ էր դա: Դու անուշ հարբած էիր. քեզ հատուկ ոճով ու լեզվով ներկայացար և խոստացար մի ուրիշ առիթով ինձ հանդիպել: Ես մնացել էի շփոթ, երբեք կյանքում չէի հանդիպել նման վիպական կերպարի: Ցայսօր չեմ հանդիպել ու չեմ հանդիպի: Ի՛նչ բարեբախտություն էր այդ թեյը իմ կյանքում և այդ առաջին շրխկոցը, Ազատ:

Այդպես մենք դարձանք երկու ընկեր՝ «հարդագողի ճամփորդներ» և ես անվերջ փնտրելու եմ քեզ:

Ու որքան էլ փնտրեմ քեզ մեր չքնաղ անցած օրերի հուշերում, քո թողած անկրկնելի արվեստում՝ ֆիլմերում, ասմունքում, տեսագրված, ձայնագրված, տպագրված վկայություններում, ես քեզ չեմ գտնելու այնտեղ ամբողջությամբ, ու շարունակելու եմ փնտրել քեզ:  Որքան էլ շատ լինի այն, ինչ գտնելու եմ, էլի շարունակելու եմ փնտրել քեզ: Այս առավոտ արթնացա քո ձայնից, Հայաստանի ռադիոյից Չարենց էիր արտասանում: Ես լսեցի երկվությունը մի քանքարի: Չարենցին ու քեզ, քեզ ու Չարենցին, և այդ վիթխարիությունը անտրոհելի էր, ո՞ւր էիր դու, ո՞րն էիր դու: Դու ամբողջովին մտել-սողոսկել էիր չարենցյան տողերի մեջ, նրա բառն էիր, նրա ոգին էիր, նրա շունչը: Դու այդպես էիր ամենուր, տրվում էիր անմնացորդ, մինչև վերջ: Ի՛նչ հրաշալի է, որ դու այդպես մտնում ու հետդ տանում էիր մեզ այն ոլորտները, որտեղ մաքուր-մաքուր էինք մեզ զգում, որտեղ հպարտ էինք մեզ զգում:  Դու այդ ե՞րբ էիր այն ամենը սովորում, որը հետո տալիս էիր, բաժանում, շպրտում, մատուցում, պարտադրում էիր մեզ: Ու մեր ճանապարհը լցվում էր գեղջկական անպաճույճ երգի քո հրաշքով, մեր ընթրիքը համեմվում էր մի թևավոր խոսքի քո հմայքով, մեր վեճերը, առճակատումները տանում-հասցնում էին մեզ քեզ սիրելի «դյութական հանգրվանները»: Դու մի անգամ ևս փոթորկի նման շրխկոցով փակեցիր մեր առջև դուռը – քո հոգու, ոգու, խոսքի, երգի, իմաստնության, բարության, խենթության դուռը և դուրս ելար: Ես ո՞ւր գնամ, որ քեզ գտնեմ:

Ի՞նչ անեմ իմ այս շփոթմունքը, Ազատ:

Քեզ հար փնտրող՝ Պերճ կամ Պերճո, ինչպես դու կասեիր … նաև Անահիտ և ողջ Թյուրաբյան գերդաստան…:

ՊԵՐՃ ԹՅՈՒՐԱԲՅԱՆ

Ի՛նչ ցավոտ կորուստ է… Առաջին անգամ վատ ես խաղում

Ազատ ջան, ինչքա՛ն էիր սիրում արտիստ անվանումը, բառը, կոչումը, որ ամենից շատ քեզ էր սազում… Գոնե 10 օր սպասեիր և ծննդյանդ օրը լսեիր մեր սիրո, հարգանքի, քո բնածին տաղանդի մասին գնահատանքի խոսքեր, որ Չարենցի թանգարանը վաղուց էր սպասում այդ օրվան. լրանում էր 70-ամյակդ,  չնայած ՝ ՄԱՐԴ- ԱՐՏԻՍՏ, դու տարիք երբեք չես ունեցել, դու մեկ 7 տարեկան էիր, մեկ 17, մեկ 37… Հավերժ մանուկ էիր, հավերժ երիտասարդ, միշտ իմաստուն այր…

Աստված իմ, ի՛նչ ցավ է , մտերիմ, տաղանդավոր մարդու կորուստը…

Սիրո, բարության ի՛նչ անսպառ պաշարներ կար քո մեջ: Հող ու երկրի, հայ մարդու, մեր ընդհանուր ընկերների բախտով հրճվող ու տառապող էիր: Արտաքուստ ամենաուրախ մարդն էիր թվում, բայց ներքուստ տխուր լինելու անթիվ պատճառներ ունեիր … Բայց երբեք չչարացար, Սարոյանական զարմից էիր սերված կարծես, մանկան հայացքով էիր նայում աշխարհին ու մարդուն, քո՛ սեփական աստղադիտակից, հիանում ու զարմանում ու թախծում էիր քո սիրած կերպարի՝ Վեսլի Ջեկսոնի նման, որ երազանքդ էր եղել բեմում մարմնավորել … Վերջերս մեր տեսակցություններն ու հեռախոսազրույցները ես ավարտում էի Վեսլիի խոսքերով.- Ապրի՛ր, Ազատ ջան, քանի դեռ չի ընդհատվել շնչառությունը քո, մտիր պարտեզ, շնչիր վարդի բուրմունքը… Ավա՛ղ, քաղցկեղը բռնեց կոկորդդ ու ընդհատվեց շունչդ …

Միևնույն է, դու ապրելու ես, շարունակվելու ես մեր մեջ, քանի  որ քո բնածին դերասանական տաղանդը հայ թատրոնի, կինոյի պատմության մեջ արձանագրեց փայլուն դերակատարումներ, դու մեր կողքին եղար Չարենցի ոգու տարերքի կրողը, ինչ- որ չափով Չարենցն էլ որբացավ, ընկերներդ որբացան, հանդիսատեսդ որբացավ, դու զրկեցիր մեզ հրաշալի ընտանիքի հոր, պապիկի, փայլուն հայերենով պատմողի, ուղն ու ծուծով մտավորականի, կատակողի, իմաստուն սեղանակցի շենացնող ներկայությունից…

Ի՛նչ ցավոտ կորուստ է… Առաջին անգամ վատ ես խաղում…

 

Սիլվա ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

 «Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031