Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը չվերցրեց Տիգրան Առաքելյանի ծաղիկները, հորդորեց դրանք նվիրել վկային

Օգոստոս 09,2013 12:47

Այս պահին ՀՀ Վերաքննիչ դատարանում ընթանում է ՀԱԿ ակտիվիստների դատավարությունը:

Դատարանի մուտքի մոտ ՀԱԿ համախոհներն են հավաքվել, իսկ դատարանի նիստերի դահլիճը լեփ-լեցուն է: Տիգրան Առաքելյանը նախորդ նիստի ընթացքում ափսոսանք էր հայտնել, որ չգիտեր՝ դատավորը հայ մայր է, այլապես ծաղիկներով կգար: Այսօր նա ծաղկեփունջ էր բերել դատավորի համար:

Սակայն դատավորը խնդրեց, որ ծաղիկները նվիրի Անի Գեւորգյանին՝ ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանի քրոջը, որը վկայություն էր տալիս դատարանում: Տիգրան Առաքելյանն այդպես էլ արեց:

Ոստիկանները ցուցմունք էին տվել, թե դեպքի վայրում է եղել նաեւ Անի Գեւորգյանը,որը տեսանկարահանել է ողջ կատարվածը: Սակայն վերջինս այսօր հերքեց դա՝ ասելով, որ ինքը երբեւէ տեսանկարահանում չի արել, նա լուսանկարիչ է. «2011-ի օգոստոսի 9-ին գրեթե ողջ օրվա ընթացքում գտնվել եմ «Հայկական ժամանակի» խմբագրությունում, որտեղ ողջ օրվա ընթացքում զանգեր եմ արել, նյութ եմ գրել»:

Անի Գեւորգյանը պատմեց, թե ինչպես է իմացել լուրը, որ եղբայրը եւ իր ընկերները դաժան ծեծի են ենթարկվել ոստիկանների կողմից՝ Կարապի լճի հարեւանությամբ: Խմբագրությունում զանգել են, պատասխանել է լրագրող Վահագն Հովակիմյանը, նրան պատմել են կատարվածը:

Երբ հարց տալու իրավունքը տվեցին Տիգրան Առաքելյանին, վերջինս նախ հետաքրքրվեց՝ «Անի ջան, ո՞նց ես»: Տիգրան Առաքելյանը նաեւ հետաքրքրվեց, թե ոստիկանության բաժում երբ իրեն տեսել է Անին, հիշո՞ւմ է, իր ձեռքին ձեռնաշղթաներ կայի՞ն, թե՞ ոչ: Անի Գեւորգյանն ասաց, որ չի հիշում, բայց լուսանկարները պահպանվել են: Տիգրան Առաքելյանը խնդրեց դատավորին, որ այդ լուսանկարները ներկայացնեն դատարան:

Մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը հետաքրքրվեց, թե ինչպես են Տիգրան Առաքելյանին տարել ոստիկանության բաժին, ինչին ականատես էր եղել նա: Անի Գեւորգյանը վստահեցրեց, որ նրան բաժին են մտցրել բռնի ուժով:

Անի Գեւորգյանի խոսքերով՝ «Ես զարմանում եմ, թե ինչպես է առաջին ատյանի դատարանի դատավորը իր վճռի մեջ մտցրել իմ անունը: Եթե ոստիկանները ցուցմունք տային, որ Անի Գեւորգյանն այդ դեպքի օրը գտնվել է լուսնի վրա, վստահ եմ, դատավորը դա էլ կընդուներ որպես փաստ եւ կներգրավեր իր վճռում»:

PrevPhoto
NextPhoto

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031