«Մուրացկանություն անողները Երեւան են գալիս մարզերից: Իրենք տուն ունեն, բայց գերադասում են այս ձեւով գումար վաստակելը: Մենք նրանց աշխատանք ենք առաջարկում, բայց նրանք հրաժարվում են, որովհետեւ գուցե այս ձեւով ավելի շատ գումար են աշխատում: Սոցիալապես անապահով վիճակը պատճառ չէ, որ մարդը զբաղվի մուրացկանությամբ, կամ գողություն կատարի: Սա մտածելակերպ է, ընտանիքի դաստիարակության արդյունք, եւ ի վերջո չէ, որ ավելի վատ ապրող ընտանիքներ կան, որ մուրացկանություն չեն անում»,- Այսօր «Ֆորում» ակումբում ասաց ՀՀ Ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
Ինչ վերաբերվում է անչափահասների կատարած հանցագործությունների տեսակներին, ապա ըստ Դուրյանի՝ դա հիմնականում գողությունն է եւ մարմնական վնասվածքները:
Քրեակատարողական հիմնարկներից ազատված անչափահասների շրջանում հետագայում աշխատանքի տեղավորվելու հարցում առաջ եկած խնդիրներին անդրադառնալով էլ Դուրյանն ասաց, թե այժմ խնդիր չկա, որ եթե երեխան պատիժ է կրել ուրեմն ուսման կամ աշխատանքի վայրում պետք է խնդիրներ ունենան: Հիմա, ըստ նրա, նախկինի պես չէ, եւ պատիժ կրած անչափահասների անձնագրերում դրոշմ չի դրվում:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ