Այսօր «Ֆորում» ակումբում անչափահասների շրջանում տարվող աշխատանքներին ու անչափահասների հետ կապված հիմնախնդիրներին անդրադարձավ ՀՀ Ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
«Վերջին երկու տարում ակտիվ աշխատանքներ են տարվում անչափահասների շրջանում, իրականացվում են մեծ աշխատանքներ, այնպիսին, որ երբեք չեն եղել. Դրանցից են օրինակ այցեր մանկատներ, ոստիկանները սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, որոնք հաճախում են կենտրոններ, տանում են, օրինակ, Սեւան, ճամբարներ: Այս տարի ներդրվեց «Դպրոցական տեսուչ» ծրագիրը եւ պետք է որպես դրական միտում ներկայացնեմ այն հանգամանքը, որ դպրոցներում եւ դպրոցների տարածքում աշակերտների իրավախախտումների, հանցագործությունների նվազում է եղել: Սա դրական ցուցանիշ է: Յոթ ամիսների արդյունքներով, ունենք հանցագործությունների աճ`13-ով, բայց անձերի նվազում: Այսօր չունենք կրկնահանցագործություն կատարած անչափահաս, հաշվառման մեջ գտնվող անչափահաս»,- նշեց Դուրյանը:
Գնդապետի խոսքով` մուրացկանության խնդիրը ոստիկանության ուշադրության կենտրոնում է եղել բոլոր ժամանակներում ու այսօր կան ընդամենը հինգ անչափահաս, որոնք հաշվառվել են որպես մշտապես մուրացկանությամբ զբաղվողներ: Դրանից բացի`աշխատանքներ են իրականացվում անչափահասներին մուրացկանության ուղարկողներին գտնելու ուղղությամբ եւ արդեն հայտնաբերվել է այդպիսի չորս դեպք:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ