Խորհրդային Միության կազմաքանդումից անմիջապես հետո խորհրդային միութենական հանրապետությունները միանգամից անկախություն ստացան: Միութենական որոշ հանրապետություններում միտինգների ու որոշակի շարժումների շնորհիվ տպավորություն ստեղծվեց, թե անկախությունը ձեռք բերվեց բացարձակապես ժողովրդի ցանկության ու կամքի շնորհիվ, մինչդեռ մյուսներն իրենց անկախությունը նվաճեցին առանց որևէ պայքարի ու շարժման` անկախ իրենց կամքից ու ցանկությունից, իսկ որոշների դեպքում` նույնիսկ իրենց ցանկությանն ու կամքին հակառակ:
Մերձբալթյան հանրապետությունները, ինչպեսև ենթադրվում էր, անմիջապես կողմնորոշվեցին դեպի Արևմուտք ու Եվրոպա` Ռուսաստանի հետ իրենց կապերը վերջնականապես խզելով ու կտրելով: Հայաստանը, ի թիվս այլոց, մանավանդ սկզբնական շրջանում նույնպես հակվեց դեպի Արևմուտք ու Եվրոպա` միաժամանակ ընդգրկվելով ԱՊՀ-ի կազմում, և դա ամենևին էլ անհեթեթ ու անտրամաբանական չէր` մանավանդ, եթե հաշվի առնենք Հայաստանի առաջին նախագահի ժողովրդավարական հակումներն ու Ելցինի հանդեպ անձնական ընդգծված համակրանքը:
Եվ նմանապես տրամաբանական էր, որ Հայաստանն ընդգրկվելով ԵԽ-ի ու ԱՊՀ-ի կազմում` ռուսական զորքերը պահեց իր սահմանին: Ահա այդ կերպ դրվեցին հայոց կոմպլեմենտարիզմի հիմքերը:
Անկախացած Հայաստանի առաջին ղեկավարները հիմնականում «Ղարաբաղ» կոմիտեի անդամներն էին և, փաստորեն, լուրջ մասնակցություն էին հանդես բերել Խորհրդային Միության կազմաքանդման գործում, և, ըստ էության, ՀԽՍՀ-ին որպես իրավահաջորդ չճանաչելով` խուսափեցին ստանձնել Խորհրդային Հայաստանի պատասխանատվությունը: Նույնը տեղի ունեցավ Վրաստանում և հետխորհրդային այլ հանրապետություններում` բացառությամբ միջինասիական և մի քանի այլ հանրապետությունների, որտեղ իշխանության եկան ոչ թե այլախոհներն ու անկուսակցականները, այլ ընդհակառակը՝ կոմունիստական նոմենկլատուրայի ներկայացուցիչները:
Կարդացեք նաև
Հայաստանի անկախության հռչակագրում գրված է, որ ՀԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն: Իրավահաջորդի մասին ոչ մի խոսք չկա` ոչ հռչակագրի և ոչ էլ Սահմանադրության մեջ:
Այս հարցերից բավական հեռու լինելով` հարևանցիորեն ինձ թույլ եմ տալիս կարծել, որ եթե Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ու ըստ էության ճանաչվեր Խորհրդային Հայաստանի իրավահաջորդ, հողը ոչ թե ափալ-թափալ կսեփականաշնորհեինք, այլ աստիճանաբար և ավելի խելամտորեն, և նմանապես գործարաններն ափալ-թափալ ու կոպեկներով չէինք սեփականաշնորհի, և Խորհրդային Հայաստանի քաղաքացիների` Խորհրդային Հայաստանի խնայբանկերում փոշիացած ավանդների հարցն առաջին հերթին կբարձրացնեինք ու էդ հարցով ըստ էության կզբաղվեինք, և էդ հարցն «Օրինաց երկրի» հույսին չէինք թողնի:
ԱԺ-ի ընդունած ավանդների փոխհատուցման չափերը ծիծաղելի է փոխհատուցում համարել, էլ չասած, որ էս հարցում էլ, փաստորեն, անտեսվեց ժառանգականության սկզբունքը, և արդեն պարզ է, որ դեռևս ապրողներից քչերին կհաջողվի էդ «փոխհատուցումն» ստանալ:
Թվում է, թե անցած ու գնացած բաներից եմ խոսում, բայց շարունակաբար ու մշտապես Հայաստանի Հանրապետության իրավահաջորդի խնդիրն առաջացել ու առաջանալու է, և եթե ոմանք համարում են, որ Հայաստանը քսաներորդ դարում ընդամենը երկու անգամ է պետություն ու պետականություն ունեցել, մեղմ ասած` սխալվում են, որովհետև Խորհրդային Հայաստանը, իր պետական դրոշով, զինանշանով ու օրհներգով հանդերձ, նաև անկախություն է ունեցել, իհարկե՝ չափազանց չափավոր, ինչպես նաև` անվճար կրթություն, բժշկություն և այլ օրինակելի բարեմասնություններ, և մենք պարտավոր էինք ու հիմա էլ ենք պարտավոր Հայաստանի երրորդ հանրապետությունը երկրորդի իրավահաջորդ ճանաչել, ընդ որում` ոչ թե ձևականորեն, այլ իրավականորեն ու ըստ էության:
Ոսկան ՀԱՐԵՎԱՆՑԻ
Երանի քեզ,հարգելի Ոսկան, ինչպես հայտնի ֆիլմում է ասում՝ ,,…երանի քեզ…ոչ պապ ես սպանել, ոչ տերտեր,,:Ով ում իրավահաջորդն է՝ ի՞նչ կարևոր է:Այսօր այնպիսի գերխնդիրներ ունենք, որոնք սարդոստայնի պես մոլորեցրել են հայ ժողովրդին:Ինձ մեր երկրի անվտանգությունն է հուզում, արտագաղթը, բնապահպանության ահռելի չափերի հասնող չարաշահումներըը, շինծու ընտրությունները, միջակ ուղեղներով իշխանական աթոռներին բազմելու մոլուցքը,աղանդների գոյությունը,ինձ անհանգստացնում է իրավական դաշտի անկատարելիությունը, Տիգրան Առաքելյանի ու նրա նմանների նկատմամբ անարդար դատավարությունները:Շատ են խնդիրները, որոնցով, համոզված եմ, Դուք էլ եք անհանգստացած, բայց ներկա պահին, կներեք, Ձեր անհագստու թյունը հեչ տեղին չէ:
Սպարտակ,իզուր էս կարծում,որ հոդվածագրի բարձրացրած հարցը տեղին չէ:Քաղաքա-իրավական տեսակետից նա իրավացի է:Իրավահաջորդ ճանաչվելու դեպքում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ժառանգելու էր ՀՀ-ի իր բաժնեմասն ու պետության կողմից փոխահտուցվելու էին նրա բանկային խնայողությունները 1:1 հարբերակցությամբ՝ 1991թ.ընթացիկ վալյուտային կուրսով (ԽՍՀՄ 1ռ՝ ԱՄՆ 0,72$ հարաբերակցությամբ):Էլ չեմ խոսում մնացած բոլոր հարցերի մասին,որոնք այդ պարագայում լուծվելու էին ի հօգուտ ՀՀ քաղաքացիների…