Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՄՈՒՏԻԼՈՎԿԵՔ

Օգոստոս 09,2013 12:20

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ տասնչորսերորդ

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՄՈՒՏԻԼՈՎԿԵՔ

Եվ Սերոբը Ջավախյանին ասաց՝ «Ջոնն առանց Նոբելյանի էլ ա քեզ իրա ընկերը համարում», եւ Ջոնը թարս նայեց Սերոբին ու հարցրեց՝ «ի՞նչ կերար, որ իմացար», եւ Սերոբը ժպտալով  պատասխանեց ու ասաց՝ «խաշ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որ իրան ընկեր չհամարեիր, էդքանից հետո խաշի չէիր հրավիրի», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ չպիտի հրավիրեր», եւ Սերոբը Ջավախյանին ասաց՝ «դու ինձնից լավ գիտես՝ ինչի չպիտի հրավիրեր» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «համենայն դեպս, ես որ Ջոնի տեղն ըլնեի, չէի հրավիրի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով Սերոբին ասաց՝ «դու ո՞նց կարաս Ջոնի տեղն ըլնես, ադա», եւ Սերոբն արհամարհական նայեց Ջավախյանին ու ասաց՝ «մեկ էլ քո՛ տեղը չեմ կարա ըլնեմ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իմ տեղը կարող ա ըլնես, բայց Ջոնի տեղը հաստատ չես կարա»,  եւ Սերոբը մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «էս կյանքում ամեն մարդ իրա տեղն ա զբաղացնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելի լրջանալով ավելացրեց՝ «ես չեմ էլ ուզում Ջոնի տեղն ըլնեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «իմ տեղն ինձ լրիվ ձեռ ա տալի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով Ջավախյանին ասաց՝ «ոչ էլ քո տեղը կուզեի ըլնեի», եւ Հայկունին ժպտալով Սերոբին հարցրեց՝ «այսինքն, Նոբելյանից էլ ե՞ս հրաժարվում», եւ Սերոբը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «մինչեւ հիմի մենակ Տոլստոյն էր Նոբելից հրաժարվել», եւ Արիկը ժպտալով ավելացրեց՝ «մեկ էլ՝ Պաստեռնակը», եւ Ջավախյանն ասաց՝ «Պաստեռնակին զաստավիտ են արել, որ հարժարվի, բայց Տոլստոյը լրիվ իրա կամքով ա հրաժարվել», եւ Հայկունին ժպտալով ասաց՝ «Սերոբն էլ ա, փաստորեն, իրա կամքով հրաժարվում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սերոբը նախ պիտի գրի, հետո նոր Նոբելից  հրաժարվի», եւ Հայկունին հարցրեց՝ «ի՞նչ պիտի գրի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «գրական ինչ-որ զադ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «պատմվածք կամ թեկուզ ոտանավոր», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «պատմվածքի համար Նոբելյան դժվար թե տան» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Նոբելյանի համար վեպ կամ առնվազն վիպակ պիտի գրած ըլնես», եւ Արիկը ժպտալով Ջավախյանին ասաց՝ «ընենց որ, Նոբելյանից հույսդ կտրի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հնարավոր չի, որ պատմվածքի համար չտան» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ ոտանավորի համար տալիս են, պատմվածքի համար ինչի՞ չպիտի տան», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ էլ ոտանավորի համար են տալիս» եւ մի քիչ էլ մտածեց ու Ջավախյանին հարցրեց՝ «ոտանավորի համար ո՞ւմ են տվել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Ջոնին հարցրեց՝ «էդ տունիյադեցի անումն ի՞նչ էր, ադա», եւ Ջոնը պատասխանեց ու ասաց՝ «Իոսիֆ», եւ Ջավախյանը զարմացած նայեց Ջոնին, մի քիչ մտածեց ու ասաց՝ «Իոսիֆը վայ թե անումն ա», եւ Ջոնը  ժպտալով Ջավախյանին ասաց՝ «դու անումը չէիր հարցնո՞ւմ», եւ Ջավախյանը ժպտալով Ջոնին ասաց՝ «շատ տառակերն ես, հա՜» եւ ժպտալով հարցրեց՝ «էդ Իոսիֆի ազգանունն ի՞նչ էր», եւ Ջոնը պատասխանեց ու ասաց՝ «Բրոդսկի», եւ Ջավախյանը Հայկունուն հարցրեց՝ «բա էդ Բրոդսկուն ո՞նց են ոտանավորի համար Նոբելյան տվել», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրան ոտանավորի համար չեն տվել», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «բա ինչի՞ համար են տվել», եւ Հայկունին պատասխանեց ու ասաց՝ «բանաստեղծության» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «բանաստեղծությունն ու ոտանավորը տարբեր բաներ են, տղա ջան», եւ Օրթախն ասաց՝ «Բրոդսկուն ոչ ոտանավորի համար են Նոբելյան տվել, ոչ էլ՝ բանաստեղծության»,  եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «բա ինչի՞ համար են տվել», եւ Օրթախը պատասխանեց ու ասաց՝ «դիսիդենտության», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բա ինչի՞ մեր Հայրիկյանին դիսիդենտության համար Նոբելյան չեն տալի», եւ Արիկն ասաց՝ «պիտի ինչ-որ բան գրած ըլնի, որ Նոբելյան տան», եւ Ջավախյանն ասաց՝ «ինքը լիքը երգեր ա գրել», եւ Արիկն ասաց՝ «երգերի համար Նոբելյան չեն տալիս», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոտանավորի պես զադեր էլ ա վայ թե գրել», եւ Արիկն ասաց՝ «բայց էդ ոտանավորները Նոբելյանի չեն ձգում», եւ Ջոնն ասաց՝ «ինչ ուզում եք ասեք՝ Բրոդսկին որոշակի մակարդակ ունի», եւ Ջավախյանը հարցրեց՝ «որպես դիսիդե՞նտ», եւ Ջոնն արհամարհական նայեց Ջավախյանին ու ասաց՝ «որպես պոետ», եւ Ջավախյանը փռթկացնելով Ջոնին ասաց՝ «պոեզիա էլ ե՞ս հասկանում, ադա», եւ Ջոնը թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «ինչքան չհասկանամ՝ քեզնից շատ կհասկանամ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ տունիյադեցի ոտանավորնին մի անգամ կարդացել եմ, բայց զադ չեմ հասկացել», եւ Ջոնն արհամարհական նայեց Ջավախյանին ու հարցրեց՝ «էդ տունիյադեցի ոտանավորներն ի՞նչ լեզվով ես կարդացել», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «հայերեն թարգմանությունն եմ կարդացել», եւ Ջոնը զարմացած ինձ հարցրեց՝ «Բրոդսկի հայերեն թարգմանված կա՞», եւ ես ժպտալով ասացի՝ «որ Ջավախյանը կարդացել ա, ուրեմն՝ կա», եւ Ջոնն ինձ հարցրեց՝ «ո՞վ ա թարգմանել», եւ ես ժպտալով ասացի՝ «Ջավախյանին պիտի հարցնես. ինքն ա կարդացել», եւ Ջավախյանը Ջոնին ասաց՝ «Ավագ Եփրեմյան ղափանցի բանաստեղծ կա. ինքն ա թարգմանել», եւ Ջոնն արհամարհական նայեց Ջավախյանին, հետո ինձ հարցրեց՝ «լավ բանաստեղծ ա՞», եւ ես հարցրի՝ «Բրոդսկի՞ն», եւ Ջոնն ասաց՝ «չէ՝ էդ ղափանցին», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Ջավախյանն ասաց՝ «էդ Ավագն էլ ա Բրոդսկու ղայդի բարդ-բարդ զադեր գրում», եւ Հայկունին ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «ասում ես՝ չես հասկացե՞լ», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «ոչ էդ Բրոդսկու գրածն եմ հասկացել, ոչ էլ՝ Ավագինը», եւ Ջոնն արհամարհական նայեց Ջավախյանին, հետո Հայկունուն ասաց՝ «Բրոդսկուն պիտի բնագրով կարդաս», եւ  Հայկունին մի քիչ մտածեց ու Ջավախյանին նայելով ասաց՝ «էս մարդը որ հայերեն թարգմանությունը չի հասկացել, բնագիրը ո՞նց կհասկանա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամեն դեպքում, արդարությունը հաղթանակել ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ մարդուն չաշխատելու համար բանտ են նստացրել, բայց հետո Նոբելյան ա ստացել», եւ Արիկն ասաց՝ «որ արդարություն ըլներ, Հայրիկյանն էլ Նոբելյան կստանար. ինքն ավելի շատ ա բանտ նստել», եւ Ջոնը թարս նայեց Արիկին ու ասաց՝ «էլի մուտիլովկեքդ սկսեցի՞ր», եւ Արիկը հարցրեց՝ «ի՞նչ մուտիլովկեք», եւ Ջոնն արհամարհական նայեց Արիկին ու ասաց՝ «լավ էլ հասկանում ես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հասկանալով ես էդ անհեթեթ համեմատություններն անում», եւ Ջավախյանն ասաց՝ «Հայրիկյանն էլ իրա չափով ա իրա փայն ստացել», եւ Արիկը հարցրեց՝ «Հայրիկյանն ի՞նչ ա ստացել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «քանի տարի դեպուտատ էր», եւ Արիկը Ջավախյանին ասաց՝ «Նոբելյան մրցանակն ու դեպուտատությունը ո՞նց ես իրար հետ համեմատում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «որոշ մարդկանց համար դեպուտատությունն ավելի կարեւոր ա, քան Նոբելյան մրցանակը», եւ Արիկը խորամանկ ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «ո՞ւմ համար ա դեպուտատությունը Նոբելյան մրցանակից ավելի կարեւոր», եւ Ջավախյանը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «Սադոյան Արշակի», եւ Արշակը թարս նայեց Ջավախյանին ու արհամարհական ասաց՝ «որոշ մարդկանց համար էլ Նոբելյան մրցանակը հայրենիքից ա ավելի կարեւոր», եւ Ջավախյանը բավական երկար մտածեց ու ասաց՝ «Նոբելյան մրցանակը կարող ա հայրենիքից ավելի կարեւոր չի, բայց հայրենիքից անկարեւոր էլ չի»  եւ մի քիչ էլ մտածեց  ու փռթկացնելով ավելացրեց՝ «համարյա հայրենիքին հավասար ա», եւ Արիկը փռթկացնելով Ջավախյանին  հարցրեց՝ «ո՞ւմ համար ա Նոբելյանը հայրենիքին հավասար», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «իմ համար», եւ Արիկը փռթկացնելով ասաց՝ «որոշ մարդկանց համար էլ դեպուտատությունն ա հայրենիքին հավասար», եւ Հայկունին ժպտալով Արիկին ասաց՝ «եթե Արշակին նկատի ունես, չարաչար ես սխալվում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Արշակն ուզում ա դեպուտատ դառնա, որպեսզի հայրենիքին օգտակար ըլնի», եւ Արշակը մի քիչ  մտածեց ու ժպտալով Հայկունուն ասաց՝ «դու էլ ես չարաչար սխալվում, Հայկուն ջան», եւ Հայկունին Արշակին զարմացած հարցրեց՝ «ո՞ր հարցում եմ սխալվում, պարոն Սադոյան», եւ Արշակն ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ես որ ուզում եմ դեպուտատ դառնամ, մեկից մեկ դառնում եմ», եւ Արիկը  Հայկունուն հարցրեց՝ «էդքան տարի  Արշակը որ դեպուտատ էր, հայրենիքին ի՞նչ օգուտ տվեց», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «հայհայ էր՝ մազութի գործը բացում էր», եւ Արշակը նորից ասաց՝ «ես որ ուզում եմ դեպուտատ դառնամ, մեկից մեկ դառնում եմ», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ժպտալով Արշակին հարցրեց՝ «այսինքն, էս անգամ չէիր ուզում, դրա համար չդառա՞ր», եւ Արշակը  մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարելի ա ըտենց ասել»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031