«Սիրիական իշխանությունները նախաձեռնությունն իրենց ձեռքն են վերցրել, սկսած մայիս ամսից: Ապա սկսվեց Հալեպի օպերացիան, ինչի հետ կապված սիրիական զորքերը հստակ ժամկետ նշեցին, ասելով, թե մինչ աշուն ամեն ինչ կավարտվի»,- Այսօր «Հայացք» ակումբում ասաց արեւելագետ, Սիրիայի հարցերով փորձագետ Սուրեն Մանուկյանը:
Խոսելով Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումների մասին` Մանուկյանը նշեց, որ այժմ սիրիական իշխանություններն են թելադրում պատերազմի զարգացումները, այսինքն, թե որ քաղաքում կլինի հաջորդ բախումները: Բացի այդ` սիրիական իշխանության կողմից հայտարարվեց, որ սիրիական զորքերում կռվում են նաեւ այլ զորքեր:
«Այս ամռանը հստակ ընդգծվեց, որ ընդդիմությունը տարանջատվեց երկու թեւի: Դա մի կողմից սիրիական ազատ բանակն է, մյուս կողմից` իսլամականները: Ցցուն ընդգծվեց նաեւ քրդական գործոնի աճը: Սիրիայում մինչեւ վերջին շրջանը նրանք չեզոքություն էին պահպանում»,- ասաց Մանուկյանը: Իսկ ընդհանուր առմամբ`խառը իրավիճակ է, պատերազմն ավարտված չէ:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ